Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ես մարզիկներին սեւերի եւ սպիտակների չեմ բաժանում»

Դեկտեմբեր 14,2019 13:15

Aravot.am-ը «Դինամո» մարզադահլիճում «Կաշվե ձեռնոց» մրցման մեկնարկային օրը զրուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

-Պարոն Ծառուկյան, քիչ առաջ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում անդրադարձանք Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի ուղեգրեր նվաճելու կարեւորությանը: Օլիմպիական քանի՞ վարկանիշը կհամարեք բավարար:

-Նախորդ օլիմպիական խաղերում մենք ունեինք հինգ ուղեգիր: Հիմա ինձ համար ավելի կարեւոր է ոչ թե ուղեգրերի քանակը, այլ այն նվաճող մարզիկի որակը, ցույց տրվելիք արդյունքը: Թող լինեն երկուսը, երեքը, բայց իմանանք, որ մեր բռնցքամարտիկները օլիմպիական խաղերում կպայքարեն մեդալների համար: Մեր ամբողջ ուշադրությունը հիմա այդ ուղղությամբ է:

-Հայկական բռնցքամարտի ապագան ինչպե՞ս եք տեսնում:

-Պատմականորեն Հայաստանն ուժեղ է եղել բռնցքամարտից, ըմբշամարտից, ծանրամարտից: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, դրանց հիմքերը ամուր պահելու, միջազգային մակարդակը պահպանելու եւ զարգացնելու համար: Ի՞նչ ենք անում, մասնավորապես, բռնցքամարտում: Առաջինը պայմաններ ապահովելն է: Ցանկացած մարզիկ, եւ դա՝ ոչ միայն բռնցքամարտում, եթե իր առջեւ դրել է չեմպիոն դառնալու նպատակ, նա անպայման կհասնի իր նպատակին: Միայն թե, բնածին ուժեղ մարդուց կպահանջվեր 6-8 տարի, սովորական մարդուց՝ 10-12: Ու այդ երկուսն էլ պետք է իրենք իրենց չխաբեն՝ մարզվեն շատ ու ջանադրաբար: Մենք դրա բոլոր պայմանները ստեղծել ենք՝ դահլիճներ եւ, վերջապես, Օլիմպավանը… Լավագույններին թոշակներ ենք նշանակել, ինչը ծանոթ-բարեկամ սկզբունքով չէ: Մարզիկը ըստ աշխարհի, Եվրոպայի առաջնությունում գրաված տեղի, ստանում է սանդղակով սահմանվող իր հասանելիք գումարը: Եվ նա դա շատ լավ գիտի:

-Այսօրվա մրցման մեկնարկից առաջ կազմակերպիչներն ասացին, որ մասնակցության իրավունք տրվել է բոլոր ցանկացողներին, այսինքն, «մեր ու ձեր բռնցքամարտիկ» տարբերակում չի եղել ու չկա:

-Անհարմար է այդպիսի բան մտածելն անգամ: Բոլորը, ովքեր գնում՝ պայքարում են Հայաստանի դրոշի, օրհներգի համար, Հայաստանին փառք ու ճանաչում են բերում, բոլորն էլ մեր զավակներն են, մեր մարզիկներն են, բոլորն էլ՝ իմն են: Ես բռնցքամարտիկների մեջ ոչ մի տարբերություն, խտրականություն չեմ դնում, մեր համար չկան սեւեր-սպիտակներ…Եթե կա տարբերություն, հետեւյալն է՝ կա բռնցքամարտիկ,կա չեմպիոն, կա մրցանակակիր:

-ԿԳՄՍ-ն հայտարարել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 մրցույթի մեկնարկը: Դուք տարիներ ի վեր այդ ցուցակներում տեղ գտած մարզիկներին առատաձեռն պարգեւատրել եք: Ավանդույթից փոքր շեղում եղավ մեկ անգամ, երբ պարգեւատրեցիք 10-յակում տեղ գտած միայն օլիմպիական մարզաձեւերի ներկայացուցիչներին: Այս տարի՞ ինչ եք մտածել անել:

-Անցած տարի տասնյակը մենք չէինք որոշում:  ՀԱՕԿ-ը, այդ գործընթացին չէր մասնակցում: Կար նաեւ SMS-ներով քվեարկությունը: Եվ ինչպես հիշում եք,  հենց SMS քվեարկությունում անարդարություններ եղան: Չէր կարող այնպես պատահել, որ օլիմպիական խաղերի մեդալակիրը չմտներ տասնյակ: Եվ եթե օլիմպիական կոմիտեն չի մասնակցում քվեարկության գործընթացի կազմակերպմանը, որոշում կայացնում են ուրիշները, իսկ պարգեւատրում եմ ես, թողեցի, որպեսզի ովքեր որոշում են, նրանք էլ պարգեւատրեն:

-Այս տարի ինչպե՞ս եք վարվելու:

-Դեռ չենք քննարկել: Եթե նորություն լինի, կասենք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031