Քննադատություններ կան, որ նոր իշխանական պատգամավորներն արդեն հասցրել են լավ էլ իրենց ֆինանսական հարցերը լուծել, հողատարածքներ են ձեռք բերել, ունեցվածք: Այս առնչությամբ Aravot.am-ը «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հարցրեց՝ դուք այս ընթացքում՝ հեղափոխությունից հետո, ի՞նչ կալվածքներ եք ունեցել, հարստություն, ոսկի, գույք, բարձի տակ փող… ինչքա՞ն եք հասցրել կուտակել:
Նա պատասխանեց. «Ոչ մի բան չեմ կուտակել: Հայտարարագիրս հրապարակված է: Այն, ինչ ունեցել եմ, չի ավելացել միանշանակ: Ավելին՝ երեւի ինչ-որ բաներ պակասել են: Չեմ բողոքում: Երկու մեքենա եմ ունեցել, հիմա մի մեքենա ունեմ, որեւէ բան չի ավելացել՝ կալվածքներ…ու չի էլ ավելանա:
Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այսօր խոսում են նախկին իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի տղան, օրինակ, խոսում է, որ աշխատել ենք եւ ձեռք ենք բերել այսքան միլիոն դոլար: Ես վստահեցնում եմ, որ ես էդքան չեմ աշխատելու, ես չեմ կարող աշխատել այդքան միլիոն դոլար 10 տարվա մեջ, որովհետեւ ակնհայտ է, որ դա աշխատանքի արդյունքում չի եղել:
Վարչապետն էլ ասաց՝ պարզ տրամաբանություն է, ինչո՞ւ մինչեւ 1998-ը նրանք այդքան չէին կարողանում աշխատել, կամ ինչու հիմա չեն կարողանում ավելացնել: Ստացվում է, որ միակ բիզնեսմենները, միակ տնտեսագետները, միակ խելոք, ճկուն աշխատացնողները Հովիկ Աբրահամյանի տղան էր, Ռոբերտ Քոչարյանի տղան էր, Սերժ Սարգսյանի փեսան էր: Մնացածը էդքան գիտելիք չունեն հա՞ երեւի, անբաշար են: Ես հիմա համարում եմ, որ էդ անբաշարներից եմ ու 10 տարի հետո, երբեւէ չեմ ասի, որ ես ունեմ այսքան միլիոն դոլար: Չի՛ լինի նման բան: Ես աշխատում եմ, ստանում եմ աշխատավարձ, այդքանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ