Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով. հաշվիչների ցուցմունքներն ավելի շատ են գրել

Հուլիս 08,2020 15:55
hashvich

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն այսօր տուգանվեց 10 մլն դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերությանը տուգանեց ԷՄՕԿ կանոնների 37-րդ, 41-րդ եւ 43-րդ կետերի պահանջները խախտելու համար։

Հանձնաժողի ստեղծած աշխատանքային խումբը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի՝ առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել է մշտադիտարկում: Իրականացվել է 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միեւնույն առեւտրային հաշվիչների ցուցմունքների հետ: Պարզվել է, որ ընկերության աշխատակիցների կողմից 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առեւտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքները էլեկտրաէներգիան բազմասակագնային էլեկտրոնային առեւտրային հաշվիչով հաշվառվող 124 սպառողների մոտ, սպառողի նախորդ հաշվարկային ամսվա (ըստ սակագների) ծախսերի գրանցման փոխարեն 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցները գրանցել են այդ հաշվիչների ցուցմունքները:

Մշտադիտարկման արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ 35 էլեկտրոնային հաշվիչներ ցույց են տվել սխալ օր, ամիս, տարի եւ ժամ, էլեկտրաէներգիայի հաշվառման եւ վերահսկման ավտոմատացված համակարգում ընդգրկված 48 էլեկտրոնային հաշվիչներ չեն գրանցել նախորդ ամսվա ծախսը, 7 հաշվիչներ ընդհանրապես ներառված չեն եղել ցուցմունքների ֆիքսման բլանկներում, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ եւ հետևաբար առանձին հաշվառման քարտ չունեն, 5 առեւտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել, 5 առեւտրային հաշվառքի սարքի հոսանքի տրանսֆորմատորները կնքված չեն եղել, 125 առեւտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները եւ հետեւաբար նաեւ կնիքները:

Նմանատիպ խախտումներ են արձանագրվել նաեւ «Դիլիջան» եւ «Սիսիան» էլեկտրական ցանցերում:

Հանձնաժողովն այսօր կայացրած որոշմամբ ՀԷՑ-ին պարտավորեցրել է՝

երկամսյա ժամկետում իրականացնել 142 առեւտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների տեղադրում եւ կնքում,

176 հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների կնքում,

63 հաշվիչների մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ցուցմունքների եւ ծախսերի անհամապատասխանությունների ուղղում, ինչպես նաեւ մեկամսյա ժամկետում ներկայացնել արձանագրված խախտումների բացառմանն ուղղված առաջարկություններ:

Իհարկե, օրենքով սահմանված կարգով, ՀԷՑ-ն իրավունք ունի այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում բողոքարկել հանձնաժողովի որոշումը կամ դիմել վարչական դատարան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031