Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն օրեր առաջ բացահայտել է ֆուտբոլի պայմանավորված խաղերի մի հսկայական սխեմա». Արեն Մկրտչյանը՝ խայտառակ պարտության ու Վանեցյանի հրաժարականի մասին

Նոյեմբեր 19,2019 14:10

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը նաեւ ՀՖՖ գործկոմի անդամ է, մեկնաբանեց ազգային հավաքականի Իտալիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունը՝ 9:1: Լրագրողները փոխանցեցին՝ երկրպագուները պահանջում են մարզչի, գործկոմի, ՀՖՖ նախագահի հրաժարականը: Արեն Մկրտչյանն ասաց. «Բնականաբար, որեւէ բացատրություն չունի այդ արդյունքը ու որեւէ արդարացում չունի: Ինչ վերաբերում է ֆան ակումբին, դուք երեւի նկատի ունեք այն ակումբը, որի հետ կապված Ֆուտբոլի ֆեդերացիային առանձնապես խոշոր չափերի յուրացումների մասով վնասներ հասցնելու համար քրեական գործ էր հարուցել ԱԱԾ-ում եւ այդ ֆան ակումբի հիմնադիրն այդ գործով անցնում է որպես մեղադրյալ»:

Մկրտչյանն ասաց, որ այն ինչ կատարվել է ՀՖՖ-ում, մասնավորապես վերջին շրջանում, անընդունելի է իրենց համար ու գործկոմի փակ նիստում իրենք քննարկել են դա: ԱԱԾ-ն պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումներ է արել, որը եղել է վերջին մեկուկես տարում ու որեւէ արձագանք չի եղել, նաեւ յուրացումների հետ կապված բացահայտումներ էր արել ոստիկանության 6-րդ վարչությունը ու որեւէ քայլ չի արվել վերջին մեկուկես տարում:

Դիտարկմանը, որ ի վերջո գործկոմը միաձայն կողմ քվեարկեց մարզչի՝ Աբրահամ Խաշմանյանի օգտին՝ Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Քանի որ խախտվել էին բոլոր հնարավոր եւ անհնար ժամկետները եւ գիտեք, որ ազգային հավաքականը ձեւավորում են մարզիչները՝ կազմ, հայտացուցակ, մենք ունեինք մեկ օր, որպեսզի ազգային հավաքականն ունենա գլխավոր մարզիչ ու լիներ Աբրահամ Խաշմանյանը, թե մեկ այլ թեկնածու, գործկոմը պետք է կողմ քվեարկեր հանուն ազգային հավաքականի, այլապես ազգային հավաքականը չէր ձեւավորվի ու թիմը Հունաստանի եւ Իտալիայի խաղին չէր գնա, կունենայինք երկու տեխնիկական պարտություն՝ 3:0, 3:0»:

Հարցին՝ այս խայտառակ պարտության համար ո՞վ է մեղավոր՝ Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Բնականաբար, թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց մենք ունենք իրավիճակ, երբ Խաշմանյանն ընդամենը երկրորդ խաղն է, ինչ մարզիչն է ազգային հավաքականի, թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է ու պետք է 9:1 պարտությանը տա բացատրություն»:

Հարցին՝ Արթուր Վանեցյանը պե՞տք է հրաժարական տա՝ Մկրտչյանը պատասխանեց, որ առայժմ օրակարգում նման հարց չկա, երբ լինի՝ կտեղեկացնի, բայց գործկոմի անդամները կարծում են, որ պատասխանատուն այս պարտության Արթուր Վանեցյանն է:

Հարցին՝ այն, որ Վանեցյանը այլեւս ձեր թիմի անդամ չէ, նպաստե՞լ է, որ դուք հիմա նման տեսակետ հայտնեք ու նրան մեղադրեք՝ Արեն Մկրտչյանը պատասխանեց, որ Վանեցյանը երբեւէ իրենց թիմի անդամ չի եղել, ԱԱԾ տնօրեն է եղել:

Դիտարկմանը՝ բա ինչի՞ էիք ոգեւորված Վանեցյանի բացահայտումներով ամբողջ քաղաքական թիմով պարծենում, ֆեյսբուքում «սթորիներ» ստեղծում, իսկ հիմա, երբ այլեւս ԱԱԾ տնօրեն չէ…՝ Արեն Մկրտչյանն արձագանքեց. «Բացահայտումներ անելը պարծենալու բան չէ, ԱԱԾ-ի տնօրենի պարտականությունն է: Մի դեպքում գործ ունենք ԱԱԾ տնօրենի հետ, մի դեպքում՝ ՀՖՖ նախագահի, որը բոլորովին այլ գործառույթ է»:

Լրագրողները հիշեցրին, որ քննադատություններ կան նաեւ գործկոմի կազմի հետ կապված, քաղաքական գործիչներ են կազմում ու ֆուտբոլի հետ կապ չունեն: Արեն Մկրտչյանն էլ հերթով սկսեց պարզաբանել, թե ինչ գործ ունեն Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը, Ռուբեն Ռուբինյանը, ինքն ու Հակոբ Սիմիդյանն այդ կազմում: Պարզվեց՝ Ռուբինյանը օգնում է, որ ֆուտբոլիստները շուտ վիզա ստանան, նա կազմում է հայտնվել այն ժամանակ, երբ փոխարտգործնախարար էր:

Արեն Մկրտչյանն ասաց. «Մեզ մտահոգում է այն, որ պայմանավորված խաղեր են եղել հայկական ֆուտբոլում, որոնք չեն բացահայտվել, չարաշահումներ են եղել հարյուրավոր միլիոն դրամների, որոնք չեն բացահայտվել ու Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն: ԱԱԾ-ն օրեր առաջ բացահայտել է պայմանավորված խաղերի մի հսկայական սխեմա, որը չի բացահայտվել վերջին մեկ տարում»:

Հարցրեցինք՝ այդ հիմքով Վանեցյանի դեմ հնարավո՞ր է անգամ քրգործ հարուցվի՝ Մկրտչյանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930