Երեկ գիշերը դեմքի շրջանում եւ գլխին ստացված վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց էր ոստիկանության բաժնից տարվել Օնիկ Կարապետյանը:
Նա ՌԴ քաղաքացի է: Քիչ առաջ նա արդեն տուն էր բերվել, եւ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, թե ինչու էր հայտնվել հիվանդանոցում:
Նա ասաց, որ իր բարեկամի հետ կապված՝ իրեն զանգել, կանչել էին գործարար Սուքիասյան եղբայրների գրասենյակ, որն ավելի հայտնի է «Ալրաղացի օֆիս» անվամբ:
Ըստ Օնիկ Կարապետյանի՝ այնտեղ է եղել Խաչատուր Սուքիասյանի եղբայրը`Ռուբենը (Ռոբերտ) եւ թիկնապահը: Նրանք ասել են Օնիկին, որ իր բարեկամին`մորաքրոջ տղային պարտք է 200 հազար դոլար գումար, իսկ մինչ այդ Օնիկ Կարապետյանին ասել էին, թե նա պարտք է 80 հազար դոլար:
Կարդացեք նաև
Օնիկ Կարապետյանն ասում է, որ իր մոտ եղած թղթերով՝ բարեկամին պարտք չէ: Սակայն ըստ նրա՝ իրեն ասել են, թե կամ կբերես գումարը, կամ ուր ուզում ես գնա՝ տանդ տեղը գիտենք, ոստիկանությունը մերն է, վարչապետը մերն է, մենք քեզ չենք թողնի հանգիստ: Մեր զրուցակիցը պնդեց, որ խոսակցությունը վերածվել է ծեծի:
Մեր հարցին, թե արդյոք նա ճանաչում է Սուքիասյաններին, Օնիկ Կարապետյանը պատասխանեց, թե գիտեր նրանց, բայց ինքը ՝որպես ՌԴ-ում բնակվող բիզնեսմեն գործ չի ունեցել Սուքիասյանների հետ:
Մեր հեռախոսազրույցի ժամանակ նրա զգացողությունը վատացավ: Այս պահին ճշտել ենք, որ նրա ներկայացուցիչն է փաստաբան Վրեժ Խաչիկյանը: Վերջինս այս պահին անհասանելի է:
Պարզաբանման համար դիմեցինք գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանին: «Սուտ է, չկա նման բան, թող դիմի ոստիկանություն»,-ասաց նա:
Դիմել ենք նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն, եւ այնտեղից հայտնեցին, որ նման անուն-ազգանունով բուժառու նրանց մոտ չկա եւ չի դիմել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ