Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին ռուսաստանաբնակ գործարարի սրտի քաղաք. երախտագիտության ֆլեշմոբ ու խոշոր ներդրման ազդարարում (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 17,2019 22:00

Այսօր Գյումրիում անցկացվեցին «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության մշակութային միջոցառումները,  որին «Ավրորայի» հիմնադիրներից ու  մրցանակի դափնեկիրներից  բացի,  մասնակցում էին նաև Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ փրկված մարդկանց ժառանգներ ու բազմաթիվ այլ հյուրեր: Հատուկ հյուրերի շարքում էր նաև «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան, որը կարճ ելույթ ունեցավ Վարդանանց հրապարակում:

Գլխավոր միջոցառումներից մեկը կենտրոնական Վարդանանց հրապարակում գյումրեցի հազարավոր աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցած երախտագիտության ֆլեշմոբն էր՝ «Շնորհակալություն աշխարհ» խորագրով։ Թոմ Քաթինան իր ելույթում նշեց, որ սա շնորհակալական խոսք ու երախտագիտություն  է այն  բոլոր երկրներին, որոնք շուրջ 100 տարի առաջ օգնել են 130 հազար որբի, մեկ միլիոն կյանք են փրկել:

Մյուս կարևոր միջոցառումը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից  «Բարեկամության» զբոսայգու վերականգման խորհրդանշական իրադարձությունն էր: Ինչպես իր ելույթում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այգու տարածքում երկրաշարժից հետո տեղադրված տնակներում բնակվող 22 անօթևան ընտանիքի ապահովեցին բնակարաններով, 7 հեկտար տարածությունն ազատեցին ներդրման համար: Ըստ քաղաքապետի, բոլոր բնակիչներին իրենց ընտրությամբ բնակարաններ տրվեցին IDeA և «Ազնավուր» հիմնադրամների կողմից:

Նիկոլա Ազնավուրը ելույթ ունեցավ՝ ասելով. «Գյումրին մեր ընտանիքի սրտում առանձին տեղ ունի, իմ հայրը մասնակցում էր բարեգործական ծրագրերի դեռ 1988 թվականի երկրաշարժից հետո: Շատ գործեր կան, որոնք մենք պիտի կատարենք, չնայած որ կա որոշակի առաջընթաց, այդ իսկ պատճառով «Ազնավուր» հիմնադրամը ոչ մի վայրկյան չի կասկածել, երբ մենք միավորեցինք  մեր ուժերը IDeA  հիմնադրամի հետ: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի նշենք «Բարեկամության» այգու վերանորոգման օրը: Շնորհակալություն մեր բարերարներին. այս տեղը շուտով կդառնա քաղաքային հարմարավետ զբոսաշրջության վայր»:

Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց,  որ սա IDeA  հիմնադրամի կողմից Գյումրիի զարգացման առաջին ծրագիրն է: Իրենք մտածում էին ճիշտ ծրագիր գտնել, որը մի կողմից կդառնա շատ կարևոր  գյումրեցիների համար, մյուս կողմից  զարգացման ծրագիր կլինի. զբոսաշրջիկը հաճույքով կգա Գյումրի:

«Մենք ուրախ ենք, որ ծրագիրը ընդունվեց և քաղաքապետարանի կողմից, և ժողովրդի կողմից».-ասաց Ռուբեն Վարդանյանը: Թե ինչ այլ ծրագրեր կիրականացնի Գյումրիում IDeA  հիմնադրամը, Ռուբեն Վարդանյանն ասաց. «Եկեք անենք, նոր խոսենք, ոչ թե խոսենք, չանենք: Շատ է եղել, խոսք են տվել, չեն արել, եկեք կատարենք, հետո փորձենք մյուսն անել»:

Ռուբեն Վարդանյանը հույս հայտնեց, որ զբոսայգու վերանորոգումը կավարտեն երկու տարվա ընթացքում`2021 վերջին- 2022 թվականի սկզբին:

«Դա կախված է շինարարությունից, ատրակցիոներն արդեն այստեղ են, եթե պիտի անենք, լավը պիտի անենք: Դե գիտեք, մենք ինչ անում ենք, լավն ենք անում: Ենթակառուցվածքների հետ կապված հարցեր կան՝ ջրի, լույսի»:

Հարցին, թե ի՞նչ գումար է ծախսվում այգու վերանորոգման համար,  գործարարն ասաց. « Մեծ գումար, բայց եկեք գումարի մասին չխոսենք, կարևորը որ լավը լինի»:

Ռուբեն Վարդանյանը նաև նշեց, որ 1986-88 թվականներին ծառայել է Գյումրիում, դրա համար էլ այս քաղաքը իր սրտին մոտ է:

Նա ներկայացրեց, որ այգու ճարտարապետը  Սևակ Պետրոսյանն է, ամերիկաբնակ հայտնի ճարտարապետ, որը յուրահատուկ ծրագիր է իրագործում:

Աշխատատեղերի հետ կապված էլ, ռուսաստանաբնակ գործարարն ասաց, որ իրենք մասնավոր հիմնադրամ են, փորձում են անել այն, ինչ կարողանում են:

«Շնորհակալություն աշխարհ» խորագրով ֆլեշմոբն էլ այսպես պարզաբանեց.

«Մենք ուզում ենք ասել, ուժեղ լինելու համար պետք է ուրիշին օգնես,  դժվար է, երբ որ դու այդքան հարուստ չես, այդքան հաջողակ չես, քո մոտ շատ խնդիրներ կան,  մենք բոլորս գիտենք, որ աղքատ մարդը  հոգով աղքատ չէ: Օգնությունը մեզ ուժ է տալիս, որ մենք զգանք՝ մենք ուժեղ ենք. մենք զոհ չենք: Եվ այս քաղաքը, որը 20 հազար որբեր է մեծացրել 20-ական թվականներին, այս քաղաքն իր մեծությունը ցույց տա ու ասի՝ մենք ամեն ինչ հիշում ենք, շնորհակալ ենք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031