Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի դասերը

Հուլիս 16,2020 10:00

Տավուշի մարզում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես միշտ, տեղիք են տվել երկու ճամբարների տրամագծորեն հակառակ մեկնաբանությունների:

Իշխանական ճամբար. «Ապրիլյան պատերազմի ժամանակ ամեն ինչ վատ էր, ամեն ինչ թալանած էր, մենք պարտություն կրեցինք, բայց հիմա եկան հրեշտակները, երկու տարում ամեն ինչ շտկեցին, եւ այժմ ամեն ինչ անթերի անցավ»:

Ընդդիմության ճամբար. «Փաշինյանն իր խաղաղության կոչերով, վերելակում բանակցելով եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով, մեզ կանգնեցրեց պատերազմի շեմին»:

«Ապրիլյան պատերազմի» մասին շատ եմ գրել՝ նաեւ այն ժամանակվանից հյուսվող առասպելաբանության մասին: Փաստն այն է, որ մարտական գործողությունների ժամանակ, այո, հայտնաբերվել են նաեւ մեր թույլ կողմերը, որոնցից շատերը, ի պատիվ նախորդ եւ ներկա իշխանությունների, մասնավորապես պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի եւ Դավիթ Տոնոյանի, շտկվել են: Եթե այսօր մեր զինվորականներն ասեն, որ վերջին իրադարձություններից դասեր չունեն քաղելու, ուրեմն նրանք բավականաչափ պրոֆեսիոնալ չեն:

Անցնեմ ընդդիմության քննադատությանը: Մեղադրել նախորդ, ներկա կամ ապագա իշխանությանը նրա համար, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի կամ Արցախի վրա, նշանակում է գտնվել զուտ քարոզչական դաշտում: Ադրբեջանը հարձակվել եւ տեսանելի ապագայում հարձակվելու է մեզ վրա՝ անկախ նրանից, թե ինչպիսին է հայկական պետությունների իշխանությունը, ինչպիսին է ռազմական կամ քաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ անգամ անկախ նրանից, թե ինչ են հայտարարում գերտերություններն ու միջազգային կազմակերպությունները: Ադրբեջանի ներկայիս ղեկավարը շատ հստակ ձեւակերպում է, թե ինչու է դա արվում՝ իր երկրի եւ Թուրքիայի նպատակն է վերացնել հայկական պետականությունը:

Վերջապես, պացիֆիզմի, բանակցությունների եւ խաղաղասիրական կոչերի մասին: Ես պացիֆիստ չեմ. եթե հարեւան պետությունը զինված հարձակում է գործում քո երկրի սահմանների ուղղությամբ, դու պարտավոր ես ոչնչացնել հակառակորդի մարդուժը, եւ որքան շատ ոչնչացնես, որքան մեծ վնաս տաս նրա զինտեխնիկային ու ենթակառուցվածքներին, այնքան այդ պետության ղեկավարությունն ավելի երկար կմտածի՝ հաջորդ անգամ նման արկածախնդրության դիմելուց առաջ: Այս առումով մեր բանակի վերջին գործողությունները միանգամայն ադեկվատ են: Սակայն Հայաստանի իշխանությունը պարտավոր է նաեւ շարունակել որոնել խաղաղություն հաստատելու ճանապարհները, օգտագործել ցանկացած դիվանագիտական հնարավորություն զինադադարի ռեժիմին վերդառնալու համար:

Խաղաղության կոչերի մեջ էլ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ես հասկանում եմ, որ մենք պարտադրված էինք պատասխանել ագրեսիային, սգում եմ, որ կորուստներ ենք ունեցել, բայց ամենեւին չեմ հրճվում, որ ստիպված էինք հակառակ կողմում գտնվող մարդկանց կյանքը խլել (որքան էլ շատերն ասեն, որ այդ հրճվանքը տեղին է եւ «ազգային»): Շատ ավելի լավ կլիներ, որ հարեւան երկրի ղեկավարները խոհեմ գտնվեին եւ մարդկանց մահվան չուղարկեին:

…Իլհամ Ալիեւը հազարավոր մարդկանց փողոց է քշել՝ աշխարհին համոզելու համար, որ իր ժողովուրդը պատերազմ է ուզում: Ինձ դա չի համոզում. ոչ մի ժողովուրդ՝ իր ամբողջականության մեջ, պատերազմ չի ուզում: Նման ցնորներով տառապում են միայն առանձին անհատներ: Հիմնականում՝ պետությունների ղեկավարները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    “Пока гром не грянет, поп не перекрестится”.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031