«Քիչ առաջ ՊՆ խոսնակը հաստատեց, որ գնդակոծվում է Տավուշի մարզի Չինարի գյուղը: Փաստորեն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ապտակից դասեր չի քաղել: Դե ինչ, ընտրությունն իրենցն է, իսկ պատասխանը շատ ցավոտ է լինելու»,-ԱԺ հատուկ նիստում այսօր անդրադառնալով ՀՀ սահմանին հակառակորդի ձեռնարկած մարտական գործողություններին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով՝ երեկվա մարտերի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ն ձեռնպահ մնաց հակառակորդի խաղաղ բնակչության բնակավայրերի ուղղությամբ արկեր արձակելուց:
«Կրակն ամբողջությամբ ուղղորդված էր ռազմատեխնիկայի վրա, սակայն, ցավոք, մենք ստիպված ենք լինելու պատասխանել շատ ցավոտ: Առաջնագծում Ադրբեջանը կիրառում է հարվածային անօդաչուներ, կրակ է բացում մեր դիրքերի ուղղությամբ, քիչ առաջ էլ թիրախավորվեց Չինարին: Բարեբախտաբար, Չինարիում զոհեր եւ վիրավորներ չունենք, կա վնասված տանիք: Հետեւաբար, ստիպված ենք լինելու ցավոտ պատասխանել»:
Կարապետյանը հավելեց. «Մենք ունակ ենք Ադրբեջանի տարածքում ցանկացած թիրախ եւ ռազմավարական նշանակության օբյեկտ խոցելու: ՀՀ ղեկավարությունը վայրկյան անգամ չի մտածելու՝ ՀՀ-ի եւ Արցախի սուվերենության համար տալու հրաման՝ ցանկացած թիրախ ոչնչացնելու: Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնում ենք՝ այս արկածախդրությունը ձեզ համար անդառնալի հետեւանքներ է ունենալու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ