Իրավակարգի վերջին բաստիոնը պաշարման մեջ է
2020-ի նախաշեմին երկիրը բախվում է քաղաքական քաոսի. գործադիր իշխանությունը վերացնում է զսպումների եւ հակակշիռների գործող համակարգի բոլոր ինստիտուցիոնալ բաղադրիչները, կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ընտրովի և հետադարձ ուղղվածության բնույթ, մինչդեռ գործող կոռուպցիոն նոր սխեմաներն ու դերակատարները դեռևս մնում են ստվերում, քաղաքական ուժերից մեկը, որը ժամանակին աջակցում էր ներկայիս վարչապետին, հայտարարում է հաջորդ տարի արմատական ընդդիմություն դառնալու մեկնարկի մասին, Լեռնային Ղարաբաղի շուրջ դիվանագիտական գործընթացը մտել է փակուղի, մինչդեռ տարածաշրջանային տերությունները վերակառուցում են իրենց դաշինքները այնպիսի ուղղվածությամբ, որը կարող է հարկադրել Հայաստանին էական զիջումների գնալ Արցախի անկախության և վերահսկվող տարածքների հարցում, սփյուռքն ամբողջությամբ մեկուսացված է Հայաստանի գործընթացներին մասնակցություն ունենալուց և նրան սոսկ կոչ են անում ավելի շատ նվիրատվություններ անել, մինչդեռ սփյուռքում դրամահավաքն ակնհայտորեն կրճատվում է ։
Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ տնտեսությունը դինամիկ առաջընթաց է ապրում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղմթերքների արտադրությունը, զբոսաշրջիկությունը, հանքարդյունաբերությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիմի կողմից ընդունված և իրագործված ռազմավարության եւ միջոցառումների շնորհիվ։ Իրականում, այսօրվա տեսանելի արդյունքը անցյալի միջոցառումների արդյունքն է, և այն չէր կարող իրականացվել վերջին 18 ամիսների ընթացքում, քանի որ նման ձեռքբերումները պայմանավորված են ավելի երկարաժամկետ շրջափուլերով:
Ուստի հարց է ծագում, թե ինչու է ներկայիս ղեկավարությունը նման համառությամբ իրականացնում բոլոր հաստատությունների միակուսակցական կենտրոնացված կառավարումը, առանց ապահովելու նրանց գործունեության նկատմամբ հսկողության և վերահսկողության երաշխիքներ: Մենք արդեն իսկ կարող ենք տեսնել որոշ երիտասարդ «հետհեղափոխական» պաշտոնյաների հարկադրված հրաժարականներ՝ արագ և ապօրինի եկամուտներ ստանալու համար իրենց գործառույթներից օգտվելու գայթակղության պատճառով ։
Կարդացեք նաև
Պետական նպատակահարմարությունը և ազգային շահերը
Երկրի անվտանգության համար առավել մեծ վտանգ է ներկայացնում 1999թ. Հայաստանի խորհրդարանի դեմ կատարված հարձակման քրեական գործի վերաբացման վերաբերյալ որոշ անձանց պահանջը:
Նրանք, ովքեր ծանոթ են պետական գործերի կառավարման արվեստին, ցանկացած երկրում, այդ թվում՝ առավել լիբերալ և ազատ երկրներում, լավատեղյակ են “raison d ‘Etat” (պետական նպատակահարմարության) հայեցակարգին։ Այն պետք է օգտագործվի խելամիտ կերպով և խիստ հազվադեպ: Այդ իսկ պատճառով նշված հայեցակարգը ենթադրում է որոշակի երաշխիքներ, ինչպիսիք են համաչափության, խիստ անհրաժեշտության, խտրականության բացառման և հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները:
Այլ կերպ ասած, 1999 թվականի հոկտեմբերի գործը վերաբացելու համար անհրաժեշտ է շատ ուշադիր կշռադատել բոլոր «կողմ» և «դեմ» հանգամանքները և առանցքային հարցը պետք է լինի՝ կարո՞ղ են հետևանքներն ավելի ծանր լինել, քան ճշմարտությունը ծածկելը: Ես անձամբ չգիտեմ ճշմարտությունը, բայց այսպիսին են կանոնները նման նրբազգաց գործի դեպքում, և իսկական պետական գործիչը պետք է դրանք իմանա։
Հետևաբար, ազգային շահերը հազվադեպ են նույնանում պետական նպատակահարմարության հետ: 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու համակարգի կապակցությամբ ՍԴ դատավորների վրա գործադրված աներևակայելի ճնշման համատեքստում, ՀՀ նախագահը, ով սահմանադրական իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան՝ նման համակարգ սահմանող օրենքի սահմանադրականությունը որոշելու համար, բավականին երկիմաստ հայտարարություն է արել՝ ՍԴ չդիմելու իր որոշումը հիմնավորելու նպատակով։ Նա հայտարարել է, որ որոշումը կայացրել է «ազգային շահերը» պաշտպանելու նպատակով։
Ի՞նչ է դա նշանակում։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ նա գիտի տվյալ օրենքի սահմանադրական խոցելիության մասին, բայց նախընտրում է խուսափել գործադիր իշխանության հետ կոնֆլիկտից, թե՞ դա նշանակում է, որ նա լիովին ազատ չէ և անկախ չէ իր որոշման կայացման հարցում ։
Այս օրենքը քաղաքական հեղաշրջում է
Օրինագծի ընդունման հանգամանքները և, ինչպես կառավարության, այնպես էլ ՀՀ խորհրդարանի կողմից այդ քայլի հստակ ձեւակերպված նպատակները այս օրենքը դարձնում են բացառապես քաղաքական նկատառումներով հիմնավորված:
Այն ուղղված է միակուռ քաղաքական իշխանության դեմ դիմադրության վերջին բաստիոնը նվաճելուն։ Իսկապես, 9 դատավորներից 7-ը համարվում են ներկայիս գործադիր իշխանության ախոյաններ, քանի որ նրանց նշանակել են նախկին կառավարողներն ու խորհրդարանները։ Սակայն չկան լուրջ ապացույցներ, որոնք հաստատում են այն պնդումները, թե այդ դատավորները կատարում են իրենց պարտականությունները սխալ կերպով: Գործադիր իշխանությունն ու խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը ՍԴ դատավորների մասին ենթադրյալ ընկալման վերաբերյալ իրենց կանխավարկածը հիմնավորում են հասարակական կարծիքով։ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկման ընթացքում, գործադիր իշխանությունը, զուրկ լինելով փաստարկներից, սույն օրենքը հիմնավորում է հետհեղափոխական 2018 թվականի համատեքստում ինստիտուցիոնալ հեղափոխության հասնելու անհրաժեշտությամբ։
Մեղավորության կանխավարկածը հակասում է Իրավունքի համընդհանուր սկզբունքներին, որոնք, ընդհակառակը, պարտավորեցնում են յուրաքանչյուր մարդու համարել անմեղ։ Տվյալ դեպքում, առկա վիճակը հավասարազոր է հասարակական կարծիքի միջոցով մեղսագրմանը, ինչը խստորեն անընդունելի պրակտիկա է։ Կարծիքի ազատությունը համընդհանուր հիմնարար իրավունք է ։
«Հանրային ընկալման» վրա կանխավարկած հիմնելն իմաստազուրկ է։ Բավականին դժվար է, կամ գուցե, հնարավոր չէ լրջորեն չափել հասարակական կարծիքը ։ Իսկապես, հասարակական կարծիքը բոլոր պաշտոնյաներին ընդհանրապես դիտում է որպես կասկածյալ, հատկապես, եթե նրանք նշանակված են նախկին կառավարողների կողմից ։ Այդ դեպքում պե՞տք է արդյոք նրանց բոլորին ստիպել վաղաժամ թոշակի անցնել։
Առկա է կամայական խառնաշփոթ հակակոռուպցիոն քաղաքականության և իշխանության բոլոր լծակները վերահսկելու անհրաժեշտության միջև, մինչդեռ դրանք անկախ գործընթացներ են, իսկ օրենքի գերակայության դեմ ոտնձգություններն արգելված են Սահմանադրությամբ:
Հակակոռուպցիոն քաղաքականությունը դատական համակարգի, այդ թվում՝ ՍԴ-ի բնականոն գործունեության լավագույն երաշխիքն է։ Դատավորներին իրենց պաշտոններից հեռացնելու կարիքը չկա, մանավանդ որ ոչ մի երաշխիք գոյություն չունի, որ նոր դատավորները, որոնք անշուշտ, պակաս փորձառու լինելով և ներկայիս խորհրդարանի պարտադրանքով նշանակվելով, կլինեն անկախ։
Իշխանության բոլոր լծակները վերահսկելը նշանակում է ժողովրդավարական պետության հիմքերի, օրենքի գերակայությունն ապահովող միջոցների, մասնավորապես ՝ իշխանության տարանջատման խաթարում է։ Մենք վերադառնում ենք խորհրդայնացման ժամանակաշրջանին։
Հայաստանում, ինչպես և հետխորհրդային բոլոր երկրներում, զսպումների և հակակշիռների համակարգը պետք է լինի իրական և գործի հանուն ժողովրդավարության և մարդու ազատությունների։
Առողջ ժողովրդավարության պայմաններում քաղաքական տարածքը պետք է տրամադրվի ընդդիմությանը, և Սահմանադրությունը ստեղծված է այդ նպատակի համար՝ ապահովել քաղաքական փոփոխությունն առանց ամբողջ հիմնական օրենքի վերակառուցման և առանց ՍԴ անդամների պաշտոնազրկման՝ ամեն անգամ, երբ հայտնվում է գործադիր իշխանության որևէ նոր ղեկավար:
Ամենահանրահայտ օրինակը ԱՄՆ Գերագույն դատարանն է, որտեղ դատավորները ցմահ են նշանակվում։ Եթե դեմոկրատ նախագահ ընտրվի 4 կամ 8 տարի անց, նա ընդունելու է պահպանողականների կատարված նշանակումներով Գերագույն դատարանը: Ֆրանսիայում նույնպես, Սահմանադրական խորհրդի անդամների թեկնածությունները չեն արտացոլում իշխանության մեջ գտնվող քաղաքական կուսակցությունը։
Այսպիսի օրենք ընդունելը, այն դեպքում, երբ նման փորձեր արվում են Լեհաստանում, որտեղ յուրաքանչյուրը կարող է ականատես լինել Եվրամիության բացասական արձագանքին, նշանակում է ավելի շատ խնդիրներ հարուցել ԵՄ հաստատությունների հետ այն հարցերում, որոնք, վերաբերում են Հայաստանի քաղաքական վարկին եւ օգնության ապագա ծրագրերին: Թեպետ, պետք է խոստովանել, որ Եվրոպական հանձնաժողովը երբեք չի հասկացել հետխորհրդային երկրների իրողությունները: Նրանք իրականում նախընտրում են ծախսել իրենց բյուջեները, քան հասկանալ այդ իրողությունները։
ՍԴ-ի շուրջ խառնակությունը տեղի է ունենում մեկ անձի հավակնությունների պատճառով: Չնայած Վահե Գրիգորյանն ընտրվել է ՍԴ-ում, նա չի մասնակցում ՍԴ նիստերին և փոխարենը մանևրներ է կազմակերպում դատարանից դուրս, նպատակ ունենալով տապալելու 7 դատավորներին, և հաջողության դեպքում, դառնալ դատարանի նախագահ։
Օրենքն ավելորդ էր՝ նախընտրելի էր սահմանադրական փոփոխությունը
Այդ օրենքն առաջ մղողների իրավական փաստարկները կառուցվում են ՍԴ-ի մասին օրենքի 88.4 հոդվածի վրա, համադրելով այն նույն օրենքի այլ հոդվածների հետ (12.4 եւ 10.2): Բոլոր երեք հոդվածներում խոսքը գնում է պաշտոնաթողության և կենսաթոշակի անցնելու որոշման կամավորության մասին։
ՀՀ խորհրդարանի ընդունած օրենքը հաշվի է առնում Վենետիկի հանձնաժողովի եզրակացության ասպեկտներից մեկը (տես կետ 57-60-ը, Կարծիքներ № 963/2019-14 հոկտեմբերի 2019 թ.), որում ասվում է, որ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու մասին որոշումը պետք է իսկապես լինի կամավոր:
Իրականում, հաշվի առնելով ընդունված օրենքը և խորհրդարանի և գործադիր իշխանության (արդարադատության նախարարության) կողմից հրապարակավ ճանաչված քաղաքական նպատակները, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացված իրավաբանական ու քաղաքական հետապնդումները, կարելի է ասել, որ այդ օրենքն ու նրա նպատակը ակնհայտորեն հակասում են Վենետիկի հանձնաժողովի սահմանած չափանիշներին: Այդ չափանիշները բացառում են կենսաթոշակի հարցի կապակցությամբ դատավորների նկատմամբ ցանկացած անհարկի (քաղաքական կամ անձնական) ճնշում, ինչպես նաև օրենքի ցանկացած նպատակաուղղված ձեւակերպում ՝ դատարանում քննվող գործերի ելքի վրա ազդելու նպատակով (օրինակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործը): Բացի այդ, նրանք նախազգուշացնում են ինը դատավորներից մի քանիսի եւ նույնիսկ յոթի միաժամանակյա հրաժարականի հնարավոր վտանգի մասին, ինչը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությանը:
Որպես այդ հարցի վերաբերյալ եզրակացություն, հաշվի առնելով իշխանությունների տարանջատման եւ անկախության նկատմամբ սպառնալիքը, Վենետիկի հանձնաժողովի ընդհանուր հանձնարարականների անտեսումը եւ ՍԴ դատավորների հանդեպ հրաժարականների հետ կապված, ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային անձնական ճնշումները, սույն օրենքը հանդիսանում է ոտնձգություն իրավունքի գերակայության դեմ, եւ ավելի նախընտրելի կլիներ առաջարկել փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ ՝ հանրաքվե անցկացնելու միջոցով:
Օտարերկրյա դիտորդները, այդ թվում Վենետիկի հանձնաժողովից, ինչպես նաեւ տեղական շատ վերլուծաբաններ ու լրագրողներ, բացատրել են ակնհայտը. մենք չենք կարող ՍԴ դատավորներին փոխել ամեն անգամ, երբ երկրում նոր քաղաքական ղեկավարություն է հայտնվում: Վենետիկի հանձնաժողովն ասում է. «անփոխարինելիությունը կոչված է Սահմանադրական դատարանի դատավորներին զերծ պահել օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից ։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար գործող դատավորներին փոխարինել իրենց ցանկությամբ ընտրված դատավորներով » (Կարծիքի 58-րդ կետ) ։ Դա՛ է ողջախոհությունը:
Արդյոք դա նշանակու՞մ է, որ ներկայիս քաղաքական մեծամասնությունը բացառում է ապագայում քաղաքական բեկում մտցնելու ցանկացած գաղափար։
Օրենքը հակասահմանադրական է
Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին օրենքի վերլուծությունը բավական պարզորոշ ցույց է տալիս, որ այդ օրենքը խախտում է Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի մասին օրենքը ։
Իշխանությունների տարանջատումն ամրագրված է Սահմանադրության 4-րդ հոդվածով: Դրանում նախատեսված չեն իշխանության ճյուղերի հավասարակշռությունը խախտելու համար հատուկ հանգամանքներ կամ պայմաններ։
Մենք կարող ենք քննարկել նաեւ ՍԴ-ի մասին օրենքի 7.3-րդ հոդվածի խախտումը, որը սահմանում է. «Սահմանադրական դատարանի դատավորի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որեւէ ներգործություն անթույլատրելի է եւ հետապնդվում է օրենքով»։ Գործադիրի եւ օրենսդիր իշխանության հստակ երևացող նպատակի ուժով, որը կայանում է այն դատավորներից ձերբազատվելու մեջ, որոնք ենթադրաբար կարող են ընդդիմանալ իրենց, սույն օրենքը խախտում է ՍԴ-ի մասին օրենքի այդ հոդվածը:
«Կաշառատվության» մասին լայնորեն տարածված մեկնաբանությունները հեռու չեն իրականությունից: Մենք ծածուկ կաշառատվության տիրապետությունից անցել ենք հրապարակային կաշառատվության իրողությանը: Մենք իսկապես կարող ենք այդ շահավետ կենսաթոշակային սխեման դիտարկել որպես «նվեր» ՍԴ-ի մասին օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի խախտմամբ։ Այս սխեման կարող է որակվել որպես ծառայության մատուցում կամ շահի ստացում:
Ավելի հստակորեն ասած, այս օրենքը խախտում է օրենքի առջեւ քաղաքացիների հավասարության սկզբունքը, և այդպիսով նշանակում է Սահմանադրության 28-րդ հոդվածի խախտում:
Ուրիշ ո՞ր պետական ծառայողներն են օրենքով ստանում նույն արտոնությունը վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու համար։ Ոչ ոք, նույնիսկ այլ դատարանների դատավորները:
Կարելի է հակադարձել, որ նրանք Հայաստանի պետական մարմիններում միակ պաշտոնյաներն են, ովքեր օգտվում են ցմահ պաշտոնավարումից ։ Բայց նոր Սահմանադրության մեջ դա արդեն այդպես չէ։ Նույնիսկ եթե այդ փաստարկը հիմնավոր լիներ, ապա կրկին, Սահմանադրությունը պետք է նշեր այդ բացառությունն ու նրա հետ կապված իրավական պաշտպանության միջոցները անցումային դրույթներում։ Բայց դա այդպես չէ։
Ինչ վերաբերում է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների այն պնդմանը, թե ՍԴ դատավորները ներկայիս քաղաքական ղեկավարությանը հակառակ կարծիքի են, մենք կարող ենք նաեւ համարել, որ տեղի է ունենում Սահմանադրության 29-րդ հոդվածի խախտում, որն արգելում է քաղաքացիների ցանկացած խտրականություն քաղաքական հայացքների հիման վրա:
ՍԴ դատավորները նույնքան քաղաքացիներ են, որքան մյուսները։ Նրանք օգտվում են նույն իրավունքներից եւ ազատություններից։ Նրանք պարտավոր են միայն պահպանել գաղտնիության խիստ կանոնները և հրապարակայնորեն անձնական կարծիքներ չհայտնել այն հարցերի և թեմաների շուրջ, որոնք առնչվում են իրենց կողմից վարվող դատական գործերին ։
Շահերի բախման մասին
ՍԴ-ն պարտավոր է ստուգել ցանկացած օրենքի սահմանադրականությունը ՝ առանց իրեն ներկայացվող օրենքի բովանդակության նկատմամբ որևէ սահմանափակման։ Սահմանադրության մեջ ոչինչ չկա, ինչը կարող է խանգարել ՍԴ դատավորներին վերլուծել և քննարկել այն օրենքը, որը վերաբերում է իրենց։ Դա նշանակում է, որ Սահմանադրության մեջ, կամ ՍԴ-ի մասին օրենքում ոչինչ չի խանգարում նրանց կարծիք հայտնել այդ օրենքի վերաբերյալ։
Այսպիսով, այս հարցը իրավական ոլորտից չէ, այլ ավելի շատ վերաբերում է հասարակության ընկալմանը: Հավանաբար հենց դրա վրա են խաղադրույք կատարում այդ օրենքի քարոզիչները։ Դա ծուղակ էր ոչ միայն ՍԴ դատավորների, այլև ՀՀ նախագահի համար, եթե նա դիմեր ՍԴ ։
ՍԴ-ի համար իրենց որոշման հանդեպ վստահություն ապահովելու առումով հնարավոր միջոցներից մեկը կարող էր լինել այն, որ իրենց կարծիքը Հայաստանում ներկայացնեն միայն Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ձևավորումից հետո: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ ՀՀ նախագահը որոշեց չդիմել ՍԴ-ին տվյալ օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով:
Նախագահ Սարգսյանն իրեն դրսևորեց որպես քաղաքական դաշտի իմաստուն կանոնավորող եւ Հայաստանի առաջխաղացման գործում օտարերկրյա ներդրողների ներգրավման հարցում արդյունավետ ներկայացուցիչ: Նա շատ լավ է աշխատում, իշխանության գալուց ի վեր: Սակայն նրա ձեռքերը կապված են, երբ խոսքը վերաբերում է ներքին քաղաքականության հիմնախնդիրներին:
2018-ի մարտին ես կանխատեսում էի, որ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի իրավական տեսանկյունից համապատասխանության շուրջ կասկածները, հատկապես քաղաքացիության վերաբերյալ պահանջներին չհամապատասխանելը, հետագայում կարող են խոչընդոտել մանևրելու նրա կարողությունը:
Նիկոլ Փաշինյանը, Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը և նրա ստվերային խորհրդատու Վահե Գրիգորյանը այդ ժամանակից ի վեր ապացույցներ են ձեռք բերել, որ Արմեն Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու լինելու պայմանները լիովին չեն պահպանվել, ինչպես որ ամրագրված է Սահմանադրությունում:
Արդյո՞ք դա ազդել է նախագահի որոշման վրա։ Դժվար է ասել, բայց, ի վերջո, նա հայտնվել է թակարդում: Եթե նա դիմեր ՍԴ, ապա բաց հակամարտություն կունենար վարչապետի հետ։ Եթե նա որոշեր, ինչպես որ արեց, դիմում չներկայացնել, ապա կարժանանար ապագա ՍԴ-ի բարյացակամ վերաբերմունքին, եթե իհարկե Վահե Գրիգորյանը հաջողացնի ստանալ ՍԴ նախագահի պաշտոնը:
Երկու տարբերակով էլ մանևրելու ոչ մի հնար չկա, եթե որևէ մեկը կախման մեջ է այլ անձանց բարի կամքի դրսևորումից կամ ենթակա է շանտաժի: «Ազգային շահերը» նման իրավիճակում կայացված որոշման դեպքում կարող են ստանալ «անձնական շահերի» պաշտպանության երանգավորում:
Ուստի, Սահմանադրական դատարանի 7 դատավորները, որոնք դարձել են այդ բոլոր խայտառակ և կեղտոտ մանևրների թիրախը, մենակ են մնացել Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության վերջին հենարանի պաշտպանության հարցում։ Նրանց պետք է աջակցեն քաղաքական ուժերը և հասարակությունը, որպեսզի նրանք մերժեն այդ առաջարկը և կանխեն մաքիավելիական սցենարի հաջողությունը։
Ֆիլիպ-Րաֆֆի Կալֆայան
Փարիզ