Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էս ո՞ւր եք, կանանց դեմ խտրականության առաջնագծում կռիվ տվողներ. կին քաղաքական գործիչները պաշտպանում են «Իմ քայլի» պատգամավորին

Հունվար 11,2020 13:00

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը Մարալիկի ծննդատան փակվելու առնչությամբ գրառում էր կատարել եւ քննադատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի տեսակետը, թե նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ: «Տիկին Սոֆիա Հովսեփյան, երբ դուք դեռ փոխմարզպետ էիք՝ կարող էիք զբաղվել բժիշկների կադրային քաղաքականությամբ, հագեցնեիք մասնագետներով Մարալիկի ծննդատունը, նրանց շնորհիվ ծնունդները կշատանային և բնականաբար աշխատավարձներն էլ կբարձրանար: Շուտվանից գիտեիք նման խնդրի մասին, զբաղվեիք: Ի վերջո, ծննդատունը մարզպետարանի ենթակայության տակ է գտնվում և մարզպետարանը ունի բուժվարչություն: Կա պատճառ և կա հետևանք և այսօրվա առաջացած խնդիրը նաև ձեր չարածի հետևանք է»,- գրել է նա:

Սոֆիա Հովսեփյանն ի պատասխան գրել է. «Այո, դուք ճիշտ եք և ես զբաղվել եմ, հիմա քանի որ բաց, ապա բաց խոսեմ։ 18 աշխատակիցներին տրվեց ծանուցում, որ պետք է ազատվեն, որպեսզի գումար տնտեսվեր, քանի որ ուռճացված հաստիքներ էին: Երկու ամիս անց, երբ պետք է հրամանը լիներ ազատման, գործող մարզպետը կանխեց, քանի որ ըստ տնօրենի հավաստման՝ մի կրճատվողի որդի, որի մայրը ամենատարեցն էր, զանգել էր մարզպետին և գործը կանխվեց: Մարզպետն առաջարկել էր գոնե այդ մեկին թողնեն մնացածին կրճատեն, սակայն տնօրենը չէր արել, բոլորին պահել էր, թեև ես հորդորեցի, որ դա արատավոր երևույթի շարունակություն է ՛ պահանջեցի կրճատել բոլորին ու առաջացավ բախում, և խնդիրը ներկայացրել եմ, թե նախարարին, թե մի շարք այլ անձանց։ Հաստատությունը դրա պատճառով ամսական շուրջ 1 մլն մինուս գնաց, սակայն տնօրենը, վախեցած մարզպետի հրահանգից, չկրճատեց։ Արդյունքում իմ և մարզպետի հարաբերությունները սրվեցին։ Դրանից հետո ընտրվել եմ և եկել ԱԺ։ Այդ նույն հարցով մի քանի անգամ դիմել եմ նախարարի խորհրդականներին, փոխնախարարի, բայց զինվորական տղայի զանգը զորեղ էր։ Արդյունքը սա։ Վերջին հորդորս եղել է տնօրենին մեկ ամիս առաջ, ասեց քննարկեմ՝ կանեմ, քննարկման արդյունքը ծննդատան փակումն էր և սա կփաստեն բոլոր աշխատակիցները, քանի որ այն ժամանակ նույնպես իմ ջանքերով պահվեց»:

Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն այս առնչությամբ արել է հետեւյալ գրառումը. «Քանի որ Սոֆիա Հովսեփյանը նշեց նախկին մարզպետին ու ներկայացրեց, որ իմ կողմից է եղել հրահանգ, որ չազատեն աշխատանքից 18 հոգու, ապա հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել այդ մասով։

Սոֆյան որքան էլ որ համակարգել է առողջապահության և կրթության ոլորտը, ի զարմանս ինձ, պարզվում է, որ տեղյակ չի եղել իր կողմից համակարգվող հաստատության ֆինանսական վիճակից և այստեղ ապատեղեկատվություն է փորձում տարածել, որն էլ շեշտեմ, որ բացարձակ անհիմն է և ստեղծագործ ժանրին է բնորոշ։

Այո, 2018 թվականի հունիսի 1-ից ես պաշտոնավարել եմ Շիրակի մարզում որպես մարզպետ ու բավականին բարդ փուլում՝ հետհեղափոխական։

Մարալիկի ԱԿ֊ի տնօրենը, ում ես եմ նշանակել ԺՊ (Սոֆյա Հովսեփյանի առաջարկությամբ՝ որպես ոլորտը համակարգող) դեռ իմ կողմից ԺՊ նշանակելուց 1 ամիս հետո, երբ չէր կարող ամբողջական պատկերացում ունենալ ԱԿ-ի աշխատանքների մասին, ինձ դիմել է, որ ցանկանում է աշխատանքից ազատել 18 հոգու, ովքեր տարեց են և դիմել է այն ժամանակ, երբ Մարալիկում առանց այն էլ լարված իրավիճակ էր՝ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով մարդիկ փողոցներ էին փակում։

Ես առաջնահերթ մտածել եմ տարածքի խաղաղության պահպանման համար և ավելորդ լարվածություններ թույլ չեմ տվել։ Այո, նպատակահարմար չեմ գտել ազատումը և որպես վերադաս խորհուրդ եմ տվել տնօրենի ԺՊ-֊ին խուսափել ազատումներից, քանի որ դեռ ԺՊ է (ասեմ, որ արդեն 1 տարուց ավել է ԺՊ է, քանի որ մրցույթներին մասնակցել և կտրվել է )։

Բացի դրանից հիմնվել եմ այդ տարի սույն հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքների վրա, որտեղ հստակ նշվում է, որ ֆինանսական ծանր պայմանների է հասցրել ԱԿ-ում ոչ թե այդ աշխատողների լինելու հանգամանքը, այլ ծննդատան աշխատանքը՝ կախված ծնելիության քանակի նվազ լինելուց։

Սոֆյա Հովսեփյանը կարող է ծանոթանալ այդ փաստերին։

Իսկ ինչ մնում է, որ ես ինչ որ մեկի զանգով, կամ ինչ որ մեկի համար չեմ արել դա, ապա Սոֆյան ուղղակի սուտ է խոսում, ես երբեք որևէ մեկի զանգով չեմ առաջնորդվել իմ որոշումների կայացման փուլում, որևէ մեկին հովանավորչություն չեմ արել։

Այսքանը, կներեք, որ երկար էր, էլ այստեղ չեմ շարունակելու։ Այն ամենն ինչ գրված է՝ բոլորն ապացուցման ենթակա է:

Իսկ Սոֆյային երկու խորհուրդ կտամ.

1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով։

2. Ամուսնացիր՝ կանցնի»:

Վերջին արտահայտությունը բուռն արձագանքների տեղիք է տվել: Ի պաշտպանություն «Իմ քայլի» պատգամավորի հանդես է եկել անգամ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը, որը գրել է. «Ես նույնպես ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին անձամբ չեմ ճանաչում, սակայն նույնպես բազմիցս համոզվել եմ, որ նա սկզբունքային մարդ է։

Ինձ համար զավեշտալին ոչ այդքան մեկ այլ պատգամավորի կողմից այդ ցինիկ արտահայտությունն է, ինչը, բնականաբար, խիստ դատապարտելի է, որքան զավեշտալի է կանանց իրավունքների համար ամեն պատեհ կամ անպատեհ առիթներով արհեստածին աղմուկ բարձրացնող «քաղաքացիական հասարակության» ներկայիս լռությունը։

Սիրելիներս, ռեալ դեպք է, կնոջը, այն էլ հանրային կերպարին, հրապարակայնորեն վիրավորել են, վիրավորել է արական սեռի իր գործընկերը, վիրավորել է սեփական կարծիք ունենալու և բարձրաձայնելու համար, մի ձայն հանեք…

Տիկին Սոֆյա Հովսեփյան, ընդունեք իմ լիակատար աջակցությունը, ինչպես նաև նման դրսևորումների խիստ դատապարտումը։

Թե բա՝ կանանց հանդեպ բռնությունների կանխարգելում, դատապարտում, իրավունքների պաշտպանություն»:

Համահունչ գնահատականներով հանդես է եկել նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որը ՖԲ իր էջում գրել է. «Էս բա ո՞ւր եք, ազգի Կլարա Ցետկիններ

Իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ: Կնոջ ամենացավալի նյարդին դիպչելով: Բայց ես ինչ-որ չեմ լսում կանանց դեմ խտրականության, հոմոֆոբիայի, սեքսիզմի դեմ պայքարի առաջամարտիկ թիմակից ֆեմինիստուհիների բողոքն ու ընդվզումը:

Էս ո՞ւր եք, կանանց դեմ խտրականության առաջնագծում կռիվ տվող ռոզալյուքսեմբուրգներ ու կլարացետկիններ: Թե՞ ձեր ֆեմինիստական «դուխը» հերիքում է մինչև առաջին պատահած միջազգային կառույցի դուռը` հերթական գրանտը ստանալու և կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի դեմ, գրանտի չափաբաժնի շրջանակում, «պայքարելու» համար, ու մեկ էլ օրը 90 հատ նամակ տարբեր ատյաններ գրելու, որ Նաիրա Զոհրաբյանը ոնց որ թե էնքան էլ ֆեմինիստ չէ:

Ձեր կին գործընկերոջն են վիրավորել ու վիրավորանքը ձեր սիրած սյուժեի շրջանակում է, ինչի մասին օրը հազար հատ ստատուս եք գրում ու նույնքան էլ հարցազրույց տալիս:

Իսկ իրականում` դուք չեք էլ պատկերացնում, թե ինչքան ողորմելի ու խեղճ եք, հոգով ինչքան հաշմանդամ եք ու ինչքան տգեղ եք էդ ձեր կեղծ արժեքներով ու հերթական գրանտի սահմաններում լալահառաչ տեքստերով:

Ու ինչ լավ է, որ ձեր տեսակը` մանկուրտ, անհայրենիք ու կեղծ՝ քիչ է, ու ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ հանկարծ չշատանաք:

Դա ես ձեզ խոստանում եմ»:

Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանի այս գրառումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ՖԲ իր էջում գրել է. «Իսկ դու այսօր դատապարտե՞լ ես սեքսիզմը (սեռի հիմքով խտրականությունը), ռասիզմը (ռասայի հիմքով խտրականությունը), կլասիզմը (սոցիալական ծագման հիմքով խտրականությունը), էյջիզմը (տարիքի հիմքով խտրականությունը), էյբլիզմը (խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ):

Իսկ ինչ-որ մեկը կարողացել է դատապարտել քո «լռությունը» և դա անելիս մի քիչ սեքսիզմ, մի քիչ էյջիզմ ու մի քիչ էլ էյբլիզմ դրսևորել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031