Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել էի, որ ամեն տեղ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդ եմ ասում». Արսեն Թորոսյանը՝ դիմակ ու ձեռնոց կրելու մասին

Ապրիլ 10,2020 13:56

«Մեզ վերջնական պատասխան տվեք՝ հիմա այս ձեռնոցներն ու դիմակները դնելո՞ւ ենք, թե՞ ոչ, երկիր կա՝ դնում են, երկիր էլ կա՝ ոչ: Մի տեղ ասում են՝ դրեք, մի տեղ՝ ոչ: Հիմա վերջը ի՞նչ է լինելու»,-ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նման հարցադրումներ հղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Շատ կարեւոր հարց է այն համատեքստում, որ մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ»,-նախ արձանագրեց Արսեն Թորոսյանը:

Ապա նշեց, որ առօրյայում դիմակ եւ ձեռնոց կրելու նպատակը բերանի, աչքի կամ քթի միջոցով վիրուսը դիմացինին «չհասցնելն» է. «Եթե դուք դիմակով եք, եւ պատահաբար այն բարձրացնեք ու ձեռքը կպցնեք բերանին, կամ քթին…իմաստը դա է: Նույնը, երբ փոքր տարածքում մի քանի մարդ իրար մոտ է կանգնած, եւ դիմակը թույլ չի տա օդի կաթիլները բերանից եւ քթից փոխանցել: Նույնն էլ ձեռնոցի պարագայում, բայց այն ավելի վտանգավոր է դիմակից, եթե պատշաճ ձեւով չի փոխվում կան հանվում»:

Ըստ նախարարի՝ որոշ դեպքերում ձեռնոցը մոտ ութ ժամ խորհուրդ է տրվում կրել, բայց բժշկական հաստատություններում այն փոխում են մոտ չորս ժամը մեկ:

Թորոսյանը նաեւ շեշտեց, որ ամբողջ աշխարհում նման պաշտպանիչ միջոցների պակաս կա, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս անգամ կտորից դիմակներ կրել՝ ամեն օր տաք ջրով եւ հեղուկներով լվանալուց հետո միայն: «Ցանկալի է կրել եւ որքան հնարավոր է շատ, բայց թե որքանով դրանք կպաշտպանեն, կրողից է կախված: Ձեռքերը հաճախ լվանալն ավելի կարեւոր է, քան դիմակ կրելն առօրյայում: Ասածս բժշկական անձնակազմին չի վերաբերում: Դիմակ կրել խորհուրդ է տրվում ամեն տեղ: Ես ժամանակին ասել եմ, որ ամեն տեղ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով եմ ասում, որ պետք է կրել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930