Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեզվակռիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև

Հոկտեմբեր 01,2019 23:40

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

2019 թ․սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանը։ Մասնակիցները ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարները և ն բարձրաստիճան պաշտոնյաներն էին, այդ թվում ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Զարմանալի է, որ բացակայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ մեծ սխալ նրա կողմից․․․

2019 թ․ սեպտեմբերի 24-ին առաջինը ելույթ ունեցավ Էրդողանը։ Արդարության և հավասարության մասին վեհ գաղափարներից խոսելուց հետո, որոնք մշտապես խախտվում են Թուրքիայում, Էրդողանը մեկ անգամ ևս բողոքեց, որ Թուրքիան ներկայացված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) շարքում, որոնք ունեն վետոյի իրավունք։ Թուրքիային նման առանձնաշնորհյալ ակումբ ընդունելուց  շատ առաջ, պետք է առաջնահերթություն տալ Հնդկաստանին, Բրազիլիային և, հնարավոր է` Գերմանիային։ Էրդողանը նաև Թուրքիան խեղաթյուրված ներկայացրեց որպես այն երկիրը, որն «առաջին և ծանր հարվածը հասցրեց» Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին: Իրականում, Թուրքիան եղել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ամենամեծ աջակիցը․․․ Զարմանալի է, որ Էրդողանը մեղադրում է հույն կիպրացիներին այն բանի համար, որ Թուրքիան շարունակում է օկուպացնել Հյուսիսային Կիպրոսը: Նա նաև քննադատեց Իսրայելին՝ պաղեստինցիների նկատմամբ վատ վերաբերմունքի համար:

Անդրադառնալով Կովկասին՝ Էրդողանը հայտարարեց. «Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից շրջանները, որոնք ադրբեջանական տարածք են, դեռևս գրավված են՝ չնայած ընդունված [ՄԱԿ-ի] բանաձևերին»:

2019 թ․ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դատապարտելով Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի» (Արցախ) հակամարտությունը լուծելու դժկամության համար։ Նա ասաց, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Ինչ վերաբերում է Թուրքիային, Փաշինյանը հայտարարեց, որ «հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, որը վերապրել է ցեղասպանության խորը ողբերգությունը և շարունակում է բախվել ճշմարտության ու արդարության դաժան ժխտմանը»:

2019 թ․ սեպտեմբերի 28-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց․ «Հայաստանը, միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու անօգուտ փորձերի վրա ժամանակ վատնելու փոխարեն, պետք է հրաժարվի անկայուն ներկա կացությունը երկարաձգելուց և բարեխղճորեն կատարի իր միջազգային պարտավորությունները»։ Որքան շուտ Հայաստանը հրաժարվի իր «հարձակողական և թշնամական քաղաքականությունից տարածաշրջանում», այնքան ավելի լավ կհաղթահարի իր «լուրջ քաղաքական, տնտեսական և սոցիալական բեռը», ասաց Մամեդյարովը:

ՄԱԿ-ի հայաստանյան պատվիրակն օգտվեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ելույթին իր «պատասխանի իրավունքից»՝ մեղադրելով նրան Լեռնային Ղարաբաղի հակամարտության աղավաղման մեջ: Հայաստանի ներկայացուցիչն այնուհետև հիշատակեց 1988 թ. ադրբեջանական հայերի կոտորածների մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել:

Այնուհետև, Ադրբեջանի ներկայացուցիչն իր հերթին արձագանքեց իր «պատասխանի իրավունքով»: Հայ և ադրբեջանցի պատվիրակները հանդես եկան մի շարք դիտողություններով՝ պատասխանելով միմյանց մեղադրանքներին:

Իսկ այդ ընթացքում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դժգոհեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վերաբերյալ Էրդողանի քննադատությունից՝ խիստ դատապարտելով նրան, տեղեկացնում է Jerusalem Post թերթը․ «Վարչապետ Նեթանյահուն քննադատեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան անվանելով ստախոս և ասելով, որ «նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, ով սպանում է քրդերին իր երկրում, ով հերքում է հայ ժողովրդի դեմ իրականացված սարսափելի ոճրագործությունները, նա չէ, որ պետք է խրատներ տա Իսրայելին»:

Նեթանյահուի մեկնաբանությունները ամենևին էլ չգոհացրեցին համայն հայությանը, որոնք մատնանշեցին, որ նրա ղեկավարությամբ է Իսրայելը մերժել Հայոց ցեղասպանության հավաստիությունը և արգելափակել Հայոց ցեղասպանության ճանաչումը Կնեսետի (խորհրդարանի) կողմից։ Նեթանյահուի խոսքերը դիտարկվեցին որպես պարզապես անպարկեշտ փորձ Հայոց ցեղասպանությունը որպես միջոց օգտագործելու՝ Էրդողանին հարվածելու համար, մինչդեռ Իսրայելը ինքը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա Նեթանյահուի կեղծավորության գագաթնակետն է․․․

Ինչպես բազմիցս նշել եմ, Իսրայելի կառավարությունը որպես ցեղասպանության ենթարկված ազգի ղեկավարություն, պետք է առաջին երկիրը լիներ, որ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ոչ թե վերջինը։ Այս ուշացած փուլում, եթե անգամ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կլինի անիմաստ քայլ, քանի որ տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Շարունակելով անամոթաբար հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, Իսրայելի կառավարությունը պարզապես խաթարում է իր հեղինակությունը միջազգային հանրությունում։

Նույնիսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին միացավ քաղաքական վիճաբանությանը Նյու Յորքում՝ հանդիպելով Կիպրոսի նախագահի և Հայաստանի ու Հունաստանի վարչապետների հետ՝ ցույց տալու համար իր դժգոհությունը Թուրքիայի նախագահ Էրդողանին, որը ՄԱԿ-ի իր ելույթում Պակիստանի կողմը բռնեց։ Նման հանդիպումը, միանշանակ, բխում է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի շահերից՝ հակադրվելու Պակիստանի հարմարավետ հարաբերություններին Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս տարվա հունիսին, Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի արտգործնախարարները հանդիպեցին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ քննարկելու իրենց հարաբերությունների ընդլայնման հարցերը։ Բոլոր երեք երկրները կիսում են տարածաշրջանում թուրքական գերիշխանությանը հակադրվելու ընդհանուր նպատակը:

Հոդվածն ավարտեմ զվարճալի գրառմամբ. Էրդողանը հրաժարվեց նստել Թրամփի սեղանին, այլ պետությունների ղեկավարների հետ հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը ԱՄՆ նախագահը մատուցել էր անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնում, քանի որ Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ էլ-Սիսին, որին Թուրքիայի նախագահը ատում է, նստած էր նույն սեղանի շուրջ։ Էրդողանի աթոռը մնաց դատարկ՝ զրկելով նրան ճաշկերույթի ընթացքում Թրամփի ուղեղը լվանալու ոսկե առիթից….

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031