Կիրակի, Մայիս 24-ին տեղի ունեցավ Փարիզի արվարձաններից` հայաշատ Ալֆորվիլի նորընտիր քաղաքապետական խորհրդի անդամների պաշտոնի ստանձնման արարողությունը:
Քաղաքապետ դարձավ Լուք Քարվունաս, իսկ Սարո Մարտիրյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ:
Այս առթիվ իր ունեցած ելույթում Մարտիրյանը, հատկապես, ասաց. «41 տարիներ առաջ այս քաղաքը հյուրընկալեց մեր ընտանիքի անդամներին եւ առիթը տվեց դառնալու այն, ինչ ո՛ր եմ այսօր: Այժմ եկել է հերթը ինձ` վերադարձնելու Արֆորվիլին եւ ծառայելու հանձնառությամբ ու անձնազոհությամբ:
Այս առթիվ շնորհակալ եմ իմ ծնողներին, որոնք Թուրքիայից եկան այստեղ, որպեսզի ես ունենամ աւելի լավ ապագա: Շնորհակալ եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության իմ ընկերներին իրենց աջակցության համար եւ հատուկ շնորհակալություն իմ տիկնոջ` Ֆլորա Հակոբյանին, որ նեցուկ եղավ ինձ` տնից իմ երկար բացակայություների ընթացքում:
Կարդացեք նաև
Ես հպարտ եմ կրելու այս եռագույն ժապավենը: Ինչպես շատ հայեր, մենք կրողներն ենք Ֆրանսայի արժեքներին, պատմության եւ մշակույթին, որ դարձրել ենք մերը ու պահում ենք մեր հայկական ավանդույթների կողքին:
100% ֆրանսիացի, 100% հայ, ինչպես սիրում էր ասել Շարլ Ազնավուրը»:
Ալֆորվիլի մեջ է գտնվում Հայոց Եկեղեցին եւ կան փողոցներ Կոմիտասի եւ Միսաք Մանուշյանի անուններով:
Ալֆորվիլը քույր քաղաք է Աշտարակի հետ՝ 1993 թուականից, իսկ Օշականի հետ` 2001-ից:
ՍԴՀԿ