Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքականության «կարմիր գծերը»

Հուլիս 14,2020 10:00

Արդյո՞ք ակտիվ մարտական գործողությունների կամ դրանց սպառնալիքի դեպքում պետք է սառեցնել քաղաքական պայքարը Հայաստանում: Այդ հարցի պատասխանը, հավանաբար, կտան նախեւառաջ քաղաքական ուժերը՝ նրա՛նք պետք է ասեն, թե երբ եւ որ հանգամանքներում են պատրաստ դադարեցնել իրենց գործունեությունը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նրանց առջեւ նման պահանջ դնելը իրատեսական չէ:

Ուրիշ հարց, որ նրանք, ովքեր տվյալ պահին իշխանություն են կամ իշխանության կողմից են, մշտապես հանդես են գալիս նման կոչերով («ինչպե՞ս եք համարձակվում», «սա դավաճանություն է» եւ այլն)՝ մոռանալով, որ երբ իրենք ընդդիմություն էին, միտք անգամ չունեին դադարեցնելու քաղաքական պայքարը: Եթե բոլորը հետեւեին այս կոչին, ապա վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում քաղաքական կյանքը «սառեցված» վիճակում կլիներ, քանի որ այս կամ այն ինտենսիվության մարտական գործողությունները երբեք չեն դադարել:

Մեկ այլ բան ինձ ավելի իրատեսական է թվում. սահմանում իրավիճակի սրման դեպքում այդ իրադարձությունները մեր քաղաքական ուժերը չպիտի օգտագործեն՝ դիվիդենտներ շահելու համար: Ինձ ընդհանրապես թվում է, որ այս հարցերում մենք՝ հայերս, չենք կարող հակասություններ ունենալ եւ հակառակը՝ պիտի հանդես գանք որպես մեկ՝ 10 միլիոնանոց թիմ:

Շնորհալի՞ է օրվա իշխանությունը, թե՞ ապաշնորհ, ազգայի՞ն է, թե՞ ապազգային՝ այդ հարցերի քննարկումը եկեք տեղափոխենք տնտեսության, կրթության, մշակույթի, պետական համակարգի եւ մնացած (անշուշտ, շատ կարեւոր) ոլորտներ: Այստեղ 30 տարվա Հայաստանի բոլոր իշխանությունների, այդ թվում՝ ներկայիս իշխանավորների հասցեին կարելի է բազմաթիվ սուր քննադատական խոսքեր ասել, եւ, հետեւաբար, այդ բոլոր հարթություններում քաղաքական գործունեության լայն դաշտ է բացվում: Բայց երբ խոսք է գնում մեր անվտանգության, արտաքին մարտահրավերների մասին, ռազմական հակառակորդի սպառնալիքներին պատասխանելուն, այստեղ Հայաստանի քաղաքական ուժերը եւ առհասարակ իրենց հայ համարող բոլոր մարդիկ, կարծում եմ, պետք է մշակեն արձագանքելու ընդհանուր կանոնները, որոնցից շեղվելը կընկալվի որպես արտառոց եւ մարգինալ վարք: Ինչ էլ լինի զինված ուժերի գերագույն հրամանատարի անունը, նա այս պարագայում պարզապես Լեւոն, Ռոբերտ, Սերժ կամ Նիկոլ չի, նա պաշտոնավարելու պահին մարմնավորում է այն ինստիտուտը, որը պատասխանատու է պետության անվտանգության համար: Արդյո՞ք իմ այս պնդման հետ համաձայն էին նախորդ տարիների ընդդիմադիրները: Բնականաբար՝ ոչ: Արդյո՞ք այսօրվա ընդդիմադիրները կիսում են իմ այս կարծիքը: Դարձյալ՝ ոչ:

…Ադրբեջանական սադրանքի եւ վարչապետի որդու զորացրվելու փաստերն իրար կապելն, իմ կարծիքով, չի տեղավորվում սովորական քաղաքական քարոզչության շրջանակներում: Առաջարկում եմ երեխաներին ընդհանրապես հանգիստ թողնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Պետական իշխանության պատասխանատու (պաշտոնական) անձանց, կուսակցական կամ հասարակական խմբերի գործունեությունը ներքին կամ արտաքին հարաբերությունների բնագավառում՝ որոշվում է միայն պատասխանատու (պաշտոնական) անձանց, կուսակցության, խմբի շահերով:
    Նորմալ պետությանը այդպիսի գործիչներ/գործիքներ պետք չեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031