Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զոմբիներ» եւ «պողոսներ» չկան

Հուլիս 10,2020 10:00

«Զոմբի» բառը հայաստանյան հասարակական բառապաշար մտավ մոտավորապես 2007 թվականի վերջին, երբ Հայաստանի առաջին նախագահը վերադարձել էր քաղաքականություն եւ իր ծանրակշիռ ներկայությամբ փոխել ուժերի հարաբերակցությունը: Միանգամից ի հայտ եկավ նրա երկրպագուների մի ամբողջ բանակ (մեծ մասամբ՝ երիտասարդների), որն անհուն ատելությամբ էր լցված Երկրորդ, ապա նաեւ՝ Երրորդ նախագահների ու նրանց շրջապատի հանդեպ եւ ոգեւորված էր իշխանափոխության գաղափարով: Նրանց երազանքը կատարվեց 10 տարի անց, եւ շատ բնական է, որ 2018-ի հեղափոխականների կորիզը ձեւավորվել էր հենց Տեր-Պետրոսյանի ծավալած ակտիվության ժամանակ:

«Զոմբին» վերջին տասնամյակների ընթացքում դարձել է զանգվածային մշակույթի կերպար, իսկ ավելի լայն իմաստով, ասելով «զոմբի», սովորաբար հասկանում են մի մարդու, որն իր սեփական ուղեղը չունի եւ ղեկավարվում է ուրիշների հրահանգներով: Երբեմն այդպես են անվանում ապակառուցողական աղանդների անդամներին:

Ես կտրականապես դեմ եմ, որ մարդկանց այս կամ որեւէ այլ խմբին «զոմբի» են անվանում: Այդ տեսակի «էլիտարիզմն» իրականում տանում է դեպի խտրականության դրսեւորումներ. իբր, մենք՝ խելոքներս, ամեն ինչ գիտենք, իսկ ահա «գորշ զանգվածը» կյանքից ոչինչ չի հասկանում եւ ունակ է առաջնորդվել միայն նախապաշարումներով: Այստեղից մի քայլ է մնում մինչեւ ամբողջատիրական լուծումները՝ մենք՝ ընտրյալներս, ձեզ՝ «զոմբիներիդ», «պողոսներիդ», «բիգուդիներով տոլմա փաթաթողներիդ» կղեկավարենք:

«Զոմբի» վիրավորական որակումը սխալ է նաեւ հետեւյալ պատճառով. հիշյալ տասնամյակի ընթացքում (2008-2018 թվականներին եւ, իհարկե՝ նաեւ դրանից առաջ) բոլոր հեռուստաընկերությունները վերահսկվում էին իշխանության կողմից , որոնք անսահմանափակ հնարավորություններ ունեին մարդկանց ուղեղները լվալու՝ իրենց ձեռնտու ուղղությամբ: Բայց մեծամասնությունը մնաց իր համոզմունքին եւ պահպանեց իր ատելությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդեպ, որը մեծ չափով պահպանվում է նաեւ այսօր (եւ դա ներկայիս իշխանության ամրության հիմնական ռեսուրսներից մեկն է): Եթե մարդիկ «զոմբիանում էին» մի ուղղությամբ եւ «չէին զոմբիանում» մեկ այլ ուղղությամբ, ուրեմն, այդ՝ գերիշխող ուղղության համար կային ավելի քան հիմնավոր օբյեկտիվ պատճառներ:

Այո, մարդիկ չեն ուզում լսել կարծիք, որը տարբերվում է իրենց կարծիքից, չեն ուզում «հակառակ» ճամբարում տեսնել պարկեշտ եւ խելացի մարդկանց, շատերը չեն ուզում անցած տասնամյակներում նկատել որեւէ պայծառ կետ: Բայց դա ոչ Հայաստանի եւ ոչ էլ նշված տասնամյակների խնդիրն է: Այդպես է եղել միշտ, դարերի ընթացքում, բոլոր հասարակություններում, որտեղ մեծամասնության կողմից ձեւավորվող հասարակական կարծիքը թեկուզ չնչին նշանակություն ուներ:

Եվ ի՞նչ՝ պետք է մեծամասնությանը պիտակավորե՞լ, վիրավորե՞լ: Անիմաստ զբաղմունք է՝ գուցե երբեմն «էլիտար հաճույքներ» պատճառող: Մարդկանց պետք է կրթել, լուսավորել, համոզել՝ սիրով, հարգանքով եւ համբերությամբ: Ասելն, իհարկե, ավելի հեշտ է, քան անելը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Որպէս «զոմպի ֆիլմերի» (zombie movies) երկարամեայ հանդիսատես, ուրիշ տարօրինակութիւններ ալ կան, երբ որ Հայաստանում վարչակարգի թունդ համակիրները այդ յորջորջումով կը պիտակաւորուին: Արդարեւ, այդ նիւթով բիւրաւոր ֆիլմերում, զոմպիները՝ ոչ-զոմպիները, կ’ուտեն: Իսկ երբ որ չկարողանան լրիւ ուտել, այլ միայն խածնեն, խածուած ոչ-զոմպին անպայման կը դառնայ՝ զոմպի: Չեմ կարողանում յատկապէս այս տուեալները համադրել Հայաստանի այժմու կացութեան հետ…

    Ի դէպ, հազուադէպ են նաեւ այն տարբերակները, ուր զոմպիները ոեւէ մէկի ազդեցութեան տակ լինեն: Դասական զոմպիին իւրայատկութիւնը, ընդհակառակը՝ միս-մինակ լինելն է: Կը պատահի որ խումբով մի տեղ լինեն, սակայն այդ տեղի կ’ունենայ կամայական կերպով, առանց որեւէ խումբի գիտակից ըմբռնողութեան: Թէկուզ տասնեակներով իսկ յարձակին՝ ոչ-զոմպի մը ուտելու համար, այնուհանդերձ ամէն մէկը լրիւ անջատ է միւսներից: Ոչ՝ իրարու հետ որեւէ կապ կամ հաղորդակցութիւն ունեն, ոչ ել՝ որեւէ տիրոջ: Նախնական ֆիլմերում, միշտ այդպէս է: Աւելի նոր թուականների մի քանի, սակաւաթիւ տարբերակներում է որ, երբեմն, կը հանդիպինք կարճատեւ դրուագի մը, ուր խումբ մը զոմպիներ – ոչ բոլորը –, ունին զիրենք ղեկավարող ոչ-զոմպի մը: Չնայած, վերջաւորութեան, ընդհանրապէս կ’ուտեն զինք:

    Կարեւոր է նաեւ ընդգծելը որ շատ մը «զոմպի ֆիլմեր» կան որոնք, պահելով ու յարգելով հանդերձ ժանրի բոլոր զարհուրելի բաղադրիչները, նաեւ կը պարունակեն՝ հումոր:

    Հա, նշենք վերջապէս որ հետաքրքրական գիրք մը կայ, որու վերնագիրն է՝ «Վիճաբանիլ Զոմպիների հետ» (Arguing with Zombies) : Հեղինակին անունը՝ Պողոս է:

  2. Ruben says:

    Ոչ, ինչպե՞ս կարելի է Լևոն Տ-Պետրոսյանի БТР կանանց անձնակազմերին, կամ գլխարկի (baseball cap) ճակատին «դուխով» ու «ես նիկոլ եմ» գրած գլխարկ կրողներին կամ «դուխով ֆիդային» պատվոգիր ստացած «երկրապահներին» անվնել «զոմբի»:
    Ոչ, մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ փոքրամասնությունը պետք է հնազանդվի մեծամասնությանը:

    ОСНОВНЫЕ КОНСТИТУЦИОННЫЕ ПРИНЦИПЫ «СОВЕТСКОЙ ДЕМОКРАТИИ» В УСЛОВИЯХ «ПРОЛЕТАРСКОЙ ДИКТАТУРЫ»

  3. Ruben says:

    «Ո՞վ է տեսել փայտից մաշա
    Կամ բոշայից դառած փաշա»:
    «Սուտ չէ Քյորօղլու ասածը,
    Նրա երգածն ու խոսածը.
    Փալասներում մեծացածը
    Զարդի պատիվն ի՞նչ կիմանա»։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/07/09/1122359/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  4. Լավատես says:

    Երեկ մենք վասալի վասալի վասալն էինք, հեղափոխությունը մի քայլ բարձրացրեց ազգի կարգավիճակը եւ այսօր մենք վասալի վասալն ենք, առաջընթացը զգալի է իհարկե, բայց միեւնույնն է, կարգավիճակը մնում է վասալական, հաջորդ հեղափոխությունները մենք պետք է անենք ազգովին’ ամբողջ ազգով’ սփյուռքը ներառյալ: Հայն ու հայի կարգի ազգերը ի ծնե ի բնե մարդկության ուղենիշն են, որից ե՛ւ հայ ազգը, ե՛ւ այլ ազգերը միայն առաջընթաց են ապրում ու երջանկանում են, իսկ երբ հայը դառնում է այլ ազգերի կամակատար, հայն էլ, այդ այլ ազգերն էլ հետադիմում են ու դժբախտանում: Մեր այսօրվա վասալական վիճակը կարող են փոխել միայն ազգի հանճարն ու ազգի հերոսը, որոնք հոմանիշ հասկացություններ են: Մենք չպետք է սպասենք, որ ուրիշ ազգերը մեզ թելադրեն, ինչն է լավը եւ ինչը’ վատը, մեր հանճար հերոսները մեր ազգային արժեհամակարգն են մշակում ու դաստիարակում ու սովորեցնում ազգին հետեւել այդ արժեհամակարգին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031