Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի «կտերի», կրթության համակարգի ապազգայնացման եւ բումերանգի էֆեկտի մասին

Հուլիս 11,2020 16:22

ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է  Aravot.am-ի  հարցերին:

– Որպես  կրթության  նախկին նախարար, ձեզ բավարարո՞ւմ են Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման  այսօրվա մոտեցումները:

– Բնական է, որ Հանրակրթության պետական չափորոշիչը որոշակի պարբերականությամբ պետք է  վերանայել, որովհետեւ այդ ժամանակահատվածում փոխվում են ե՛ւ հասարակական, ե՛ւ տնտեսական մարտահրավերները: Հետեւաբար բնական եմ համարում, որ 2010 թ. ընդունված չափորոշիչը վերանայելու անհրաժեշտություն կա: Մոտեցումների մեջ, սակայն, կարմիր գծով անցնում է երկու խիստ մտահոգիչ քաղաքականություն: Կարծում եմ, որ  Հայաստանի կրթական համակարգն  իր առաքելությամբ՝ բացի ժամանակակից լինելուց, պետք է լինի ազգային, որովհետեւ կրթությունը ինքնության պահպանման եւ վերարտադրման կարեւորագույն գործիք է, կրթությունը միայն գիտելիքի եւ հմտության փոխանցման համար չէ: Կրթությունը նաեւ դաստիարակություն է, արժեհամակարգի ներմուծում, սերմնավորում: Այդ տեսակետից, ակնհայտ է, որ տվյալ չափորոշչով  Հայաստանի կրթական համակարգի ապազգայնացման ծրագիր է իրականացվում:

Ուսումնական հաստատություններին տրվող որոշակի ազատությունները կարող են դիտարկվել իբրեւ  լավ քաղաքականություն, ստեղծարար կրթական գործընթացը խթանող, սակայն որպես նախարար, պաշտոնավարման  իմ փորձից ասեմ, որ ես էլ լինելով ակադեմիական ազատությունների կողմնակից, համոզվեցի, որ թղթով կարող ես տալ  շատ մեծ ազատություններ, սակայն խնդիրը թղթով տրված ազատությունները չեն, այլ այն, թե որքանով են տվյալ սուբյեկտը կամ սուբյեկտները պատրաստ այդ ազատություններից խելամիտ օգտվել:

Փաստեմ, որ անգամ նախկինում տրված ազատություններն ամբողջությամբ չեն իրացվել կրթական համակարգի տարբեր սուբյեկտների կողմից: Հետեւաբար,  ազատություն՝ առանց պատասխանատվության բանաձեւը հղի է կրթական համակարգում համակարգային քաոսի հետեւանքներով:  Եթե կարճ ձեւակերպեմ՝ կրթական համակարգը պետք է  տա կարեւոր պրոդուկտ, այդ պրոդուկտը  ժամանակակից հայն է, ոչ թե զուտ  ժամանակիցը կամ միայն հայը, այլ ժամանակակից հայը: Այսինքն մրցունակությունից բացի, հայ երիտասարդությունը պետք է ունենա նաեւ  կրթական համակարգով իր մեջ ձեւավորված արժեհամակարգային  ցուցիչների համախումբ: Կրթությունը չի կարող դիտարկվել որպես միայն աշխատուժ արտադրող գործիք:  Կրթական համակարգի՝  չափից ավելի տեխնոկրատական, շուկայական ընկալումը հղի է կրթության համակարգի ապազգայնության խորացմամբ:

– Չնայած ձեր խոսքում  արդեն հնչեցին որոշ մտքեր, այնուամենայնիվ, ուզում եմ անդրադառնալ ձեր ֆեյսբուքյան մի գրառմանը, որտեղ նշել էիք, թե կրթության համակարգի միջոցով կոսմոպոլիտ -անհայրենիքների դիվերսիաների փորձեր են իրականացվում: Կարո՞ղ եք «փակագծեր» բացել:

– Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը մշտապես իր մեջ կրել է ազգայինի դրոշմը: Ազգային արժեքների ինքնության ուղենիշները դրված են եղել կրթական համակարգում ՝ մի շարք առարկաներով: Այդ առարկայախումբը մշտապես հարստացվել է, եւ կոնկրետ իմ պաշտոնավարման տարիներին մասնավորապես տեսանելի եւ կտրուկ ամրացվել էին Հայ եկեղեցու պատմության դասավանդման հետ կապված մեխանիզմները՝  շնորհիվ նաեւ Մայր Աթոռի հետ մշտական հաղորդակցության եւ համատեղ աշխատանքի, ներմուծվել էր նաեւ Ազգային երգուպար առարկան, եւ մի շարք այլ նորարարություններ էին արվել կրթական համակարգում՝ ազգային  ինքնության դիմագիծը ուրվագծելու ուղղությամբ:

Դա մշտապես դուր չի եկել փսեւդո-լիբերալ  ագրեսիվ  կոսմոպոլիտ հանրույթին, որը  բաժանված է եղել ներքին եւ արտաքին դերակատարների: Ներսում այս խնդիրը նյարդայնացնում էր եւ «ոգեշնչում» էր մի շարք գրանտային ծրագրերի հեղինակների, որոնք տարբեր տարեթվերի` 2011, 12, 14 բարձրաձայնում էին, ըստ իրենց՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի անթույլատրելիության մասին, եւ միաժամանակ այս ամենը ակումուլացվում էր դրսի դերակատարներով,  մասնավորապես ԱՄՆ Պետդեպի զեկույցները նախանձելի պարբերականությամբ իրենց մեջ ներառում էին եկեղեցու դիրքի հետ կապված քննադատություն, մասնավորապես կրթական համակարգում: Հիշենք նաեւ, թե ինչպես 2014 թ․ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը մի զեկույցով հանդես եկավ, որտեղ քննադատում էր Հայաստանի կրթական համակարգում Հայ եկեղեցու պատմությունը եւ ՆԶՊ-ն: Ակնհայտ է, որ հիմա փորձում են իրականացնել  տարիներ շարունակ հիվանդ ուղեղներում ժամանակին բեղմնավորած եւ այսօր իշխանական լծակներին տիրապետելու շնորհիվ կյանքի կոչելու հանցավոր ծրագիրը:

– Թեեւ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը հակառակն են պնդում, բայց կա տեսակետ, որը նաեւ դուք եք կիսում, թե հանրակրթության չափորոշչի նոր նախագծով հարված է հասցվում հայագիտական առարկաներին…

-Քանիցս ասել եմ, որ հայ հասարակությանը կփորձեն հրամցնել տեխնոլոգիական բառապաշարով համեմված լոլոներ: Ուզում եմ հարց տալ՝ եթե ոչ մի բան իրոք չի փոխվելու, առարկան ինչո՞ւ են վերացնում, եթե ըստ իրենց՝ ծավալը, ծրագիրն ամբողջությամբ պահպանվելու է, ինչու է վերացվում Հայ եկեղեցու պատմություն առարկան: Իրականում  վերացնում են, որպեսզի հետագայում  հյուծեն  նաեւ այն բովանդակությունը, որը փորձելու են իբր թե ինտեգրել այլ առարկաների մեջ:

Հայ եկեղեցու պատմություն դասավանդելու մասին կա օրենսդրական նորմ՝ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունների մասին օրենք, որի համապատասխան  կետն ամրագրում է առարկայի գոյությունը: Ինձ համար մտահոգիչ է նաեւ Ազգային երգուպար առարկայի լղոզումը, որը հետեւողականորեն ժամանակին ներդրել ենք դպրոցներում՝ ամեն տարի ընդլայնելով դպրոցների ցանկը, որտեղ առարկան դասավանդվում է:

Նախնական ծրագրով, այդ առարկան պետք է դասավանդվեր հինգից յոթերորդ դասարաններում, այն ներդնում էինք հետեւողական, դպրոցական բաղադրիչի ժամերի հաշվին, Ազգային երգուպարը պարտադիր դառնալու ճանապարհին էր: Այսինքն  ինքնության, ազգայինի դեմ արշավը միայն Հայ եկեղեցու պատմության առարկային չի վերաբերում:

Ի դեպ, այն, որ հարձակումները եկեղեցու վրա համակարգային են, եւ կրթության համակարգը հարթակներից մեկն է Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի, վկայում է այն հանգամանքը, որ երեկ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հավասարության նշան դրվեց Հայ առաքելական եկեղեցու եւ Կաթոլիկ ու Ավետարանչական եկեղեցիների միջեւ: Իմ ողջ հարգանքով հայ կաթոլիկների եւ ավետարանչականների թողած մշակութային ժառանգության եւ գործունեության հանդեպ, որոնք, իրոք,շատ դեպքերում անուրանալի են եւ մեր ազգային հարստության մշակույթի կարեւորագույն մաս,  այնուամենայնիվ, իրենց  հորդորում եմ  «չուտել» Նիկոլ Փաշինյանի այս պրիմիտիվ, բայց շատ վտանգավոր «կուտը», որով նոր պառակտության ջրբաժան կարող է քաշվել, այժմ էլ՝ Առաքելական, Կաթոլիկ ու Ավետարանչական եկեղեցիների միջեւ: Հայ ժողովուրդն ունի մեկ ազգային եկեղեցի, դա Հայ առաքելական եկեղեցին է, իսկ մնացյալ հայակենտրոն, հայանպաստ գործունեություն իրականացնող կառույցները կարող են ճիշտ աշխատանքի դեպքում համալրել ազգային ինքնության պատկերը, բայց ոչ երբեք դրվել միեւնույն շարքում:

Չի կարող տասնութերորդ դարում հիմնադրված Կաթոլիկ եկեղեցին կամ տասիններոդ դարում հիմնադրված Ավետարանչական եկեղեցին նույն նժարի վրա լինել Հայ առաքելական եկեղեցու  հետ: Իմ ողջ հարգանքով այդ կրոնական հոսանքներին պատանող իմ հայրենակիցների զգացմունքների եւ այդ եկեղեցիների թողած մշակութային  ժառանգության հանդեպ, այնուհանդերձ, պետք է ընդունել, որ հավասարության նշան լինել չի կարող…

– Իր հարցազրույցում ԿԳՄՍ նախարարը Հայ եկեղեցու  պատմությունն  իբրեւ առանձին առարկա չդիտարկելը հիմնավորում է նաեւ նրանով, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է, ի՞նչ կասեք այս պնդման մասին:

– Դա վկայում է այն մասին, որ իրենց հանցավոր ծրագրերը կյանքի կոչելու համար իրենք ջանք չեն գործադրում գոնե այսպես ասած՝  քիչ թե շատ տրամաբանական փաստարկներ հորինելու համար: Որեւէ առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցում չի նշանակում, որ այդ առարկայով փոխվում է պետության կարգավիճակը կամ  բնութագրիչը: Եթե որոշ դպրոցներում չիներեն որոշեն դասավանդել, դա չի նշանակում, որ մենք Չինաստանի նահանգ ենք դառնալու, կամ եթե լինեն դպրոցներ, որոնք լատիներեն կուզենան դասավանդել, դա չի նշանակում, որ Հռոմեական կայսրության նման ենք դառնում… Այդ տեսակետը թյուրիմացություն է ինքնին, որովհետեւ առարկայով չի որոշվում պետության ինչպիսին լինելը, պետության ինչպիսին լինելը որոշված է Սահմանադրությամբ: Պետությունը  Սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցին ճանաչել է որպես ազգային եկեղեցի: Եվ ազգի հոգեւոր մշակութային ժառանգությունը որտե՞ղ պետք է դասավանդի, ինչպես պետք է հանրահռչակվի, եթե ոչ կրթական համակարգում:

– Ձեր կարծիքով, արդյոք արդարացվա՞ծ է թվային գնահատականների հանելը մինչեւ հինգերորդ դասարանի առաջին կիսամյակ: Դա երեխաների մոտ խրախուսված չլինելու զգացողություն չի՞ առաջացնի:

– Արդեն նշեցի, որ կրթական համակարգը սիրում է նորարարություններ, այդ նորարարությունները կարող են դառնալ համակարգային բնութագրիչ այն դեպքում, երբ ապացուցվել են առանձին վերցրած, հիմնավորված հետազոտություններով, որ նորարարությունը կարող է դառնալ նորմա: Կարելի է հազար ու մի  հեղինակային կրթական ծրագրեր, մեթոդիկաներ մշակել, բայց թե որքանով են այդ նորարարությունները կրթական համակակարգում հավակնելու դառնալ համակարգային, համատարած ու պարտադիր, դա խիստ մասնագիտական գնահատականների, վստահություն  ներշնչող հետազոտությունների խնդիր է:

Այսինքն կրթական համակարգը մի կողմից պետք է մշտապես բաց լինի նորարարությունների համար՝ որպես  նոր գաղափարների գեներացման պարարտ հող, մյուս կողմից՝ իր հիմնական առանցքը պետք է մնա ավանդական, համակարգային: Հնարավոր չէ ունենալ նորարար դպրոցներ ամբողջ Հայաստանով մեկ, որովհետեւ պետությունը մի կողմից պետք է ապահովի զանգվածային կրթության այն նվազագույն ընդունելի որակը՝  հանրակրթական դպրոցներով, մյուս կողմից ստեղծի բաց դաշտ նորարարությունների համար: Այդպիսի զուգակցումը բավականին հաջողված էր մեր ժամանակ: Մենք ունեինք աշխատող պետական կրթական համակարգ, որը թույլ էր տալիս նաեւ հեղինակային դպրոցների եւ ծրագրերի գոյություն՝ Բլեյանի դպրոցում փորձարկվող տարբեր գաղափարներից մինչեւ Արարատյան բակալավրիատ,  միջազգային բակալավրիատի ծրագրից մինչեւ Դիլիջանի դպրոց ու միկրոէլեկտրոնիկայի դասընթացներ ավագ դպրոցներում: Կրթական  համակարգը թույլ էր տալիս իր հիմնական ցողունի վրա պատվաստել նաեւ նորարարություններ: Այդ նորարարությունները կարող են դառնալ հիմնական, թե ոչ, դա չի կարող որոշվել էյֆորիկ, զգացմունքային կամ նորարար թվալու մոլուցքով:

– Ե՛վ նախարար եղած ժամանակ, ե՛ւ պաշտոնը թողնելուց հետո դուք երբեք չեք քննադատել որեւէ կրթության նախարարի, ինչո՞ւ եք հիմա հաճախ քննադատում ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանին:

– Նախարար եղած ժամանակ ժառանգելով նաեւ համակարգային խնդիրները, որոնց ակունքները  հայտնի են եղել, ես երբեք հրապարակավ չեմ փորձել իմ վրայից պատասխանատվությունը գցել եւ մեղավորներ փնտրել  նախկին նախարարների մեջ: Դա սխալ է,  որովհետեւ յուրաքանչյուր կառավարիչ՝ այն էլ կրթության ոլորտում,  մեծ պատասխանատվություն է կրում,  կա կոլեգիալության սկզբունք: Ավելին՝ իմ նախարար եղած տարիներին մենք պարբերաբար հավաքվում էինք նախկին կրթության նախարարների հետ՝ միասին քննարկելու տարբեր կրթական եւ գիտական ռեֆորմներ, տալիս իրավիճակի գնահատականներ, հետադարձ կապ  կար նախկինների հետ՝ լուսահոգի Ղարիբջանյանից  ու Հախումյանից մինչեւ ավելի ժամանակակից նախկին նախարարներ: Եվ էլի չէի քննադատի կրթության ոլորտում կատարվածը, եթե դա լիներ բացառապես կրթական քաղաքականության խնդիր:

Ես չէի բարձրաձայնի խնդիրների մասին, որոնք առկա են բուն մասնագիտական ոլորտում, քանի որ մտածում եմ, որ դրանով հանրային քննադատությամբ կարող եմ խանգարել: Դանակը հասել է ոսկորին՝ մի պարզ պատճառով, որովհետեւ այն, ինչ կատարվում է կրթական համակարգի հետ, այլեւս կրթական քաղաքականություն չէ, այլ ապազգային քաղաքականություն է՝  կրթության ոլորտում: Կրթության ոլորտի ապազգայնացման քաղաքականություն է: Ես չեմ պատրաստվում բանավիճել բնագիտության կամ հումանիտար առարկաների դասաժամերի բաշխվածության, ուսուցիչների վերապատրաստման ծրագերի բովանդակության կամ տնօրենների մրցույթի անցկացման կարգի հետ կապված: Դրանք կարող են ընդունելի լինել կամ չլինել, բայց ճակատագրական լինել չեն կարող: Ես բարձրաձայնում եմ խնդիրների մասին, որովհետեւ խնդիրները դիտարկում եմ ճակատագրական:  Եվ իհարկե ցավով եմ ընդգծում, որ գործող նախարարը պարբերաբար խախտում  է գրված եւ չգրված էթիկայի կանոնները…

-Նկատի ունեք այն, որ թիրախավորվում է ձեր ընտանի՞քը…

-Չեմ ուզում շատ կոպիտ անդրադառնալ, որ այդ ամենը բումերանգով զարկելու է իրենց չափը չճանաչողների, ուրիշների անձնական կյանք, երեխաներ եւ ընտանիքներ իրենց կեղտոտ լեզուները մտցնողների ճակատին:

– Ի վերջո կա՞ որեւէ դրական փոփոխություն, բարեփոխում, որ իրականացվել է այս երկու տարիների ընթացքում, եթե օբյեկտիվորեն դիտարկեք՝ առանց նախկին ու ներկա բաժանումներ անելու:

– Եթե ես ունենայի այն շանսը, որ երկու տարի առաջ ուներ գործող նախարարը, ես կգնայի ոչ թե կրթության եւ գիտության նախարարությունը նոր ոլորտներով սեփական էգոն շոյելու համար մեծացնելու քաղաքականությամբ, այլ ուրիշ կերպ կվարվեի: ԿԳ նախարարությունը մշտապես եղել է հսկա նախարարություն, այն պաշտպանության նախարարությունից հետո եղել է երկրորդ ամենամեծ ոլորտը … Ծանրացնել այդ ոլորտը, այն էլ տվյալ ցածր կառավարչական հմտություններով թիմի դեպքում, պարզապես խայտառակություն էր: Ես կգնայի այլ ճանապարհով՝ կփորձեի անել այն, ինչ ժամանակին ինձ մոտ չստացվեց, այն է՝  Հայաստանում բոլոր դպրոցները լինեն մեկ գերատեսչության ենթակայության տակ: Եթե պետք էր ոլորտի կառավարման ռեֆորմ արվեր, պետք էր մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանից «վերցնել» բոլոր դպրոցները եւ տեղափոխել նախարարության ենթակայության ներքո: Նախարարության բեռը կծանրանար, բայց ոլորտները չէին ավելանա, նախարարությունը կստանձներ ամբողջական պատասխանատվություն:

Այդ քայլը ես հաջողացրի անել ավագ դպրոցների, քոլեջների եւ ուսումնարանների մակարդակով: Հանրակրթական ամբողջ համակարգը չհասցրի վերաենթակայացնել կրթության նախարարությանը:

Այն, ինչ  հիմա տեսնում ենք համակարգում, գոնե համակարգի տեսանելի սուբյեկտների՝ բուհերի մակարդակով, խոսում է այն մասին, որ կառավարման ճգնաժամ է: Օրինակ ԵՊՀ-ում, Տնտեսագիտական համալսարանում ստեղծված վիճակը հենց կառավարման ճգնաժամի արդյունք է… Օրինակները շատ են: Տարրական նվազագույն պահանջները, որոնք բխում են օրենքից, որպեսզի սուբյեկտները շարունակեն կառավարվել  ու կառավարեն իրենք իրենց, չեն արվում ժամանակին:

Վերադառնալով առաջին հարցին՝ ուզում եմ հիշեցնել, որ 2010 թ, երբ մենք ընդունում էինք պետական չափորոշիչը, զուգահեռ մշակվում էր նաեւ կրթության  զարգացման հնգամյա ծրագիրը: Այդ  պրոցեսները սինքրոնիզացված էին: Մենք հասկանում էինք, թե ինչ ենք ուզում, ինչպես ենք պատկերացնում  ամբողջական կրթական համակարգի ապագան, եւ դրա մեջ տեղավորում էինք հանրակրթական չափորոշչի առաքելությունը: Հայաստանն արդեն հինգ տարի չունի Կրթության զարգացման պետական ծրագիր: Վերջինը եղել է իմ պաշտոնավարման օրոք 2011-15 թթ-ի զարգացման ծրագիրը, այն ժամանակ պատրաստ էր նաեւ 2016-20-ը, 20-25-ը… Մի խոսքով, եթե չկա տեսլականը, ընդհանուր կրթական ռազմավարությունը, ապա հասկանալի չէ նաեւ, թե ինչու են առանձին բաղադրիչում  արվում այն կտրուկ փոփոխությունները, որոնց մասին  արդեն նշեցի:

 Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031