Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ապրիլ 05,2020 18:05

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ։

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։

Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։

Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։

Հիշեցնեմ, որ մարտի 26-ին հստակեցրել եմ իմ դիրքորոշումը նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, նշելով, որ վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի հայտարարել եմ, որ համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Առավել ևս, որ համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարել եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Մարտի 27-ին իմ և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ առ այն, որ չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները, իսկ դրանից օրեր առաջ էլ հրաժարվել էինք փակ տարածքներում հանդիպումներից ու բացօթյա բազմամարդ հավաքներից։

Նույն օրն անմիջապես միացել եմ ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուներից մեկի նախաձեռնությանը, որին այնուհետև միացել է ևս չորս թեկնածու, իսկ երկուսն էլ առանձին նույնատիպ հայտարարությամբ են հանդես եկել։ Սակայն Արցախի գործող իշխանություններն անտեսել են ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչն ու պահանջը և, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։

Ինչպես տեսնում եք՝ սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։

Ուզում եմ մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն հայտնել մարտի 31-ի դժվարին պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին ու վստահեցնել, որ մենք չենք հրաժարվում Նոր Արցախի մեր տեսլականից և համավարակի հաղթահարումից հետո այդ տեսլականի իրականացմանը միտված կոնկրետ աշխատանքներ ենք տանելու:

Իսկ ներկայիս հետընտրական ժամանակահատվածում առավել ևս իմ ուշադրության կենտրոնում է լինելու իմ քաղաքական թիմակիցների, մեր բոլոր աջակիցների ու համակիրների իրավունքների ոտնահարման հնարավոր փորձերի կանխարգելումը։

Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։ Աստված բոլորիս հետ։

https://www.facebook.com/MasisMayilian/posts/2927587957310386

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930