Հայաստանի ամենաինֆորմացված 3-րդ մարդը՝ ճշմարտության բացահայտման, գիշերները չքնելու ու իր ապրումների մասին
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյանի հետ համատեղ 2014-ին Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ ստացավ՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» (1916-1917թթ.) փաստաթղթերի եռահատոր հայերեն եւ նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուների համար:
«Միշտ ինձ ասում էին` ներկայացրո՛ւ մրցանակ ստանալու համար… Անկեղծորեն ասեմ, ես ցանկանում էի, որովհետեւ Գոհար Ավագյանը հսկայական աշխատանք է կատարել, ուզում էի՝ ինքը արժանանար, վերջին հաշվով, մրցանակը նաեւ ֆինանսական միջոց էր, գտնում էի, որ արժանի է: Որոշեցինք ներկայացնել… 2014-ին, երբ ստացանք այդ մրցանակը, մեզ համար շատ հաճելի էր, հանձնաժողովը համարյա միաձայն էր կարծիք արտահայտել»,- պատմեց Ամատունի Վիրաբյանը:
Նա նաեւ ասաց, որ սարսափելի ապրումներ է ունեցել ցեղասպանված մարդկանց մասին վկայություններն ուսումնասիրելիս. «2002-ից մենք սկսեցինք մի աշխատանք փաստաթղթերի հետ, որոնք երկար տարիներ արխիվային շղարշով էին պատված, գաղտնի ռեժիմում էին: Դրանք մարդկանց վկայություններն էին, որոնք իրադարձությունից 1-2 տարի հետո էին գրի առնվել՝ հիմնականում ծրագիրն իրականացնողների կողմից, քանի որ մարդկանց մեծ մասն անգրագետ էր: Մենք պարզեցինք, որ ոչ բոլոր վկայություններն էին պահպանվել: Իսկ որոնք պահպանվել էին, դժվար աշխատանք էր կարդալը։ Հոգեպես էլ էր դժվար, որովհետեւ երբ ընթերցում էինք այդ ոճիրների մանրամասնությունները, հաճախ գիշերները չէինք քնում: Մարդիկ մանրամասն նկարագրել են, գրի առնողն էլ գրում է, որ հուզվում է եւ չի կարողանում շարունակել: Նկարագրում է, թե ինչպես է իր զավակներին կորցրել, ինչպես են ամուսնուն տարել, մորթոտել, մեզ համար էլ էր բարդ: Երբ ձեռագիր նյութերը հավաքագրում ենք, բառեր կան, որոնք անընթեռնելի են, մի բառ ես երկու օր չարչարվեցի, մինչեւ հասկացա՝ դաժանության մեծագույն արտահայտությունն էր, մարդու օրգանի անվանում էր, չէի կարողանում ընթերցել, նկարագրվում էր, թե մարդու որ օրգանից են սկսել տանջել: Ես նաեւ ինձ համար պարզեցի, թե ինչպես է իրականացվել ցեղասպանությունը: Վերնախավը, ոստիկանությունը, զինվորականությունը անձնական մասնակցություն չեն ունեցել: Դա իրականացրել են խաժամուժի, չերքեզների միջոցով»:
Կարդացեք նաև
– Դուք էլ, ինչպես լրագրողները, մեծ ինֆորմացիայի կրող եք, բայց մենք մեռնում ենք մեր ունեցած ինֆորմացիան հրապարակելու, կիսվելու ցանկությունից, դուք այդքանը կուտակելով՝ ո՞նց եք այդ գայթակղությանը դիմանում։
– Ես շատ բան գիտեմ: Մեր երկրում, եթե ամենամեծածավալ ինֆորմացիան չգիտեմ, համենայնդեպս, 3-4-րդ տեղում եմ՝ որպես ինֆորմացիայի կրող: Մեր պատմության 19-րդ եւ 20-րդ դարերի վերաբերյալ ամեն ինչ ես գիտեմ՝ մանրամասնություններով, եւ բաներ կան, որ միայն ես գիտեմ: Բայց ամբողջ խնդիրն այն է, ես համոզվել եմ՝ կան բաներ, որ չպետք է ասել: Ինձ շատ քաղաքացիներ են դիմում՝ իմանալու իրենց պապիկի, ծնողի մասին, պատերազմին են մասնակցել, ի՞նչ ճակատագիր են ունեցել: Ես ստուգում եմ ու տեսնում եմ, որ այդ մարդը գերի է հանձնվել, Գերմանիայի օգտին որոշակի գործողություններ է կատարել, եւ կախել են նրան խորհրդային իշխանությունները կամ գնդակահարել են: Պատկերացնո՞ւմ եք այդ ճշմարտությունը ես մարդուն ասեմ, ես իրավունք ունե՞մ դա իրեն ասելու, չէ՛, իհարկե, չունեմ, այդ մարդուն պետք է խնայել, այդ մարդը պետք է հանգիստ ապրի, ամեն մի ճշմարտություն չի, որ պետք է ասել: Մեզ դիմում են՝ իմանալու, թե ով է կոնկրետ մատնել իրենց հորը, պապին, ո՞վ է մեղավոր իրենց կորցրած մանկության համար: Մեկը գիտի, որ իր պապը եղել է 37-ի զոհ, ոմանք հպարտանում են նրանով, իսկ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ իր պապը տասն անգամ բանտերով անցած կենսագրություն է ունեցել: Ստիպված ճշմարտությունը չենք ասում, լավագույն դեպքում ասում ես, որ 1946-ի մայիսի 26-ին Երեւանում եղել է մեծ ջրհեղեղ, արխիվային փաստաթղթեր են ոչնչացվել, ասում ենք՝ իր գործը չկա: Մենք ամեն ինչ չէ, որ իրավունք ունենք բարձրաձայնելու, վերջին հաշվով, գոյություն ունի ե՛ւ պետական գաղտնիք, ե՛ւ բարոյական գաղտնիք»:
Ամատունի Վիրաբյանը շարունակում է ցեղասպանությունները վերապրածների վկայությունների ուսումնասիրությունները, դեռ մեծաքանակ տեղեկատվություն կա հրապարակելու, իր խոսքով՝ «այդ բոլոր նյութերը հրապարակելը հոգուս պարտքն է, անելու եմ»: Լինելու է 4-րդ եւ 5-րդ հատոր նաեւ: Արդեն հրապարակվել են աշխատության թուրքերեն, ռուսերեն հատորները, առաջիկա տարիներին լույս կտեսնի նաեւ իսպաներեն տարբերակը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւս մի ավանդ ամրագրելով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։
«Առավոտ» օրաթերթ
27.02.2020