Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա լկտիություն, հանցագործություն եւ անշնորհակալ միջավայր է». Ալեն Սիմոնյանի թեժ զրույցը՝ ԱԺ-ում

Հուլիս 09,2020 18:13

Օրերս «Առավոտը» հրապարակել էր ԱԺ աշխատակազմին ուղղված հարցման պատասխանը, ըստ որի, եթե հեղափոխությունից առաջ՝ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում, պատգամավորների ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 33 մլն 77 հազար 880 դրամ, ապա հեղափոխությունից հետո՝ 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է 580 մլն 104 հազար 838 դրամ:  Այս առնչությամբ այսօր ԱԺ միջանցքում խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ թեժ զրույց եղավ, որը ներկայացնում ենք ստորեւ.

-Պարոն Սիմոնյան, մեր աղքատ երկրում 580 մլն դրամ պարգեւավճար ստանալ 1 տարվա ընթացքում շատ չի՞:

– 580 մլն դրա՞մ ասացիք: Հայաստանի Հանրապետությունում լրագրողների համայնքում, եթե կարելի է դա լրագրողական համայնք համարել, շրջանառության մեջ են գտնվում մոտավորապես 700-800 մլն դրամի հասնող ֆինանսական ռեսուրսներ, որոնց ծագումնաբանությունը հայտնի չի: ԱԺ-ն ունի գրեթե 700 աշխատակից: Ես աշխատակից ունեմ, որը ստանում է 90 հազար դրամ: Եվ եթե այն լրագրողը, որը որ ծրարով փող է ստանում, այն խմբագիրը, որը ծրարով փող է ստանում, իրեն թույլ է տալիս քննարկի իմ վարորդը կամ ես 100 հազար դրամ ավել ստացել եմ, թե չեմ ստացել՝ իմ պատասխանը միանշանակ է լինելու, շատ կոպիտ եմ լինելու, սկսելու եմ արդեն անուններ ու կոնկրետ փաստեր հնչեցնել: Այդ մարդիկ թեպետ այսօր այնպես չի, որ ազատ դուրս են գալիս փողոց, ազատ իրենց համար առանց որեւիցե գնահատականի ապրում են, ավելի շատ գնահատականներ կլինեն:

Հանգի՛ստ թողեք այդ թեման: ՀՀ-ում այդ նույն լրագրողները ձեն չէին հանում, երբ ամեն մի պատգամավոր, մոտավորապես, պայմանական ինչ-որ օլիգարխ պետությունից գումար էր գողանում: Պառլամենտական երկիր է, պատգամավորները 2 ամիսը մեկ, 3 ամիսը մեկ կամ ամիսը մեկ պայմանական 100 հազար դրամ գումար են ստանում, գումարեք իրար ու հրապարակեք, ես խոսք եմ տալիս պատիս դնել:

-Պարոն Սիմոնյան, ասենք, նախկինում թալանել են, շատ վատ է եղել, դուք հո նվիրյալնե՞ր եք:

-Այսինքն, ձրի՞ աշխատենք: Աշխատավարձը պիտի համապատասխանի, մարդիկ չեն ուզում գալ:

– Ձրի աշխատե՞լ է, աշխատավարձ եք ստանում: Աշխատավարձից բացի պարգեւավճարն էլ ո՞րն է, այն էլ՝ 580 մլն դրամ:

-580 մի՛ ասա, 100 հազար, 200 դրամ ասա: Մարդիկ չեն ուզում աշխատեն, հարգելի՛ս, դուք ուզում եք երկիրը կառավարեն:

– Չեն ուզում, թող նվիրյալների տեղ չդնեին, չգային Ազգային ժողով ու մանդատը չվերցնեին: Չէ՞ որ երբ ընտրվել են այդ պաշտոնում, իրենց չեն ասել, թե ինչքան պարգեւավճար ես ստանալու:

-Բոլորն էլ գիտեին եւ միշտ եղել է պարգեւավճարների ինստիտուտը: Թարգե՛ք այս թեման, ամո՛թ է: Ամո՛թ է, որպես լրատվամիջոց: Չի՛ կարելի:

– Ես ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ այս աղքատ, ցածր ՀՆԱ-ով երկրում բյուջեն այսպես են բաշխում:

– Լավ, էդ դեմագոգիկ խոսակցությունը մի՛ բերեք: Մարդիկ որ լավ ապրեն, պիտի լավ մարդ կառավարի, մասնագետ պիտի կառավարի: Այդ մասնագետը կեթա նորմալ մասնավոր կազմակերպությունում կաշխատի եւ չի գա պետական կառավարման համակարգ: Հարգելի՛ս, բանկի կառավարիչները, կառավարող կազմը 3-4 մլն դրամ ամսական ուղղակի աշխատավարձ են ստանում, չեն խոսում պարգեւավճարի մասին: Փոստի ղեկավարը 3 մլն դրամ մաքուր աշխատավարձ է ստանում, «Կոկա-կոլաների» տնօրենը…Բա դուք ուզում եք ձեզ ո՞վ կառավարի, ուզում եմ հասկանամ, ո՞վ, մասնագե՞տը:

-Պարոն Սիմոնյան, դուք ընտրվել եք ժողովրդի կողմից՝ իմանալով ձեր աշխատավարձի դրույքաչափը, պարգեւատրումն էլ ո՞րն է, այն էլ՝ այդքան բարձր:

– Հա, իմ ընտրողը վաղը թող չեթա, ինձ չընտրի: Ես ասում եմ՝ պետք է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեն, որ ինքը կարողանա մրցի մասնավորի հետ:

-Շատ լավ, թող բյուջեն դա թույլ տա՝ բարձրացրեք:

-Բյուջեն թույլ է տալիս: Երբ որ մենք հավելյալ բյուջեին գումարներ ենք բերում՝ դրա մասին ոչ մեկը չի խոսում…Պետական հիմնարկի աշխատողը պիտի լավ աշխատավարձ ստանա, գնացեք սաղ գումարեք իրար, 580 մլն դրամը մի հատ էլ դոլարի վերածեք, թազա վերնագիր դրեք: Բայց մի հատ էլ կգնաք էն մնացած խմբագիրների ծրարով ստացած փողերը կգումարեք:

-Ես չգիտեմ ում փողն եք դուք հաշվում, չգիտեմ, որովհետեւ դրա հետ չեմ առնչվում:

-Ես գիտեմ, որ դուք դրա հետ չեք առնչվում, եթե առնչվեիք, ձեր երեսին կասեի: Թարգե՛ք էդ թեման, ամո՛թ է: Խի՞ չեք գրում, որ այդ պարգեւավճարները տանում ենք, ալկոգել ենք առնում մեր ջեբից, մեր փողից, բաժանում ենք քաղաքացիներին: Խի՞ չեք գրում, որ վերջին իմ պարգեւավճարը տարել եմ զորամասին բաներ եմ բաժանել, ինչի՞ դրա մասին ոչ մեկը չի գրում, ձեռնտու չի, հա՞….

Հարգելիս, պաշտոնյան պետք է նորմալ աշխատավարձ ստանա, կարող է հրաժարվեմ, չմասնակցեմ ընտրությունների, գնամ իմ գիտելիքները տամ «Կոկա-կոլա» քոմփընիին: Պայմանական եմ ասում, գնամ այնտեղ խոսնակ, տնօրեն աշխատեմ, 3 մլն աշխատավարձ ստանամ: Նվիրյալնե՜ր: Այո՛, բոլորս էլ նվիրյալներ ենք, որ դիմանում ենք այս ամեն ինչին: Դիմանում ենք այս ստին, կեղծիքին, մեր անձնական կյանքի մեջ մտնելուն, լկտիությանը, բռնությանը: Բա նվիրյալներ ենք, որ այդ ամեն ինչը անում ենք:

-Այո, պաշտոնը իր հետ նաեւ խնդիրներ է բերում, որոնց նկատմամբ պետք է հանդուրժող լինեք:

-Ոչ, էդ խնդիր չի: Խնդիրը նախորդ իշխանությանն էր: Սա լկտիություն, հանցագործություն եւ անշնորհակալ միջավայր է, որը նաեւ լրագրողների կողմից է ստեղծվում:

– Դուք քարոզչություն եք արել, կանգնել եք քաղաքացիների դիմաց, ասել եք՝ սա եմ անելու, սա եմ անելու, ձեզ մանդատ են տվել, ասել են՝ գնացեք արեք, ասել են՝ պարգեւավճա՞ր ստացեք:

-Ե՞վ: Ասել եմ սովա՞ծ եմ ապրելու, շոր չե՞մ հագնելու:

-Սոված չեք, 600 քանի հազար աշխատավարձ եք ստանում:

-Ես 600 քանի հազար աշխատավարձ չունեմ, էդ հեքիաթները փակե՛ք: Պատգամավորը ստանում է 460 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Նվիրյալը մնում է նվիրյալ: Ես իմ գործի նվիրյալն եմ, որովհետեւ այս ամենով հանդերձ այնուամենայնիվ համաձայնվում եմ աշխատել այս պայմաններում: Եվ գումարով, 200 հազար դրամով իմ նվիրյալությունը չի որոշվում:

-Եթե պարգեւավճար չստանաք, չե՞ք աշխատելու:

-Էլի աշխատելու ենք, բայց իմ օրը զբաղված է լինելու, թե ես էն բանը ոնց տանեմ փակեմ, սրանից (ցույց է տալիս վերնաշապիկը) ոնց գնեմ, որ ռուսների կամ ամերիկացիների հետ հանդիպմանը ծակ շորով չլինեմ: Որեւիցե մեկը խաբար չի դրանից: Մարդկանց տարբեր երկրներից տեղ ես հրավիրում, ինչ-որ մարդկանց հետ գնում խոսում ես: Տեսե՜ք, տեսե՜ք, 200 հազար դրամ պարգեւավճար է ստացել ՀՀ ԱԺ փոխնախագահը, եկեք հավաքվենք, մի տարվանը գումարենք իրար, վերածենք դոլարների եւ դրա մասին խոսենք: Էդ բոլոր խմբագիրներին ու բոլոր լրագրողներին ասում եմ՝ կեթաք ձեր ծրարով փողերի մասին կխոսաք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Delea says:

    Ալենն պնդում է
    «Խի՞ չեք գրում, որ այդ պարգեւավճարները տանում ենք, ալկոգել ենք առնում մեր ջեբից, մեր փողից, բաժանում ենք քաղաքացիներին: Խի՞ չեք գրում, որ վերջին իմ պարգեւավճարը տարել եմ զորամասին բաներ եմ բաժանել, ինչի՞ դրա մասին ոչ մեկը չի գրում, ձեռնտու չի, հա՞….» լացս եկավ, ինչ կարգի զոհաբերություն:
    Լրագրողը զարմանում է բայց վախից բերանը գաղտնի կոդ ընկավ ու փակվեց, բայց ես շարունակում եմ:
    Ալեն, իսկ քո հովանավորված բզնեսներն չար լեզուներից հեռու,խոսենք այ միաբան:

  2. Քրիստափոր says:

    Հարգելի Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ ինձ թվում է համեմատությունը 2017-ի ապրիլից 2018-ի ապրիլ և 2019-ի փետրվարից 2020-ի փետրվար կոռեկտ չէ, որովհետև 2018-ի ապրիլից առաջ միլիոնատեր պատգամավորների ինչին էր պետք Ձեր կողմից անընդհատ շեշտվող /մանիպուլացվող/ 580 միլիոն դրամ պարգևավճարը, նրանց մեծամասության համար /յուրաքանչյուրի/ դա ընդամենը օրական եկամուտ էր: ,,ԱՌԱՎՈՏԸ,, -ի ծանր տեղը մի թեթևացրեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031