Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կերպարանափոխություն

Փետրվար 07,2020 22:20

Ժամանակին, երբ կարդում էի ԽՍՀՄ ժամանակաշրջանում արգելված գրականություն (Ավտորխանով, Սոլժենիցին) ստալինյան շրջանի մասին, իսկապես զարմանում էի, թե ինչպես հեղափոխության թոհ ու բոհով՝  գաղափարական պայքարով, բանտերով, աքսորներով անցած հեղափոխականները դարձան Ժողովուրդների Հայր՝ Ստալինի ․․․ կամակատարները։ Նրանք փառաբանում էին Պողպատյա Առաջնորդին, նրան նվիրված  ձոներ հյուսում, լռում կամ, նույնիսկ ողջունում  իրենց հարազատների, ընկերների քաղաքական հետապնդումները։ Իսկ ինչպե՞ս էին նախկին աննկուն հեղափոխականները ծափահարում Ստալինի կողմից «ժողովրդի թշնամիներին» մերկացնելու ելույթները։ Ողջ ԽՍՀՄ-ում կանգնեցվում էին Առաջնորդի արձանները, բոլոր բնակավայրերում տեղադրվում նրա «իմաստուն խոսքերը»՝ «Жить ста́ло лу́чше, жить ста́ло веселе́е!» ։ Իհարկե, և Առաջնորդի արձանները և նրա «իմաստուն» խոսքերը, իր Ստալինի կողմից չէին պարտադրվում, դրանք ժողովուրդն էր պահանջում։ Հիշում եմ, 2003թ․ Վարշավայում ցուցադրվեց ԱՄՆ լրագրողների նկարահանած վավերագրական ֆիլմ Թուրքմենբաշու մասին։ Երբ լրագրողը հետաքրքրվեց Թուրքմենբաշուց, նրա վերաբերմունքը ողջ երկրում տեղադրված իր արձանների շուրջ, Թուրքմենբաշին, իր հերթին զարմացած պատասխանեց․ «Ես դեմ եմ այդ ամենին, բայց ժողովուրդն է ուզում»։

Այս ամենը հիշեցի, զուգահեռներ անցկացնելով վերոգրյալի և այսօրվա Նոր Հայաստանի միջև։ Իհարկե, շատերը կասեն, թե համեմատությունը բացարձակապես տեղին չէ։ Այո, մասշտաբների, գաղափարների, դաժանության տեսակետից համեմատելի չեն։ Բայց ոճը, մտածողությունը բավականին մոտ են, թերևս անգաղափար, գավառական  մակարդակով։

Հիշում եմ, թե ինչպես էինք «հին»  Հայաստանում վրդովվում պետական համարյա  բոլոր հիմնարկների ղեկավարների աշխատասենյակներում, դպրոցների պատերին փակցված նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարներից։ Իսկ նոր Հայաստանում, տեղադրվում է Նիկոլ Փաշինյանի, արդեն արձանը, ամեն քայլափոխի, գովազդային վահանակներից քեզ հետ խոսում է ժողովրդի վարչապետը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Բայց․․․կարծես թե այս անգամ վրդովվածներ չկան։ Հա՜, մոռացել էի, «հին» Հայաստանում Սերժ Սարգսյանի դիմանկարները պարտադրված էին փակցնում, իսկ նոր Հայաստանում  ժողովրդի ցանկությունն է․ «Հո ժողովրդի դեմ չե՞նք գնալու, չէ՞ որ մենք արդեն ժողովրդավարական երկիր ենք»։

Արդյոք նման զուգահեռնե՞ր չեն նաև նորօրյա իշխանավորներից և աջակիցներից ոմանց ուրացումն իրենց նախկին, այսօր Սիրելի առաջնորդի թշնամական վերաբերմունքին արժանացած ընկերներին։ Կամ նույն բուռն ծափահարությունները Սիրելի առաջնորդի «Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտության առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական և հակապետական ուժեր, իսկ նրանք ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ» խոսքերին։

Ամենահետաքրքրականն այն է, որ ի տարբերություն 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հեղափոխականների, մեր շրջանի հեղափոխական քաղաքական,հասարակական գործիչներից շատերը համարվում էին արևմտյան արժեքների՝ ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների, խտրականության արգելքի, ատելության խոսքի մերժման և այլնի կրողներ, նույնիսկ ոմանք իրականացրել են այդ թեմաներով դասընթացներ, կարծես հասկացել, որ դատարանները չեն կարող «ժողովրդական» լինել, ինչպես ԽՍՀՄ-ում էին` ժողովրդական դատարաններ, այլ գործադիրից անկախ, միայն օրենքի դատարաններ։ Իսկ ժողովուրդն առանձնապես կարևոր չի համարում դատարանների դերն՝ արդարադատությունը, այլ փնտրում է փրկիչ, որը «մտածում է ժողովրդի մասին» և արդարություն, որն էլ ամեն մեկի համար տարբեր է։ Եվ ժողովուրդը քվեարկելու է, թող ների ինձ ժողովուրդը, առանց հարցի մեջ խորանալու, ըստ քաղաքական համակրանքների։

Եվ այդ առաջադեմ (գուցե, արդեն նախկի՞ն) գործիչներն այժմ ծափահարում են․ «․․․ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել․․․», ինչպես նաև «Եվ դուք, այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու․․․» խոսքերին։

Ի՞նչ ասես․․․

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հ․Գ․ Ի դեպ, մեր արևմտյան արժեքներով առաջնորդվող  առաջադեմներին կուզենայի հիշեցնել, որ նույն արևմուտքում իշխանությունների տարանջատման, դատարանների անկախության խնդիրները ոչ թե ժողովուրդն է որոշել, այլ առաջադեմ գիտնական փիլիսոփաները և այո, հետագայում այդ արժեքները դավանող քաղաքական գործիչներն այն իրականացրել են, հենց ի բարօրություն ժողովրդի, և ոչ թե անվերապահորեն  ենթարկվել են Սիրելի Առաջնորդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Norayr Hakobyan says:

    Տարբերույթունը սա է՝ Ստալինի ժամանակ էս հոդված գրողը հիմա բանտում կլիներ, նախկին ռեժիմի մարդիկ նույնպես: Քոչարյանը, Թովմասյանն ու Սերժի լրատվությոնը լավագույն դեպքում արտասահմանից միայն կհեռարձակվեր, Ռուբեն Հայրաետյանի գույքը սանտորյա կդառնար: Իսկ արձան ունի նաեւ Թումանյանը նույնիսկ Մյասնիկովը, որը քիչ թե շատ հոգացել է մեր ժողովրդի մասին: Հիմա ինչ՝ դուք աշտպան եք կանգնում թալանչիների պահապան «օֆիսին»:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829