Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ափոյան. «Ինձ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու ենք»

Դեկտեմբեր 24,2019 18:45

Այսօր բերման ենթարկված ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն արդեն ազատ է արձակվել: Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժին՝ որպես վկա, դեկտեմբերի 20-ին ԵՊՀ-ի բակում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների գործի շրջանակներում:

Ոստիկանությունում հարցաքննվելուց հետո Ափոյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իրավապահները իրեն բերման են ենթարկել ԵՊՀ-ի ուսխորհրդի սենյակից, բայց նախ ներկայացրել են բերման ենթարկելու հիմքերը. «Ու հիմքերը շատ նոսր են ներկայացնում՝ ինչ-որ մեկին ճանաչում եմ…Ես ասում եմ՝ հա, պատրաստակամ եմ, եթե օրենքի պահանջով պետք է ներկայանամ, խնդիր չկա, բայց ես պահանջում եմ պաշտոնական ծանուցում լինի: Չի ներկայացվում»:

Ափոյանի պատմելով՝ ինքը իրավապահներին ասել է՝ դեպքի առնչությամբ ոչ ոքի չի ճանաչում, չի տեսել. «Խնդիրն այն է, որ ուսանողական խորհրդի հետ կապ ունեցող ինչ-որ անձ, ինչ-որ 2-րդական կարեւորության առնչություն էր ունեցել գործի հետ: Ես էլ ներկայացրել եմ, որ ուսխորհրդում օրական 100 տարբեր մարդ է մտնում: Որոշ ժամանակ անց, ոստիկաններից մեկը դուրս եկավ, ներս մտավ ու ասաց՝ ձեզ պետք է բերման ենթարկենք: Դա ինձ համար տարօրինակ էր: Որոշման օրինակ ցույց չտվեցին»:

Ափոյանի խոսքերով՝ մինչ բերման ենթարկելը, իրավապահներին ասել է՝ պատրաստ է փաստաբանի հետ ժամը 14:00-ին ներկայանալ, բայց իրավապահները չեն ընդունել. «Նման ձեւով համալսարանից որեւէ ուսանողի չպետք է բերման ենթարկեն, վիրավորական է, առավելեւս ուսանողական խորհրդի նախագահին չպետք է այդպես բերման ենթարկեին, դա վիրավորական վարքագիծ էր, հատկապես, այն պարագայում, երբ ես ասում էի՝ կգամ»։

ԵՊՀ-ի բակում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինչպես ասաց Ափոյանը, ինքը գտնվել է համալսարանի գլխավոր մասնաշենքի 6-րդ հարկում՝ մշակույթի կենտրոնում, պարգեւատրում հանձնելիս. «Ֆեյսբուքում ուղիղ հեռարձակվել է, համարյա 200 ուսանող, բոլոր ընկերներս այնտեղ ներկա են եղել, տեսել են: Սկզբում ինձ որ ասում էին՝ ծիծաղում էի, աբսուրդ է, որ իրավահապ մարմինը նման հիմքով քեզ բերման ենթարկի: Սկզբում որպես կասկածյալ էին ասում, հետո հարցաքննվեցի որպես վկա»:

Ափոյանը վստահեցրեց՝ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031