Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկզբունքորեն չեմ պատրաստվում էթիկայի հանձնաժողով ձեւավորել, դա պիտի անեն «Իմ քայլի» պատգամավորները, հատկապես գերդոզայով ֆեմինիստուհիները». Նաիրա Զոհրաբյան

Հունվար 11,2020 16:11

«Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ նույն խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին իր արտահայտած կարծիքի, մտքերի հետ կապված արձագանքել էր այսպես՝ «Ամուսնացիր՝ կանցնի»: Այս վիրավորական արտահայտության հետ կապված, ինչպես տեղեկացրել ենք, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով կանանց իրավունքների պաշտպանության ջատագովներին, իմքայլական կին պատգամավորներին, որոնք մշտապես աղմուկ են բարձրացնում որեւէ հանրային դեմքի կողմից նման անթույլատրելի արտահայտությունների դեպքում. «Էս բա ո՞ւր եք, ազգի Կլարա Ցետկիններ իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ: Կնոջ ամենացավալի նյարդին դիպչելով: Բայց ես ինչ-որ չեմ լսում կանանց դեմ խտրականության, հոմոֆոբիայի, սեքսիզմի դեմ պայքարի առաջամարտիկ թիմակից ֆեմինիստուհիների բողոքն ու ընդվզումը»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Նաիրա Զոհրաբյանին, մյուս պատգամավորներին ոչինչ չի խանգարում ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորել ու քննարկել Կարեն Սարուխանյանի պահվածքը, թույլ տված արտահայտությունը, իրենք ունեն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված այդ գործիքը:

Ուստի Aravot.am-ը Նաիրա Զոհրաբյանին հարցրեց, թե չի՞ պատրաստվում օգտվել այդ գործիքից ու էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել: Նա պատասխանեց. «Սկզբունքորեն չեմ պատրաստվում, դա ինձ համար սկզբունքային հարց է: Ես այդ հարցով չեմ նախաձեռնելու նման գործընթաց, որովհետեւ կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը պիտի դա նախաձեռնի, հատկապես, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր առավոտից երեկո խոսում են կանանց հանդեպ խտրականությունից, ովքեր օրական 9000 ստատուս են գրում կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի, հոմոֆոբիայի մասին, ովքեր բոլոր իրենց ստատուսներում ինձ մեղադրում են, որ ես բավարար չափով ֆեմինիստ չեմ, ես կարծում եմ, որ այդ առավելագույն գերդոզայով ֆեմինիստուհիները, եթե խորհրդարանում ինչ-որ գործընթաց պիտի նախաձեռնեն, իրե՛նք պիտի անեն: Ես իմ գնահատականը հնչեցրել եմ, գտնում եմ, որ տեղի է ունեցել իսկապես շատ տգեղ եւ շատ տհաճ միջադեպ եւ ձեւակերպումը, որն արվել է կին պատգամավորի հասցեին, բացարձակապես անընդունելի է ինձ համար, երբ փորձում են ցավեցնել՝ կնոջ ամենազգայուն նյարդին դիպչելով, բայց ես սկզբունքորեն որեւէ նախաձեռնությամբ հանդես չեմ գալու: Կարծում եմ, «Իմ քայլը» խմբակցությունում կան բավարար չափով կանանց խախտված իրավունքների համար առաջնագծում պայքարող առաջամարտիկներ, ովքեր պիտի որ նախաձեռնեն, բայց ես ինչքան հետեւում եմ, իրենց կողմից քար լռություն է, եւ միակ արձագանքը, որ հնչեցրել են այսօր, իմ գրառմանը փորձել են հակազդել՝ չգիտես ինչու որոշելով, որ ես նկատի եմ ունեցել հատկապես x կամ y պատգամավորի»:

Հարցրեցինք՝ այդ դեպքում, եթե հիմա սպասում եք, որ իմքայլական պատգամավորներն արձագանքեն, ինչո՞ւ այն ժամանակ, երբ ձեր թիմակիցը՝ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էր նման արտահայտություն արել, կանանց ասել էր դինոզավր, այդ գործիքից էլի չօգտվեցիք՝ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես խոսել եմ Գեւորգ Պետրոսյանի հետ: Այսինքն, ի՞նչ գործիքից օգտվեի, նպատակահարմար գտնեի՝ կօգտվեի: Նպատակահարմար չենք գտել՝ չենք օգտվել: Էլի եմ ասում՝ ես սկզբունքորեն չեմ նախաձեռնելու որեւէ գործընթաց այս դեպքում, Գեւորգ Պետրոսյանի դեպքում էլ նպատակահարմար չեմ գտել եւ դա իմ բացարձակ իրավունքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031