«Սա եւս մեկ անգամ ցուցադրում է Ադրբեջանի հետադիմական եւ ռազմատենչ էությունը: Այս համատեքստում երեկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնել՝ պաշտպանելով նրա ագրեսիվ գործողությունները ՀՀ սահմանին»,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանին Ադրբեջանի կողմից երեկվանից գործադրվող սադրանքներին:
«Սա նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես Արցախի հակամարտության կողմ եւ վերահաստատում այն հանգամանքը, որ նա չի կարող որեւէ միջազգային դերակատարում ունենալ հակամարտության առնչությամբ: Ավելին՝ ըստ այսօր թուրքական մամուլում տեղ գտած հարցազրույցի, Թուրքիայի ԱԳ նախարարը ՀՀ-ին կոչ է արել սթափվել: Այդ մենք ենք Թուրքիայի իշխանությանը կոչ անում սթափվել, ապա՝ սթափեցնել Ադրբեջանի իր գործընկերներին: Եթե վերջիններս չսթափվեն եւ չդադարեցնեն ապօրինի գործողությունները ՀՀ սահմանին, ապա նրանց կսթափեցնեն մեր զինված ուժերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ