Գյումրու Սլաբոդկա թաղամասում Ջուլիետա Ղուկասյանին դաժանաբար ծեծելով սպանելու մեջ կասկածվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատավարությունն այսօր ևս հետաձգվեց։ Սակայն, ի տարբերություն նախորդ դատական նիստերի, որոնք, ըստ էության, այդպես էլ տեղի չունեցան, այս անգամ դատավարությունը սկսվեց, թեև դատարան չէին բերել ամբաստանյալին։ Նրա փոխարեն եկել էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի իրավաբանական բաժնի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսանդր Գլադիշչևը։
Նա դատարանին ներկայացրեց ռազմաբազայի փաստաթուղթն առ այն, որ ռուսական կողմը ռազմաբազայում պահվող Անդրեյ Ռազգիլդեևին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ կտեղափոխի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հրամանից հետո՝ ՀՀ կառավարության կողմից ամբաստանյալի անվտանգության մասին գրավոր երաշխիք ստանալուն պես։
Դատավոր Ադրինե Ղուկասյանը Ալեքսանդր Գլադիշչևից հետաքրքրվեց, թե որևէ տեղեկություն, որևէ փաստ հայտնի՞ է իրենց, որ հնարավոր չէ ապահովել ամբաստանյալի անվտանգությունը։
«Փաստեր ու հիմքեր չունենք կապված տեղափոխման ռիսկային լինելու հետ, սակայն տեղափոխման համար, անպայման, պետք է ստանանք ղեկավարության հրամանը»,- Ալեքսանդր Գլադիշչևի խոսքերը ռուսերենից թարգմանեց թարգմանչուհին։
Կարդացեք նաև
Դատավորը նշեց՝ դատարանը չունի որևէ հիմք ենթադրելու, որ անվտանգությունն ապահովված չէ, և որ դատարանը բոլոր միջոցներով հնարավորինս ապահովել է նրա անվտանգությունը։
Դատախազն էլ ևս հաստատեց, որ ամբաստանյալի անվտանգությունը պատշաճ ապահովված է, նա նշեց, որ առանց ամբաստանյալի անհնար է դատական նիստը շարունակել։
Տուժողի իրավահաջորդի շահերը պաշտպանող Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Արայիկ Զալյանն էլ ասաց, որ ռազմաբազայի կողմից ներկայացված փաստաթուղթը ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի որևէ նորմից չի բխում։
Արայիկ Զալյանը մեջբերեց օրենսդրությունը, համաձայն որի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել նրան բերման ենթարկելու։ Նա միջնորդեց որոշում կայացնել Անդրեյ Ռազգիլդեևիին բերման ենթարկելու, որը, սակայն, դատարանը մերժեց։
Երբ խոսք տրվեց սպանված Ջուլիետա Ղուկասյանի աղջկան, նա հուզված ու զայրացած ասաց․ «Մեկ տարի երկու ամիս եղավ դրա դեմքը չեմ տեսել, մորս կյանքն է խլել, հո հավի ձագ չէ՞ր, ձեզ՝ որպես դատավոր, խնդրում եմ բերեք այստեղ, տեսնենք ինչն ինչոց է։ Դուք այդքան չկա՞ք, որ ռուսին բերեք, կնոջ է տանջամահ անելով սպանել, ծնող եմ կորցրել, վերջը հավի ձագ չէր, էն էլ տանջամահ անելով, Քրիստոսի տանջանք տալով է սպանել։ Ես կուզեմ հանցագործին տեսնել ու իմանալ՝ ի՞նչ էր պատճառը, որ մորս գլուխը կերավ»։
Դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով մարտի 6-ին։
Անդրեյ Ռազգիլդեևի շահերը պաշտպանող Նարինե Ռշտունին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր վստահորդը իրեն մեղավոր չի ճանաչում։
Հարցին՝ ձեզ հայտի՞ է որևէ փաստական հանգամանք, որ Անդրեյ Ռազգիլդեևի՝ ռազմաբազայից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելիս անվտանգությունը չի ապահովվի, փաստաբանն ասաց․ «Ես իրավասու չեմ քննարկել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դիրքորոշումը, դա իրենց դիրքորոշումն է, այդ գրությունը ես ձեր նման առաջին անգամ այսօր տեսա դատարանում»։
Ըստ դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննությունների, ռուս զինծառայողը մեղսունակ է համարվել։ «Դատահոգեբանական, դատահոգեբուժական երգակցության դեմ առարկելու ենք, չենք ընդունում, որ ճիշտ է կատարված, մնացածը դատարանում»,-ասաց փաստաբանը։
Ըստ Նարինե Ռշտունու, Անդրեյ Ռազգիլդեևը գտնվում է 102-րդ ռազմաբազայի կալանավորված անձանց պահելու վայրում, նրան հանդիպել են ՀՀ ու ՌԴ մարդու իրավունքների պաշտպանները ու համապատասխան զեկույցներ են ներկայացրել։
Պաշտպանական կողմը միջնորդել է փոխել խափանման միջոցը, կիրառել գրավ, սակայն չի բավարարվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ