Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈ պետի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել՝ զինվորի մասին իր հարցազրույցի համար. Ի՞նչ է պարզել Քրիստինե Պողոսյանը՝ Տոնոյանի հետ զրույցից

Նոյեմբեր 15,2019 13:17

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր հոկտեմբերի 20-ին Կապանի զորամասը ինքնակամ լքած զինվոր Էրիկ Գասպարյանի դեպքին ու հայտարարել, որ «ռազմական ոստիկանության ղեկավարի տված հարցազրույցը դուրս է նման դիրք ու պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության բոլոր սահմաններից»: Իսկ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը «ժողովրդին» տված հարցազրույցում զինվորին «նույնասեռական էր հանել», նա ասել էր՝ «ֆեյսբուքով` սայթերով» ծանոթացել է մի տղայի հետ, «երեւի, ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»:

Նշենք, որ զինվորի մայրը մտահոգություն էր հայտնել, որ այդքանից հետո որդուն տարել են նույն զորամաս՝ ծառայությունը շարունակելու՝ հստակ իմանալով, որ նույնասեռականի համբավից հետո նրան այդ զորամասում հետապնդելու են:

Քրիստինե Պողոսյանը խոստացել էր, որ խնդրով առավոտյան զբաղվելու է. «Պետք է ասեմ՝ մեր բանակի ցանկացած զինծառայող պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի եւ անձնապես իմ պաշտպանության ներքո է, ու թող մեկը համարձակվի այլ կերպ մտածել»:

Այսօր Aravot.am-ը տիկին Պողոսյանից հետաքրքրվեց՝ ՊՆ-ի հետ կապվե՞լ է, ի՞նչ է պարզել այդ զինվորի խնդրի հետ կապված: Նա պատասխանեց, որ այսօր երկար զրույց է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ. «Նախարարը տեղյակ էր գործի ամբողջ ընթացքից, այս պահի դրությամբ զինծառայողն արդեն ՌՈ-ում է: Կարգն այդպես է, զինծառայողը լքել է զորամասը, ինչի համար օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվություն է հասնում, ես շատ ցավում եմ: Երիտասարդ տղա է, փատացի կյանքը գնաց սխալ ուղղությամբ: Այլ հարց է, թե ինչի համար է լքել զորամասը, ինքը ինչպես է դա բացատրում, բայց ինձ համար ոչ մի տեսակ բացատրություն չի տեղավորվում դասալքության քայլի մեջ: Այդ նույն բանը կարող էր տեղի ունենալ սահմանի վրա, ու ինքը ո՞նց էր լքելու իր զինակից ընկերներին՝ վտանգելով նրանց կյանքը»:

Քրիստինե Պողոսյանին զայրացրել է ՌՈ ղեկավարի հայտարարությունը: Նրա խոսքով՝ «Ես զայրացել էի: Այն հարցազրույցը, որ տվել է ՌՈ ղեկավարը, անընդունելի էր, դա չի տեղավորվում բարեվարքության այն կանոնների մեջ, որ որդեգրել է այսօր ՊՆ-ն՝ նախարարի հետ մեկտեղ: Նախարարը խոստացավ, որ ներքին ծառայողական քննություն կիրականացվի եւ անպայման մարդիկ, ովքեր սխալ են թույլ տվել, կպատժվեն»:

Զինվորի մայրը հայտնել էր, որ բանակում իր տղայից անընդհատ գումար են պահանջել, դրա համար էլ լքել էր զորամասը, ուստի հարցրինք՝ բանակում դիվիզիոն նայողների հարցը ե՞րբ ու ինչպե՞ս է լուծվելու: Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Երկուշաբթի դա ԱԺ ամբիոնում քննարկվելու է, քրեական ենթամշակույթին հարելն ու այդ բարքերը տարածելն ամենավատ, ամենացավոտ հետքը թողնում է բանակում: Այդ ենթամշակույթի ամենածանր ազդեցությունն իրենց վրա զինվորներն են զգում, պե՞տք է մենք հիմա դրա դեմ պայքարենք, պե՞տք է արմատախիլ անենք, թե՞ կարող ենք ասել՝ խելոք, բարի, լավ մարդիկ են, պետք չի այդպես անել: Փաստացի մենք ականատես եղանք, որ մի մարդու կյանք գնաց լրիվ այլ ուղղությամբ, անհասկանալի, վատ ուղղությամբ, որ կարող էր այդպես չլինել…Ամեն մեկն իր մեղքի բաժինն ունի, հասել է նրան, որ ինքն իր հարցերը չի կարողացել լուծել, ու դրա մասին չի իմացել իր վերադասը հենց զորամասի ներսում: Դա էլ լրիվ այլ հարց է: Մենք պիտի այդ բարքերը արմատախիլ անենք: Հիմա տղան կգնա, քրեական հոդվածով կդատապարտվի ու կյանքը կավիրվի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930