ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր տարածել եւ մեկնաբանելով կառավարության կազմը փոխելու իր հունիսի 5-ի ելույթը, նշել էր. «Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր»:
Սա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆակտորի» հետ զրույցում մեկնաբանել է այսպես՝ Ծառուկյանը հետքայլ է կատարում․ Փաշինյանին ասում է՝ վարչապետ դառնալ չեմ ուզում, սովորական մտահոգ տղա եմ:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ իսկապես հետքա՞յլ է անում Ծառուկյանը՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես գոնե մի բանում երբեւէ կասկած չեմ ունեցել. Ստյոպա Սաֆարյանի՝ հայերենի իմացության եւ ընկալունակության վրա վստահաբար կասկած չեմ ունեցել: Ինքս նորից վերընթերցեցի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը եւ որեւէ հետնահանջ կամ որեւէ փոփոխություն դիրքորոշման այդ հայտարարության մեջ չկա: Ինչ մենք ասել ենք, այդ բոլոր հայտարարությունները մնում են ուժի մեջ: Քիչ առաջ նաեւ տարածվեց 3 քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիքի» համատեղ հայտարարությունը: Ու կրկնում եմ՝ նախկինում արված հայտարարությունները ստեղծված իրավիճակի, նրանց պատասխանատուների վերաբերյալ մնում են ուժի մեջ, ինչը հստակ արտացոլված է նաեւ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ