Այսօր Երեւանի ավագանու նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին:
Խաժակյանը մեջբերեց Պողոսյանի հարցազրույցից մի հատված. «Ավետ Պողոսյանը նշանակվելուց անմիջապես հետո հյուրընկալվեց հեռուստահարցազրույցի։ Բառացի մեջբերում եմ պարոն Պողոսյանի խոսքը՝ զարմանալին այն է, որ 2018-ի քաղաքական պրոցեսները մեր հասարակության բոլոր խմբերին պետք է ազատագրած լիներ այն ստիպողականությունից, որ իրենց սահմանափակեր ինչ-որ սահմանների մեջ, այդ թվում՝ կուսակցություններին, բայց ինչպես տեսնում ենք, որոշ կուսակցություններ սովոր չեն ազատությանը եւ սովոր են, երբ իրենց ուղղորդում են․․․ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», այն տոնայնությունը, որով խոսում են ավագանու անդամները, «Լուսավոր Հայաստանին» պատիվ չի բերում։ Ես պարզ ասեմ՝ մենք բոլոր լեզուներով խոսակցությունների պատրաստ ենք՝ Երեւանի ժարգոնից սկսած՝ քաղաքագիտական վերլուծությամբ վերջացրած։ Եթե փորձեն վնասել իշխանություններին, իրենց կարծիքով՝ քաղաքապետարանին, իրենց ուղղորդողների դեպքում թարս աճեցին բույսերը․․․ հակառակ դեպքում թող բացատրեն քաղաքական նպատակահարմարությունը որն է»։
Ապա Խաժակյանը Պողոսյանին որպես պատասխան եւ հակադարձում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս ԱԺ-ում որպես պատգամավոր արած հայտարարությունը. «Դուք եկել եք այստեղ, հանդուգն եւ լկտիության հետ սահմանակցող հայտարարություններ եք անում պատգամավորների հասցեին, տվյալ դեպքում՝ ավագանու անդամների հասցեին, դուք ձեզ ի՞նչ եք թույլ տալիս։ Բայց անկեղծ ասած, ես ձեզ հետ բանավեճ չունեմ, որովհետեւ դուք չափազանց փոքր ֆիգուր եք ձեր հետ բանավեճի մեջ մտնելու համար։ Իմ բանավեճը ձեր քաղաքական ծնողների հետ է, էնպես որ, ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել»։
«Լույս» խմբակցության ղեկավարն այս հիշեցումից հետո ասաց. «Պարոն Պողոսյան, ես ընդդիմադիր Փաշինյանի արտահայտած խոսքերին, այդ կոնտեքստում, ավելացնելու ոչինչ չունեմ»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Խաժակյանի այս ելույթից հետո «Լույսի» իր գործընկեր Անի Խաչատրյանը համբուրեց նրան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Այս տղան էլ է հաղթանկ և ինչու չէ . ապագա: