Գենդերային հիմքով սպանություններից ավելի շատ կին է մահանում, քան քաղցկեղից, պատերազմներից
Այս տարի առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնությունից. սա «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի հավաքագրած տվյալներն են:
2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսինը 20 ամյա Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելով սպանեց: 2010թ-ից ի վեր, կոալիցիան հոկտեմբերի 1-ը հռչակեց, որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր եւ ամեն տարի այդ օրն իրականացնում է հանրային միջոցառում՝ ուղղված Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանը:
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, կոալիցիայի ներկայացուցիչները Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում իրազեկման միջոցառումներ իրականացրեցին, ապա Երեւանում երեկոյան մոմավառություն կատարվեց: Նրանք քաղաքացիներին ներկայացրեցին կանանց պատմություններ, տարածեցին ընտանեկան բռնության վերաբերյալ տեղեկատվական նյութեր, խաղի միջոցով գիտելիքներ փոխանցեցին ընտանեկան բռնության տեսակների մասին: Կոալիցիան սպանված կանանց անուններ է հրապարակել եւ նշել. «Նրանք սպանվեցին, որովհետեւ կին են»:
Կարդացեք նաև
Կոալիցիայի դիտարկմամբ՝ Հայաստանում ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։ Ըստ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալների, գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ 2018 թվականին ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Իսկ 2019-ի 1-ին 8 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ստացել է 1270 ահազանգ: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է՝ անցնելով 4500-ը:
Կոալիցիայի հրապարակած «Լռեցված ձայներ». կնասպանությունը Հայաստանում 2016-2017 թվականների զեկույցի հեղինակները նշում են՝ կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների եւ հանրային առողջապահության ոլորտների կիզակետում հայտնված խնդիր է: Կանանց նկատմամբ բռնության ծայրահեղ դրսեւորումներից է կնասպանությունը, որի տարածվածությունն ամբողջ աշխարհում տագնապալի թվերի է հասնում: Ըստ զեկույցի, ոչ պաշտոնական վիճակագրության տվյալներով, ամբողջ աշխարհում գենդերային հիմքով սպանություններից ավելի շատ կին է մահանում, քան քաղցկեղից, պատերազմներից կամ որեւէ ինֆեկցիոն հիվանդությունից:
Ըստ կոալիցիայի, 2010-2018 թվականներին ընտանեկան բռնության հետեւանքով սպանվել է առնվազն 60 կին: Սրանք զուտ թվեր չեն, վիճակագրության հետեւում ճակատագրեր են, հոգեկան ծանր տառապանք ապրած երեխաներ ու ընտանիքներ:
Ներկայացնում ենք կնասպանության որոշ դեպքեր, ըստ կոլիացիայի վերջին զեկույցի՝ 2016-2017 թվականների:
Ռուզանին սպանել է զուգընկերը. Ըստ գործի դատավարական նախապատմության, 2016-ի ապրիլի 15-ին, ժամը 00։40-ի սահմաններում Արման Ս.-ն, որը Ռուզան Ջ.-ի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ էր, նկատելով Ռուզանին Վեդի քաղաքի Արարատյան փողոցում հեռախոսով խոսելիս եւ կասկածելով իրեն դավաճանելու մեջ, շուրջ 2-3 երեք կիլոմետր հետեւելով նրան, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին հասնելով Ռուզանին, խանդի հողի վրա բռունցքով հարվածել է նրա միջհոնքային հատվածին, ինչի հետեւանքով վերջինս ծնկել է, այնուհետեւ Արմանը ձեռքով հարվածել է նրա դեմքին, Ռուզանը մեջքով ընկել է գետնին: Դրանից հետո Արման Ս.-ն սկսել է ոտքերով հարվածներ հասցնել Ռուզանի մարմնի տարբեր մասերին, որից հետո տեսնելով, որ նա անշարժացել է, նրա թեւատակերից բռնելով քաշել է շուրջ 30 մետր, թողել Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի աջ մասում գտնվող խոտերի վրա ու հեռացել: Արմանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման:
Նարինե Դ.-ին 2016 թվականին սպանել է ամուսինը. Կնոջ՝ իրեն դավաճանելու կասկածների պատճառով՝ Արթուր Մ.-ն հաճախակի է վիճել կնոջ հետ, ինչին ականատես են եղել նաեւ նրանց 3 երեխաները: Հերթական վեճի ժամանակ Նարինեն ամուսնուն հայտնել է, որ ցանկանում է ամուսնալուծվել, ինչին ի պատասխան՝ Արթուր Մ.-ն կնոջը սպառնացել է, որ կսպանի: Սեպտեմբերի19-ին Արթուրը եւ Նարինեն իրենց ավտոմեքենայով Զարթոնք գյուղից շարժվել են դեպի Երեւան: Ճանապարհին, Նարինեն ու Արթուրը կրկին վիճել են, Արթուրը նախ մեքենայի մեջ է ծեծել Նարինեին, ապա մեքենայից դուրս, դաշտամիջյան հատվածում: Նա հարվածել է կնոջ մարմնի տարբեր հատվածներին, ձեռքով սեղմել է Նարինեի պարանոցին եւ շնչահեղձ անելով` սպանել: Վկաները ցուցմունք են տվել, որ Նարինեն ամուսնության ընթացքում պարբերաբար ենթարկվել է ընտանեկան բռնության: Արթուր Մ-ն դատապարտվել է 11 տարի ազատազրկման:
Սուսաննային սպանել է ազգականը. 2016-ի մայիսի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00-ի սահմաններում, հարբած վիճակում Արսեն Մ.-ն սեռական հարաբերություններ ունենալու նպատակով որոշել է գնալ հորաքրոջ դստեր՝ «շիզոֆրենիա պարանոիդ ձեւ, մտավոր հետամնացություն» ախտորոշում ունեցող Սուսաննա Գ.-ի առանձնատուն: Մտնելով Սուսաննայի տուն, Արսեն Մ.-ն տեսել է հորաքրոջ դստերն անկողնում պառկած։ Նստելով նրա մահճակալին՝ «անպարկեշտ վարքագիծ» է դրսեւորել, ինչին Սուսաննա Գ.-ն ընդդիմացել է։ Դրանից հետո Արսեն Մ.-ն հարվածել է Սուսաննային եւ նրա ձայնն անլսելի դարձնելու նպատակով մահճակալի մոտ գտնվող պահարանի դարակից վերցրել է թափանցիկ կպչուն ժապավեն, սեղմելով Սուսաննայի ձեռքերը՝ժապավենով փակել է վերջինիս բերանը: Այնուհետեւ կապել է նրա ձեռքերն ու սրբիչը դնելով բերանին՝ ուժեղ սեղմել է եւ այդպես պահելով մոտ 5 րոպե, տեսնելով, որ նա չի շարժվում, մահացել է, բռնաբարել է Սուսաննային: Կատարած հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով այրել է Սուսաննայի ու հարեւան սենյակի անկողինը, որպեսզի այրվի ամբողջ տունն ու դիակը: Արսեն Մ.ն-դատապարտվել է ազատազրկման 14 տարի ժամկետով:
Հայկուշ Ս.-ին սպանել է խորթ որդին. Հոր մահվանից հետո Հովհաննես Չ.-ն բնակվել է Հայկուշ Ս.-ի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում Հովհաննես Չ.-ն հաճախակի է վիճել Հայկուշ Ս.-ի հետ, հարաբերությունները լարված էին: Հայկուշ Ս.-ն սպանվել է 2016 թ. սեպտեմբերի 2-ից մինչեւ սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում: Գործով մեղադրյալ Հովհաննես Չ.-ի ցուցմունքների համաձայն՝ նշված օրը նա տեսել է 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող իր խորթ մորն իրենց տան բակի մոտ գտնվող փողոցում. նա, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ինքն իր հետ խոսելիս է եղել եւ ասել է, որ ցանկանում է տնից հեռանալ, ինչ-որ տեղ գնալ: Հովհաննես Չ.-ն ցանկացել է Հայկուշ Ս.-ին տուն տանել, սակայն վերջինս հակառակվել է, ինչի պատճառով Հովհաննես Չ.-ի «նյարդերը տեղի են տվել», եւ Հայկուշ Ս.-ի մազերից քաշելով՝ տարել է դեպի տուն: Ճանապարհին բռունցքով հարվածել է վերջինիս գլխի գագաթային հատվածին, իսկ ձեռքերով եւ ոտքերով մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Հայկուշ Ս.-ին ուժով տուն մտցնելու ընթացքում մեջքից հրել է, ինչի հետեւանքով վերջինս կորցրել է հավասարակշռությունն ու բակում ընկել: Մոտենալով Հայկուշ Ս.-ին՝ տեսել է, որ վերջինս ընկնելու հետեւանքով գլխի գագաթային շրջանում արյունահոսող մարմնական վնասվածք է ստացել, որից հետո, Հայկուշ Ս.-ին թեւանցուկ անելով, քաշելով մտցրել է հյուրասենյակ, լվացել է գլուխն ու պառկեցրել իր անկողնում եւ զբաղվել տնային գործերով:Այդ ընթացքում տանը մոտ 250 գրամի չափով օղի է խմել: Մոտավորապես 10 րոպե անց Հայկուշ Ս.-ն, անկողնուց վեր կենալով, ցանկացել է տնից հեռանալ, սակայն նրան տնից դուրս չթողնելու նպատակով Հովհաննես Չ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին եւ հյուրասենյակի մուտքի դռան կողքից վերցնելով հատակ լվանալու փայտը՝ դրա բռնակի հատվածով հարվածներ է հասցրել Հայկուշ Ս.-ի մեջքին եւ ոտքերին: Այնուհետեւ Հայկուշ Ս.-ի նկատմամբ ուժ գործադրելով՝ վերջինիս տարել եւ պառկեցրել է հյուրասենյակի բազմոցին, ապա դուրս է եկել տանից՝ փակելով մուտքի դուռն ու Հայկուշ Ս.-ին տանը թողնելով միայնակ: Լուսադեմին վերադառնալով տուն՝ տեսել է Հայկուշ Ս.-ին բերանքսիվայր գետնին ընկած: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Հայկուշ Ս.-ի ստացած վնասվածքները մահվան պատճառի հետ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ: Հովհաննես Չ.-ի նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 10 տարի ժամկետով:
Որն է կնասպանությունը. զեկույցի հեղինակները նշում են. «Մի շարք միջազգային կառույցներ եւ ոլորտի տեսաբաններ կնասպանության դասակարգման մեջ ընդգրկում են կանանց ցանկացած սպանություն, այդ թվում՝ ոչ կանխամտածված, որը նպատակ ունի վերահաստատել կնոջ վրա հայրիշխանական համակարգի կողմից կիրառվող իշխանությունը: Այս կնասպանության առավել տարածված ձեւերից է ներկայիս կամ նախկին զուգընկերոջ կողմից կանանց սպանությունը, որոնք տեւական ժամանակ եղել են նաեւ ընտանեկան բռնություն վերապրածներ: Ընտանեկան բռնության արդյունքում սպանված կանայք հայրիշխանական հասարակության կողմից դիտվում են տվյալ տղամարդու «սեփականությունը» եւ տղամարդու կողմից սպանության իրականացումը համարվում է սեփական իշխանության հաստատման դրսեւորում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.10.2019
Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-Հայաստանի տեսակետները: