Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի օրը Ռ. Քոչարյանը Վազգեն Սարգսյանին փորձում էր համոզել, որ չարժի այսօր գնալ ԱԺ». Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 23,2019 15:08

«Գիտեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցել է Նաիրի Հունանյանի մայրը, որը տարիներ առաջ մահացավ անհայտ, թե հայտնի պայմաններում, չգիտեմ, բայց նման խնդիրներ ունեցել է: Ունեցել է նաեւ նրա քեռին, որը մեկուսարանում կախվեց՝ էլի անհայտ պայմաններում: Նաիրի Հունանյանը հոգեկան խնդիրներ չէր կարող չունենալ, ինչպես նաեւ նրա խմբի անդամները, որովհետեւ հոգեկան խեղումներով մարդկանց են միշտ օգտագործում նման հանցագործությունների մղելու համար»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմում գրելու փաստին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց՝ Նաիրի Հունանյանին ՔԿՀ-ում չի տեսել եւ ցանկություն էլ չունի, բայց եթե Նաիրի Հունանյանը պատրաստ լինի էական եւ մինչեւ հիմա հանրությանն անհայտ տեղեկություն հաղորդել նախաքննական մարմնին, վերջինիս աշխատանքների ընթացքում իր հնարավորությունները կիրացնի՝ որպես Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի իշխանությունում դերակատարում ունեցած անձ:

Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Նաիրի Հունանյանի դիմումը միայն ազդակ չէ առ այն, որ նա ասելիք ունի. «Դա այլ ազդակ էլ կարող է լինել: Երեւի նրան ինչ-որ մարդիկ հույս են տվել, որ նա կարող է հնարավորություն ունենալ ազատության մեջ հայտնվելու, բայց դա հաստատ կապ չունի իշխանությունների հետ»:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ ընդգծեց. «Եթե ուշադիր նայեք 1999թ.-ի լրատվական դաշտը, թե ինչպիսի խոսակցություններ կային Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ձեւավորած իշխանության մասին, եւ թե ինչպիսի մթնոլորտ էին ԶԼՄ-ները ձեւավորում այդ լեգիտիմ իշխանության մասին, կհասկանաք, որ այսօր էլ կան նման լրատվական-«ահաբեկչական» գործողություններ՝ այն բոլոր հնարավոր բացահայտումների շեմին, որին սպասում է մեր հանրությունը: Խոսքը միայն Մարտի 1-ի մասին չէ: Մենք քսան տարի սպասել ենք Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը»:

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե ՀՀ նոր իշխանությունը Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար քայլ չի արել, Անդրանիկ Քոչարյանն անհամաձայնություն հայտնեց. «Իսկ ո՞վ ասեց, որ չի արվել… Եկեք խոսենք ոչ թե արված եւ չարված քայլերի մասին, այլ հնարավոր ազդակների մասին, որոնք նախաքննական մարմնի համար կստեղծեն հնարավորություն: Հոկտեմբերի 27-ի առնչությամբ Արամ Սարգսյանն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն մեկ տարի խոսում են Մեղրիի տարբերակի մասին: Ռոբերտ Քոչարյանն էլ շատ ասելիք պետք է ունենա: Կարծեմ նա իր հուշերում էլ նշում է, որ Հոկտեմբերի 27-ի օրն ինքը նախագահականում հանդիպում էր ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի հետ եւ հրավիրել էր նաեւ Վազգեն Սարգսյանին, ում փորձում էր համոզել, որ չարժի այսօր գնալ ԱԺ: Ես դա այլ ենթատեքստով եմ դիտում: Դա նշանակում է, որ նախաքննական մարմինը, նոր հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դեռ շատ հարցերի ուսումնասիրության հնարավորություն պետք է ունենա, ինչից իրեն զրկել են քսան տարի առաջ»:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031