Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի սպանդանոցների տեղաբաշխվածությունը ըստ մարզերի

Հունիս 02,2020 14:50

ՍԱՏՄ-ի ներկայացրած տվյալների ու մարզպետարաններից ստացած տեղեկատվության միջև մի շարք անհամապատասխանություններ կան

2020 թ.-ի հունվարի 15-ից Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) անցավ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ հսկողության։

Մսամթերքի իրացման կետերում բոլոր տնտեսվարողները պետք է ունենային անասնաբուժական 5-րդ ձևը, որն ապացույց է այն մասին, որ անասունը մորթվել է սպանդանոցում, ստուգված և անվտանգ միս է։ Օրեր անց անասնատերերը և մսավաճառները սկսեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ պարտադիր սպանդանոցային մորթի: Բողոքող անասնատերերն ու մսավաճառները հիմնականում դժգոհություն էին հայտնում սպանդանոցների ոչ բավարար քանակի և բաշխվածության անհամաչափության դեմ: Ոմանք էլ ընդհանրապես դեմ էին բակային մորթի արգելքին: Չնայած դեռ առկա է բակային մորթի մեկ բացառություն. այն թույլատրվում է ծիսական նպատակներով։

2020 թ.-ի հունվարի 21-ին «Հետք» առցանց պարբերականը հրապարակեց հոդված «Սպանդանոցներ (տվյալների վերլուծություն)» վերտառությամբ, որտեղ ներկայացված էին Սննդի անվտանգության տեսչական մարմնից վերցված տվյալներ այն մասին, որ Հայաստանի բոլոր մարզերում կան գործող սպանդանոցներ: Ըստ հոդվածում ներկայացված տվյալների՝ Հայաստանում այդ պահի դրությամբ գործում էր 38 սպանդանոց, իսկ 20 սպանդանոց էլ կառուցման փուլում էր:

Հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի մասին կառավարության որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը: Ըստ վարչապետի՝ կառավարությունն այս թեմային այլևս չպետք է անդրադառնա հուլիսի 2-ից սկսած, քանի որ սա վերջին դեպքը կլինի ժամկետների հետաձգման առումով։

Ըստ Սննդի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տվյալների՝ Հայաստանում 2020 թ.-ի փետրվարի 20-ի դրությամբ գործում է 42 սպանդանոց, որոնցից Կոտայքի մարզում գործում է 12 սպանդանոց, Շիրակում` 2, Արմավիրում` 6, Տավուշում` 2, Լոռիում` 4, Արարատում` 3, Գեղարքունիքում` 3, Վայոց ձորում` 1, Սյունիքում` 2, Արագածոտնի մարզում՝ 2, իսկ Երևանում՝ 5:

Սակայն, հատկանշական է, որ 42 սպանդանոցներից ոչ բոլորն են ծառայություններ մատուցում։ Սպանդանոցների մի մասն իրականացնում է բացառապես սեփական անասունների մորթ, այսինքն՝ դրանք հանրային նշանակության չեն։

Մինչև երկրում Արտակարգ դրության հաստատումը թեմայի վերաբերյալ Հայաստանի մարզպետարաններին ուղղված հարցումների պատասխանները ստեղծում են հակասություն: Ստացված տեղեկությունները չեն համապատասխանում Սննդի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տեղեկություններին։ Այսպիսով՝ ըստ մարզպետարանների տրամադրած պատասխանների՝ Հայաստանի մարզերում գործում է 26 սպանդանոց, իսկ 5 սպանդանոց էլ կա Երևանում, ինչպես արդեն նշել էինք։ Հիմք ընդունելով մարզպետարաններից մեզ փոխանցած տվյալները՝ 31 սպանդանոցների բաշխվածությունն այսպիսին է՝ Կոտայք՝ 7, Շիրակ՝ 2, Արմավիր՝ 5, Տավուշ՝ 1, Լոռի՝ 2, Արարատ՝ 2, Գեղարքունիք՝ 2, Վայոց Ձոր՝ 1, Սյունիք՝ 2, Արագածոտն՝ 2, և Երևան՝ 5։

Անհամապատասխանություններն ըստ մարզերի

Կոտայք։ Ըստ ՍԱՏՄ-ի տրամադրած տեղեկատվության՝ սպանդանոցներ կան Կոտայքի մարզի հետևյալ համայնքներում՝ Աբովյան՝ 2 սպանդանոց, Արզնի՝ 1, Զովունի՝ 1, Բալահովիտ՝ 1, Մայակովսկի՝ 1, Կամարիս՝ 1, մինչդեռ մարզպետարանի տրամադրած պատասխանում նշված համայնքներում սպանդանոցներ չկան։ Ի հակադրություն վերոնշյալ տեղեկատվության՝ մարզպետարանը հարցմանն ի պատասխան նշել էր Զորավան և Արամուս համայնքները, որոնց մասին տվյալներ չկան ՍԱՏՄ-ի տրամադրած պատասխանում։

Աբովյան քաղաքում գործող սպանդանոցների վերաբերյալ քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ իրենց համայնքի տարածքում սպանդանոցներ ընդհանրապես չկան։

ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում փետրվարի 8-ին հրապարակել էր տեսահոլովակ Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում գործող սպանդանոցի մասին, սակայն ըստ ՍԱՏՄ-ի՝ Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի սպանդանոցն իրականացնում է բացառապես սեփական անասունների մորթ և ծառայություններ չի մատուցում այլ տնտեսվարողներին։

https://www.facebook.com/armgovernment/videos/187253489349748/?v=187253489349748

Իսկ մարզպետարանի տրամադրած տեղեկություններում Մայակովսկի համայնքի սպանդանոցի մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չկար։

Գետամեջ գյուղում սպանդանոցային ծառայություն իրականացնող «Գետամեջ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեությունը դադարեցրել է, իսկ ըստ Պետական եկամուտների կոմիտեի` լուծարված է:

Ըստ ՍԱՏՄ-ի` Աբովյան քաղաքում գործող սպանդանոցը պատկանում է «ՎԻ ԷՅՉ ԿԱ» ՍՊԸ-ին, որը սակայն զբաղվում է բենզալցման կայաններում ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով:

 

Շիրակ։ Շիրակի մարզում գործում է երկու սպանդանոց, սակայն պետք է նշել, որ երկու սպանդանոցներն էլ իրականացնում են բացառապես սեփական անասունների մորթ և ծառայություններ չեն մատուցում, հետևաբար հանրային նշանակության չեն։

 

Արմավիր։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում գործում է սպանդանոց, սակայն այս դեպքում նույնպես մարզպետարանից ստացված տեղեկությունը չի համապատասխանում ՍԱՏՄ-ի ներկայացրածին. այս համայնքում սպանդանոց չկա։ Ըստ մարզպետարանի՝ Եղեգնուտ համայնքում գործող սպանդանոցի մասին տեղեկություն չկա։

Տավուշ։ Ըստ ՍԱՏՄ-ի` Դիլիջանում կա գործող սպանդանոց, սակայն մարզպետարանից ստացված տվյալներից պարզվում է՝ չկա:

Միևնույն ժամանակ Նոյեմբերյան քաղաքում սպանդանոցային ծառայություն իրականացնող «Արմեն Ամիրաղյան» Ա∕Ձ-ի մասին պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ ժամանակավորապես դադարեցված է:

Բացի այդ «Արմեն Ամիրաղյան» Ա∕Ձ-ն զբաղվում է երկաթեղենի գործով:

«Արմեն Ամիրաղյան» անունով գոյություն ունի ընդհանուր գրանցված թվով 3 Ա∕Ձ, որոնցից մեկը զբաղվում է հուղարկավորությունների և դրա հետ կապված ծառայությունների կազմակերպմամբ, մյուսը հաշվառումից հանված է, իսկ երրորդը, որը գրանցված է Նոյեմբերյանում, ժամանակավորապես դադարեցված է և, ինչպես արդեն նշել ենք, զբաղվում էր երկաթեղենի գործով:

Լոռի։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ Լոռու մարզում կա թվով 4 սպանդանոց, որից երկուսը գտնվում է Քարաձոր և Տաշիր համայնքներում, սակայն մարզպետարանից ստացված տվյալներում դրանք նույնպես նշված չեն։

Դարպաս գյուղում սպանդանոցային ծառայություն է իրականացնում «Միտք» ՍՊԸ-ն, սակայն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ գործունեությունը դադարեցված է, իսկ ըստ պետեկամուտների կոմիտեի` լուծարված:

«Միտք» ՍՊԸ անունով իրավաբանական անձանց ռեգիստրում ունենք գրանցված թվով 5 ընկերություն, սակայն նրանցից բոլորն էլ կամ գործունեությունն են դադարեցրել, կամ լուծարվել են, և միայն վերևում նշված ընկերությունն էր, որ գրանցված էր Լոռու մարզում, որը նույնպես լուծարված է, ինչպես արդեն նշել ենք:

Տաշիր համայնքում սպանդանոցային ծառայություն իրականացնող «Սամվել Ավետիսյան» Ա∕Ձ անունով իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցված է թվով 23 ընկերություն, որոնցից, սակայն, 20-ը հաշվառումից հանված են, 2-ը՝ ժամանակավորապես դադարեցված և միայն մեկն է, որ գործող է, սակայն զբաղվում է մանրածախ առևտրով:

«Սամվել Ավետիսյան» Ա∕Ձ-ներից միայն մեկն է, որ առնչություն ունի կենդանիների բուծման հետ, սակայն դա նույնպես հաշվառումից հանված է:

Արարատ։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ Արարատի մարզում կա թվով 3 սպանդանոց, որից մեկը գտնվում է Արարատ համայնքում, սակայն ըստ մարզպետարանի՝ հարցմանն ի պատասխան մեզ տրամադրված գրության` այստեղ սպանդանոց չկա:

Գեղարքունիք։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ Գեղարքունիքի մարզում գործում է թվով 3 սպանդանոց, որից մեկը գտնվում է Զովաբեր համայնքում, սակայն ըստ մարզպետարանի՝ այստեղ սպանդանոց չկա։

Բացի այդ, ըստ ՍԱՏՄ-ի ներկայացրած տվյալների՝ Զովաբեր համայնքում սպանդանոցային ծառայություն է իրականացնում «Մեխակ Մարտիրոսյան» Ա∕Ձ-ն։ Իրավաբանական անձանց ռեգիստրում նույնանուն գրանցված թվով 6 Ա∕Ձ կա, սակայն դրանցից ոչ մեկը մսամթերքի հետ առնչություն չունի: Իսկ պետեկամուտների կոմիտեում գրանցված է 2 Ա∕Ձ, որոնցից մեկը հաշվառումից հանված է, իսկ մյուսը զբաղվում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտրով:

Սևան քաղաքում սպանդանոցային ծառայություն է իրականացնում «Արման Սաղաթելյան» Ա∕Ձ-ն, որի գործունեությունը, ըստ պետեկամուտների կոմիտեի, ժամանակավորապես դադարեցված է:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Արման Սաղաթելյան» անունով գրանցված մի քանի Ա∕Ձ-ներ կան, սակայն դրանք կամ հաշվառումից հանված են, կամ լուծարված, կամ էլ զբաղվում են այլ գործունեությամբ: Իրավաբանական անձանց ռեգիստրում կա միայն մեկ «Արման Սաղաթելյան» անվամբ գործող Ա∕Ձ, որը, սակայն, զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ:

Վահան համայնքում սպանդանոցային ծառայություն է իրականացնում «Դավիթ Ղուլյան» Ա∕Ձ-ն, որի գործունեությունը նույնպես ժամանակավորապես դադարեցված է:

Իրավաբանական անձանց ռեգիստրում «Դավիթ Ղուլյան» անունով կա ևս մեկ Ա∕Ձ, որը, սակայն, զբաղվում է հագուստի և պարագաների արտադրությամբ:

Սյունիք: Ե՛վ ըստ ՍԱՏՄ-ի, և՛ ըստ մարզպետարանի՝ Սյունիքի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից մեկի դեպքում հասցեների անհամապատասխանություն կա։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ սպանդանոցը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 16 հասցեում, իսկ ըստ մարզպետարանի՝ սպանդանոցը գտնվում է Սյունիքի մարզի Սյունիք գյուղի Գործարանային 17 հասցեում: Այստեղ՝ տեղի բնակիչների պնդմամբ՝ գործող սպանդանոց չկա: Ի դեպ, որպես սպանդանոցի հասցե՝ նշված է Գարեգին Նժդեհի 16, որը բազմաբնակարան շինություն է: Սպանդանոցներին ներկայացվող պահանջների համաձայն՝ սպանդանոցը պետք է կառուցված լինի բնակելի վայրերից, արոտավայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300 մ հեռավորության վրա: Մյուս հասցեում՝ գյուղ Սյունիքում գտնվող սպանդանոցը իրականացնում է միայն սեփական անասունների մորթ և ծառայություն չի մատուցում:

Արագածոտն: Ե՛վ ըստ ՍԱՏՄ-ի, և՛ ըստ մարզպետարանի՝ Արագածոտնի մարզում գործում է երկու սպանդանոց: Թվերը համապատասխանում են, սակայն ՍԱՏՄ-ն և մարզպետարանը տվել են իրարից բոլորովին տարբեր հասցեներ և կազմակերպության անվանումներ, ինչը խնդրահարույց է: Այսպիսով՝ ըստ ՍԱՏՄ-ի Արագածոտնի մարզում կա թվով 2 գործող սպանդանոց, որոնք գտնվում են գյուղ Հարթավանում և գյուղ Սասունիկում: Հարթավանում ծառայություն է մատուցում «Անդրանիկ Պահարյան» Ա/Ձ-ն, իսկ Սասունիկում «Ալբերտ Հովհաննիսյան» Ա/Ձ-ն: Սակայն, ի պատասխան հարցմանը, մարզպետարանից տեղեկացրին, որ Արագածոտնի մարզում գործում է թվով 2 սպանդանոց, որոնցից մեկը գտնվում է Ապարան համայնքի Վարդենուտ գյուղում, իսկ մյուսը Թալին քաղաքում: Վարդենուտում ծառայություն է իրականացնում «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իսկ Թալինի սպանդանոցում ՝ «Թալին Սլոտեր Հաուս» ՍՊԸ-ն:

Ըստ մարզպետարանի` Ապարան համայնքի Վարդենուտ գյուղում սպանդանոցային ծառայություն է իրականացնում «Ագաթ-777» ՍՊԸ-ն, սակայն «Ագաթ-777» ՍՊԸ-ի գործունեության տեսակը նշված է ջրային տնտեսության կառույցների շինարարություն:

Գյուղ Հարթավանում սպանդանոցային ծառայություն է իրականացնում «Անդրանիկ Պահարյան» Ա∕Ձ-ն, որի գրանցված լինելու մասին նույնպես որևէ տեղեկություն չկա:

Ի վերջո, ստացված տվյալները համադրելով իրականացված հարցումների հետ, անհրաժեշտ ճշգրտումներ կատարելով, կապ հաստատելով նշված կոնտակտային հեռախոսահամարներով, կազմել ենք Հայաստանում գործող և տնտեսավարողներին ծառայություն մատուցող սպանդանոցների իրական ցանկը մինչև Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվելը:

Կոտայք`4, Շիրակ` չկա, Արմավիր` 5, Տավուշ` 1, Լոռի` 2, Արարատ` 2, Գեղարքունիք` 2, Վայոց Ձոր` 1, Սյունիք` չկա, Արագածոտն` 1, Երևան` 3: Ընդհանուր` 21 սպանդանոց:

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանում մարտի կեսից հայտարարվել է արտակարգ դրություն, ինչը մի շարք խոչընդոտներ է ստեղծում տնտեսվարողների, այդ թվում՝ սպանդանոցների կառուցմամբ զբաղվողների համար։ Արդյունքում անհասկանալի է մնում՝ արդյոք հուլիսի 2-ից կառավարությունը հետևողական կլինի ու այլևս չի անդրադառնա բակային ու ոչ սպանդանոցային մորթին, թե՞ խստացված վերահսկումը կրկին կհետաձգվի՝ պայմանավորված տնտեսվարողների առջև ծառացած խնդիրներով։

 

Նարեկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930