Aravot.am-ը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի հետ կատարվածը, որին ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել:
«Տեղի ունեցածն անընդունելի է: ՀՀ Ոստիկանությունը պետք է հիմնավորի գործողությունների իրավաչափությունը և ներողամտություն հայցի Դավիթ Ափոյանից: Այս պահվածքը հարիր չէ ՀՀ Ոստիկանությանը»,-պատասխանեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
Մեր դիտարկմանը` Դավիթ Ափոյանը պնդում է, որ ինքը դիմադրություն ցույց չի տվել, որպեսզի իրեն ձեռնաշղթաներով տանեն, մինչդեռ ռեկտորի պաշտոնակատարը հակառակն է պնդել, պարոն Գեւորգյանը պատասխանեց. « Ես այդ պահին համալսարանում չէի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցում էի միջոցառման, զանգահարեց Դավիթ Ափոյանը և ասաց, որ քննիչները եկել և ցանկանում են իրեն բերման ենթարկել: Ասացի՝ հեռախոսը փոխանցիր քննիչներին, նա էլ տեղեկացրեց, որ վերջիններս հրաժարվում են վերցնել հեռախոսը: Զանգահարեցի ԵՊՀ անվտանգության պետին և ասացի, որ հեռախոսը փոխանցի քննիչներին: Նրանցից հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել: Ի պատասխան՝ նշեցին, որ ցանկանում են հարցաքննել ՈՒԽ նախագահին: Նրանց հիշեցրի, որ գտնվում են համալսարանում և գործ ունեն ուսանողի հետ: Հորդորեցի պահել պատշաճ և զգուշացրի, որ համալսարանում բռնի և անօրինական գործողություն չպետք է լինի: Նրանք էլ հավաստիացրին, որ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:
Որոշ ժամանակ անց ինձ զանգահարեց անվտանգության պետ Լ. Առուստամյանը և ասաց, որ Դավիթին բերման ենթարկեցին: Ես շտապ դուրս եկա: Սկզբում գնացի Քննչական կոմիտե՝ կարծելով, որ այնտեղ կլինի Դավիթը, բայց ինձ ասացին, որ բաժանմունք են տարել Դավիթին: Գնացի այնտեղ, մուտքի առջև լրագրողներ կային: Նրանց հարցերին չպատասխանեցի՝ արագ ներս մտնելով, որովհետև իմ խնդիրն արագ Դավիթին օգնություն ցույց տալն էր: Մտա այն պահին, երբ Դավիթին արդեն դուրս էին տանում: Գնացի բաժանմունքի պետի մոտ՝ հարցնելով, թե ինչ է պատահել: Ինձ ասացին, որ Դավիթը դիմադրություն է ցույց տվել: Ես էլ հերքելու կամ հաստատելու փաստերի այդ պահին չէի տիրապետում:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցի, թե ինչ է լինելու: Ասացին, որ Դավիթին կհարցաքննեն և բաց կթողնեն: Էլի խնդրեցի, որ որևէ անօրինական գործողություն չլինի: Դուրս եկա բաժանմունքից: Մուտքի մոտ կանգնած լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է եղել, ես էլ ասացի այն, ինչ քննիչներն էին ինձ փոխանցել, և փաստեցի, որ Դավիթին շուտով բաց կթողնեն: Համալսարանի ներսում Ոստիկանության այս պահվածքը, այն էլ իմ հորդորից ու պահանջից հետո, անընդունելի է:
Այս իրավիճակում ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ, որով կամ կպարզաբանեն և կհիմնավորեն այդ գործողությունը, կամ ներողամտություն կհայցեն Դավիթ Ափոյանից: Լռել և սպասել, թե ում ուսերին կընկնի մեղքը, կրկնում եմ ՀՀ ոստիկանությանը հարիր պահվածք չէ»:
Դավիթ Ափոյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ արդեն երկրորդ դեպքն է, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ ինչ-որ «պատահականությունների» արդյունքում ինքը հայտնվում է ոստիկանական բաժանմունքում, ուստի ռեկտորի պաշտոնակատարին խնդրեցինք մեկնաբանել ուսխորհրդի նախագահի այս պնդումը: «Անկեղծ ասած որևէ կապ չեմ տեսնում, կարծում եմ սա ընդամենը պատահականություն է»,- ասաց Գեղամ Գեւորգյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ