Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Կատվալյան. Ակադեմիական հանրությանը հարցրե՞լ են, որ ԳԱԱ-ն ուզում են լուծարել

Հոկտեմբեր 24,2019 16:19

«Այս կարգի ծրագրեր առաջ քաշելով` մեր պատմաաշխարհագրական իրավիճակը պետք է հաշվի առնենք: Մեր յուրաքանչյուր քաղաքացի իր ինքնությունը պետք է գիտակցի եւ զինված լինի ազգային արժեքներով: Մենք Շվեյցարիա չենք, եվրոպական երկիր չենք»,- այսօր Մամուլի ազգային ակումբում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Նա նաեւ ասաց. «Այս նախագիծը կրթության մասին օրենք է, որին գիտությունը սպասավոր է մատուցվում»: Բանախոսը տարակուսում է`ակադեմիական հանրությանը հարցրե՞լ են, նրանք համաձա՞յն են օրենքի մի կետով ոչնչացնել ԳԱԱ-ն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Վիկտոր Կատվալյանն ասում է, որ այդ տարբերակում խառնաշփոթ կա նաեւ գիտական աստիճանների համակարգում. «Եվ այլ երկրների օրինակը չպետք է բերել, մեր պայմաններից եւ մեր հասարակությունից պետք է ելնենք: Դոկտորի աստիճան ստանալու մղումը միշտ բերում է գիտության զարգացմանը»:

Նա համամիտ է Նարինե Դիլբարյանի առաջարկին`օրենքով պետք է արձանագրել, որ հայոց լեզվի եւ պատմության դասավանդումը անհրաժեշտություն է, քանի որ ցանկացած մասնագիտության ոլորտում թիվ մեկ մասնագիտական առարկան հայոց լեզուն է` լեզուն իր ոլորտում կիրառելու ունակություններով:

Քննարկմանը մասնակցող ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը գործընկերներին հորդորեց`պաշտոնապես երբ նախագիծը ներկայացվի`այդ ժամանակ անդրադառնալ դրա հիմնական դրույթներին: Հայոց լեզվի դասավանդման բանավեճի մասին էլ ասաց` իր գործընկերների խոսքից թվում է, թե դեմ են առաջարկվող կարգավորմանը, բայց ի դեմս այս քննարկման՝ ինքը ստացել է օրենքի այդ կետի հիմնավորման ակամա պաշտպաններ:

Նա հնչեցված մտավախությունները կիսում է, բայց վստահ է, որ դրանք կփարատվեն. «Լեզվի մասին» օրենք, Սահմանադրություն… դուք հղումներ արեցիք եւ բազմաթիվ բաներ կան, որոնցով կարգավորվում են շատ հարցեր»: Նա կարծում է, որ առաջարկվող բարեփոխումներով, հնարավորություն կա գալ կոնսենսուսի` հայոց լեզուն դուրս բերելով ենթակա, ստորագյալ վիճակից:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նրան մտահոգում է, որ գրականության մասին ոչ ոք չի խոսում: Ավելին, որ 2006-ից մասնագիտական հանրությունը չի նախաձեռնել եւ չի դիմել օրենսդիրներին` ասելով`«անթույլատրելի է, չի կարելի հայոց լեզու եւ գրականություն առարկաները միասին դնել»: Ինքնության մասին հիշեցումներին էլ, նախարարի խորհրդականն այսպես է հակադարձում` գործող օրենքում բացի հայոց լեզու, հայ գրականություն բառերից, «հայ» արմատով ոչինչ չկա, մինչդեռ նախագծում, ըստ նրա, առանձին դրույթով խոսվում է ինքնության մասին: Նաեւ նորմ կա, ըստ որի ՀՀ-ում գործող, այդ թվում օտարերկրյա կամ միջպետական համաձայնագրերով ստեղծված ԲՈՒՀ-եր ընդունվելիս՝ ՀՀ քաղաքացին պարտավոր է ունենալ հայոց լեզվի սերտիֆիկատ: «Այսպիսով հենարան ենք ստեղծում, որ մասնագետները կարողանան առարկայական ծրագրեր մշակել, որոնք լեզվական կարողությունների եւ հմտությունների զարգացմանը միտված կլինեն»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031