Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսանք, թե ոստիկաններն ինչպես էին կնոջը մոտենում. անհամաչափ ու անիրավ մոտեցում էր». Արթուր Սաքունցը՝ Սպիտակում կնոջ նկատմամբ ոստիկանների գործողությունների մասին

Հունիս 12,2020 23:03

«Իշխանությունը շատ հաճախ չարաշահել է իրեն տրված իրավունքը սահմանափակելու մարդկանց իրավունքները և ազատությունները»,-«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված «Համավարակը՝ իրավունքի խախտման խոշորացույց» թեմայով առցանց հեռուստաբանավեճին հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը: Ըստ նրա՝ Հայաստանի փորձը տարբերվում է առաջադեմ երկրների փորձից, քանի որ նրանք զերծ են մնում  մի շարք իրավունքների սահմանափակումներից, իսկ ՀՀ-ն, օրինակ, որոշեց, որ պետք է սահմանափակել տեղեկատվություն ստանալու իրավունքը, անձնական տվյալների և մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, սահմանափակում է հավաքների իրավունքը:

Այս առիթով նա հավելեց. «Առհասարակ իշխանությունը պետք է հաշվի առնի, որ համավարակով պայմանավորված գործողությունները մեկօրյա չեն, երբ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներին է վերաբերում: Միջազգային կազմակերպությունները շարունակում են հետևել մեզ, մենք ունենք կոնվենցիոն պարտավորություններ, որոնց պետք է հետևենք: Համավարակի նահանջելուց հետո քննարկվելու է պետությունների վարքագիծը»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, արձագանքելով հավաքների կազմակերպման սահմանափակումներին առնչվող դիտարկմանը, նշեց. «Այնտեղ, որտեղ հավաքներ եղել են, այնտեղ բռնկումներ են եղել, այդ առումով հավաքների սահմանափակումը ես համարում եմ համաչափ, հավաքները կարելի է անել առցանց, պատասխանատվությունը հանրային առողջության տեսակետից շատ ավելի կարևոր է»: Միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, ոչ սահմանափակումները հաճախ հիմնավորված չեն. օրինակ՝ ինչո՞ւ պետք է արգելվեն երեխաների դպրոց հաճախումները, իսկ մանկապարտեզի հաճախումները թույլատրվեն:

Նա փաստեց՝ ինքնամեկուսացումը մարդուն ազատությունից զրկելու միջոց է, որի հետ նույնպես մենք առնչություն չեն ունեցել ու շարունակեց. «Գիտենք ձերբակալումը, տնային կալանքը: Բայց սա այնպիսի պահանջ էր, որը հիմքում ուներ անձին ազատորեն տարածքից դուրս գալու սահմանափակում, ինչը օրենքով սահմանված չէ: Անձի ինքնամեկուսացում պահանջելը որևէ օրենքի նորմով հիմնավորված չէ: Սա այնպիսի հարց է, որ եթե ասենք իրավունքի խախտում է,ապա պետք է նշել, որ նման դրույթ չենք ունեցել և ոչ թե պետք է տառակերության տեսակետից մոտենալ, այլ ողջամտության»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ արտակարգ դրությունը ռիսկային էր, քանի որ մենք գործ ունենք չբարեփոխված ոստիկանության և իրավական համակարգի հետ: Խոսելով Սպիտակում կնոջ նկատմամբ ոստիկանության գործողությունների մասին՝ նա ասաց. «Տեսանք, թե ոստիկաններն ինչպես էին կնոջը մոտենում. անհամաչափ ու անիրավ մոտեցում էր: Այդ համակարգային խնդիրներն այդպես էլ չլուծվեցին»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը փաստեց՝ արտակարգ դրության մեջ մարդու իրավունքների տեսանկյունից ոչ մի հրաշալի բան չկա ու շարունակեց. «Հարցադրումներում հաճախ կա ենթատեքստ, որ կառավարությունն արտակարգ դրության հնարավորությունը չարաշահում է: Նման միտք արտաբերողները պետք է ասեն, թե այդ ինչ նպատակներ են մեզ վերագրվում հանուն որոնց մենք չարաշահում ենք այդ գործիքները: Ստացվում է՝ մեզ մեղադրում են խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ, որը կարող է քաղաքական նպատակ ունենալ, մինչդեռ խուճապի դիմացն առնելու համար ես առ այսօր էլ համոզված եմ, որ միառժամանակ այդ սահմանափակումը համաչափ է եղել, բայց ընդունում եմ այն կարծիքը, որ երկար չէր կարող դա տևել: Փառք Աստծո, որ սա համընդհանուր բնույթ է կրում, թե չէ պատկերացնում եմ՝ ինչ կլիներ, եթե միայն Հայաստանում լիներ այս իրավիճակը՝ ռեպրեսիաների, նոր, աննախադեպ փուլի մասին կխոսեին մեր ընդդիմախոսները»:

Անդրադառնալով տեղորոշման գործիքի մասին քննադատություններին՝ Մարիա Կարապետյանը պարզաբանեց. «Պետությունը մշակում է միայն այն անձանց մասին տեղեկություններ, որոնք հաստատված կոնտակտավոր են. չեն համատեղվում բոլորիս զանգերը՝ անկախ ամեն ինչից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930