Այսօր «Մեդիան հանուն ժողովրդավարության» թեմայով քննարկման ժամանակ հարցին՝ հեղափոխությունից հետո կտրուկ ավելացել է ԶԼՄ-ների քանակը, պետությունն ինչ դեր ունի անկախ մեդիա դաշտի ձեւավորման գործում, չորրորդ իշխանությունը ՀՀ-ում օրակարգ ձեւավորո՞ղ է, թե՞ չէ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Ես չէի պատկերացնում, որ թեեւ մամուլի ազատության առաջընթացին, որը գրանցվում է վերջին երկու տարիների ընթացքում, այնուամենայնիվ, ԶԼՄ դաշտի բեւեռացումը շարունակվեց՝ հաշվի առնելով, թե ովքեր են տնօրինում դաշտը, ինչ ֆինանսական աղբյուրներից են օգտվում…»:
Ըստ Խանդանյանի, այս իրավիճակը, երբ լրատվական դաշտը բեւեռացված է, ԶԼՄ-ների անվան տակ հանդես են գալիս անձինք, որոնք ընդհանրապես կապ չունեն ԶԼՄ կանոնների հետ, այստեղ պետական մեխանիզմների ստեղծումը բերում է մամուլի ազատության նկատմամբ ոտնձգության կասկածի: Խանդանյանը գտնում է, որ ԶԼՄ դաշտը պետք է ինքնակարգավորման մեխանիզմներ մտածի. «Դաշտում կան ԶԼՄ-ներ, որ կարող են ուսումնասիրել միջազգային փորձը: Մենք պետք է հասնենք այն բանին, որ ԶԼՄ-ները սկսեն հրապարակել իրենց իրական սեփականատերերին»:
Հանրային հեռուստատեսության մասին խոսելով՝ գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն ասաց. «Բոլորս գիտենք, որ կրթության խնդիրը ՀՀ-ում ամենասուր խնդիրներից է ու ամենաշատ վերափոխումներ պահանջողը: Հանրային հեռուստաընկերությամբ քանի՞ հաղորդում կարող եք նշել, որը վերաբերվում է կրթության խնդիրներին: Կրթություն նոմինացիայի տակ կա երկու հաղորդում, մեկը՝ «Գերազանցիկը», որը պարզ չի ինչի մասին էլ, մյուսը կոչվում է «Ուսուցիչը»: «Ուսուցիչը» հաղորդաշարը, որը հեռուստաընկերության ղեկավարությունը համարում է իր բրենդային հաղորդումներից մեկը, պատմում է սովորական ուսուցիչների մասին: Ամեն անգամ էդ հաղորդումը նայելիս ես մի անեկդոտ եմ հիշում: Վանքում եկեղեցու ջահը գողանում են, քննիչ է գալիս եկեղեցի, որ հարցը քննի: Հոգեւորականները գալիս են, հերթով ներկայանում են՝ սուրբ Հակոբ, սուրբ Պետրոս…էս քննիչն ասում է՝ չհասկացա, էդ բոլորդ սուրբ եք, ջահը ո՞վ է գողացել: Հիմա էդ «Ուսուցիչը» հաղորդաշարը նայելուց հարց է առաջանում՝ եթե բոլոր ուսուցիչները ներկայանում են սրբապատկերներով, նրանք բոլորը սուրբ են, բա ինչի՞է էս կրթության վիճակն էսքան վատը Հայաստանում:
Մենք պետք չի, որ ունենանք ակնկալիքներ, որ մեդիան կարող է օրակարգ ձեւավորի, բայց մեդիան պարտավոր է ապահովել միջավայր՝ օրակարգերի ձեւավորման համար: Մի բան, որ կարող էր անել Հանրային հեռուստաընկերությունը: Իր բովանդակությունը փոխելով՝ Հանրայինը պետք է առիթ տար ինքնակարգավորման մեխանիզմներին:
Կարդացեք նաև
Հանրայինն ամենահասանելին է եղած հեռուստաընկերությունների մեջ եւ ՀՀ-ում, եւ Արցախում, ֆինանսական խնդիր չունի, կախված չի այլոց քմահաճույքներից, որոնք փող կտան, ինքը տարեկան 6 մլրդ դրամ, որը մոտավորապես 12 մլն-ից ավելի գումար է, ստանում է հարկատուների հաշվին, կարող էր ապահովել էդ ամեն ինչը, բովանդակության փոփոխություն ապահովել: Սա կրթության օրինակն է, կարող եմ բնապահպանության, մշակույթի, սոցիալականի օրինակը բերել:
Վերջերս մշակույթից մի հաղորդում էի նայում, վարում են երկու աղջիկ, որոնք առհասարակ մշակույթից ոչինչ չեն հասկանում… Մշակութային հաղորդում ասելով՝ անմիջապես պատկերացնում են գյալաջի մշակույթի մասին, այնինչ պետք է մշակութային կառավարման խնդիրներ դրվի քննարկման: Հանրայինում տնօրենի հետ խոսում էի, ասում էր՝դե գիտեք, պարոն Պասկեւիչյան, դուք դրսից եք եկել, չեք պատկերացնում, ֆինանսների նախարարությունն էնպիսի կանոններ է սահմանել: Ասեցի՝ շատ լավ, հիմա հեղափոխություն է եղել, նույն խնդիրները, որոնք ֆիննախը ստեղծում է ձեր աշխատանքում, դրեք եթերում քննարկեք, ինչի՞ց եք վախենում: Հին մտածողության կաղապարը կա, թե ո՞նց կարելի է կառավարությանը քննադատել, քննարկել: Հանրային հեռուստաընկերությունը առանց վերափոխելու ամբողջ մեդիադաշտում որեւէ փոփոխություն ակնկալել չի կարելի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ