Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկորդային թվով թեկնածուներ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնի համար

Դեկտեմբեր 05,2019 18:55

Վերջին 2,5 տարում «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Հովսեփ Սիմոնյանի (խոսքը Շիրակի դաշնակցական նախկին մարզպետ մասին է, Ա․Ն․) ազատման դիմում ներկայացնելուց հետո հայտարարվել է մրցույթ, որը կայանալու է դեկտեմբերի 18-ին։ Ազգային պարկի տնօրեն դառնալու ցանկություն հայտնել են շատերը․ նրանց թիվը հասնում է 13-ի։

Ընդ որում, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, նախարարներից մի քանիսը, Շիրակի նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչներն ունեն իրենց «ֆավորիտ» թեկնածուները։ Այս տեղի համար պայքարում են նախկին գյուղապետեր, ԱԱԾ-ի ներկա ու նախկին աշխատակիցներ, անգամ մարզպետարանի պաշտոնյաներ։

Մեր տեղեկություններով՝ թեկնածուների շարքում են Արմեն Իգիթյանը՝ «Արփի լիճ» ազգային պարկի գիտության բաժնի պետը, Աշոտ Մելիքյանը, որը եղել է ԱԱԾ Ամասիայի տարածաշրջանի օպերներից, մոտ մեկ տարի առաջ է անցել էթոշակի, նա հենց Ամասիայի տարածաշրջանից է, եղբայրն աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում։ Թեկնածուներից է Հրաչ Գալոյանը, որը Աշոցքի տարածաշրջանի ԱԱԾ-ի նախկին պետն է, մի ամիս առաջ նշանակվել է Գյումրու երկաթգծի կայարանի անվտանգության պետ։

Թեկնածուներից են նաև Հմայակ Խաչատրյանը՝ ՋՕԸ-ի նախկին բաժնի պետերից մեկը, Մհեր Հարությունյանը, Մյասնիկ Մարտիրոսյանը, Մկրտիչ Էլբակյանը՝ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ Գյումրիում համատիրության ղեկավար է եղել, Վարդան Հարությունյանը, որը Ամասիայից է, մասնագիտությամբ անասնաբույժ է։

Թեկնածուների շարքում է Արա Պետրոսյանը՝ «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրենը։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է 2014-2017 թվականներին։ Արա Պետրոսյանն այժմ զբաղվում է բիզնեսով, նա ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մոտ ընկերն է։

Թեկնածուների շարքում է Բագրատ Մանուկյանը, լուրեր են շրջանառում, որ նա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի համակրելի թեկնածուն է։

Թեկնածուների շարքում է նաև Գրիգոր Ավետիսյանը, նրա ֆեյսբուքյան էջի տվյալների համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի աշխատակից է․ ֆեյսբուքյան լուսանկարներից դատելով՝ պիտի ասենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է ներկայիս մարզպետ Տիգրան Պետրոսյանին, լուսանկարներ կան հենց Տիգրան Պետրոսյան նախընտրական շտաբից։

Թեկնածուների շարքում է Մուշեղ Մուրադյանը՝ Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետը։ Նա, ըստ որոշ տեղեկությունների, նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի համակրելի թեկնածուն է։

Թեկնածուների շարքում է նաև Ամասիայի Բերդաշեն գյուղի նախկին գյուղապետ Սլավիկ Չապանյանն է, մասնագիտությամբ տնտեսագետ է։ Նա ազգային պարկի հիմնադրման օրվանից զբաղեցրել է ազգային գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը։

Պայքարը, կարծես, ընթանում է իշխանավորների թեկնածուների միջև։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031