Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողեք, որ «Հայրենիք» կուսակցությունը կայանա. դեռ չեկիստական բաների մեջ են». Անդրանիկ Քոչարյան

Հուլիս 13,2020 19:27

Խորհրդարանի հատուկ նիստում այսօր ԲՀԿ-ն ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ, որով նախատեսվում է չեղյալ հայտարարել հավաքների եւ հանրային միջոցառումների արգելքը: Ինչպես հայտարարեց ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը՝ նախագծով առաջարկվում է սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց՝ անձինք հավաքներ անցկացնելիս պարտավոր կլինեն միմյանցից պահպանել 1,5 մետր հեռավորություն եւ կրել դիմակներ։

Աբովյանը հիշեցրեց, որ նախագիծը մշակվել է արտախորհրդարանական «Հայրենիք» կուսակցության եւ  ՀՅԴ-ի հետ միասին:

Արձագանքելով այս հանգամանքին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ ԲՀԿ-ն ՀՅԴ-ի հետ հին կոալիցիոն հարաբերություններ ունի. «Բայց թողեք, որ «Հայրենիք» կուսակցությունը կայանա: Դեռ չեկիստական բաների մեջ են, կայանալու երկար ճանապարհ պետք է անցնեն: «Հայրենիք» կուսակցությանը հանգիստ թողեք, իսկ ճանապարհ անցած կուսակցությունները թող իրենց օրակարգը կառուցեն: Հարցականներ կան: Մի լուսանկար տեսա, որում հետնամասում նստած է «Հայրենիք» կուսակցության ղեկավարը՝ մեր իշխանության ժամանակ պաշտոնավարած Արթուր Վանեցյանը, իսկ առջեւում՝ նախկին համակարգի ղեկավար Դավիթ Շահնազարյանը եւ այդ համակարգի քաղաքական լիդեր հայտարարած Սահակյանը: Տարօրինակ բաներ կան, ուշադիր եղեք»:

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ անդրադառնալով ԲՀԿ-ի եւ նրա կողմնակից ուժերի առաջարկին՝ նկատեց. «Սա ենթադրում է, որ վարակի տարածման տեսանկյունից ամենառիսկայինը համարվող միջոցառումները պետք է արգելված չլինեն: Հիշեցնեմ մի միջոցառում, որի պատճառով մոտ յոթանասուն վարակակիր ունեցանք, ուստի նման հավաքներն այս պահին չեն կարող թույլատրվել: Մենք օր առաջ ուզում ենք սահմանափակումները հանել, բայց այս փուլում նման առաջարկ չենք կարող քննարկել»: Այնուհետեւ ԲՀԿ-ի նախագիծը դրվեց քվեարկության: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ «Իմ քայլը» «դեմ» է քվեարկելու: Ի վերջո, «կողմ» քվեարկեց 21, իսկ «դեմ»՝ 60 պատգամավոր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031