Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԱԱԾ-ի ղեկավարը, ՀՔԾ-ի ղեկավարը, երկրի վարչապետը գաղտնալսվում են, այդ ժամանակ պետք էր սպայի պատվից խոսել»

Սեպտեմբեր 26,2019 15:30

Իրավաբանների հայկական ասոցացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարծում է, որ ուժային կառույցների ղեկավարների`հրաժարականից հետո քաղաքական գործունեություն ծավալելը, պետք է օրենքով սահմանափակվի:

«ԱԱԾ-ն չպետք է զբաղվի կոռուպցիայի դեմ պայքարով, դրանով պետք է հատուկ մասնագիտացված ծառայությունները զբաղվեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցացիայի նախագահ Կարեն Զադոյանն`անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին եւ դրա շուրջ ստեղծված աղմուկին: Հետհեղափոխական էյֆորիա, որ «մենք ունենք հերոս», «ամեն ինչ այս ԱԱԾ-ն է անում`կոռուպցայի դեմ պայքարում», մեր զրուցակիցը «շատ սխալ է» համարում եւ նկատում, որ դա հասկանալու համար մեզ 1,5 տարի պետք եկավ: ԱԱԾ-ի հիմնական գործառույթները, ըստ մեր զրուցակցի, եղել են եւ պետք է լինեն` հետախուզությունն ու հակահետախուզությունը, այդ թվում նաեւ ռազմական հակահետախուզությունը եւ օպերատիվ-քննչական ծառայությունը:

Երբեմնի թիմակիցներ, ներկայումս հակառակորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի հեռակա «պատերազմը» ծավալվեց «սպայի պատվի» շուրջ, քանի որ հրաժեշտի իր տեքստում Արթուր Վանեցյանը գրել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

Մի քանի օր անց, արդեն Լոս Անջելեսից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր`իր գերագույն գլխավոր հրամանատարի դեմ նման հայտարարություն անել` «…դա նշանակում է իր ուսադիրները գցել աղբաման»:

Մեր զրուցակիցը նկատում է. «Առհասարակ, ԱԱԾ ղեկավարները գալիս են աննկատ եւ հեռանում աննկատ. դա աշխատանքի բնույթի հետ է կապված: Իսկ եթե անդրադառնանք «սպայի պատվին», ինձ համար ուղենիշ է գաղտնալսումը (խոսքը հետհեղափոխական շրջանում ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի եւ վարչապետի խոսակցությունների հայտնի գաղտնալսման մասին է- Ն. Գ): Եթե ԱԱԾ-ի ղեկավարը, ՀՔԾ-ի ղեկավարը, երկրի վարչապետը գաղտնալսվում են, այդ ժամանակ պետք էր սպայի պատվից խոսել եւ ես դեռ անցած տարվա սեպտեմբերին էի առաջարկել` գոնե մինչեւ այդ գործի ավարտը, ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարները պետք է հրաժարականներ տային: Այդ դեպքում կասեինք, որ իրոք, սպայի պատվի եւ արժանապատվության հետ գործ ունենք»: Ընդհանրապես, մեր զրուցակիցը գտնում է, որ սպան պետք է նման քաղաքական հայտարարություններից զերծ մնա, ինչը չարեց Արթուր Վանեցյանը: Քանի որ, իրավական առումով, ԱԱԾ ղեկավարի նշանակումը եւ ազատումը վարչապետի սուվերեն իրավունքն է, Կարեն Զադոյանը ճիշտ չի համարում նշանակման կամ ազատման հրամանների քննարկումը, գնահատականները, առավել եւս` հրապարակային. «Այդ բանավեճը պետք է կանգնեցնել, որպեսզի ամեն ինչ ավելի հանդարտ ընթացք ունենա»:

Մեր զրուցակիցը կարծում է նաեւ, որ օրենսդրական փոփոխություններ են պետք. պաշտոնանկությունից հետո ուժային կառույցի ղեկավարի կողմից քաղաքական գնահատականներ տալն օրենքով պետք է արգելվի: «Մենք նաեւ պետք է մյուս պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ վարչապետի կողմից, շատ հստակ էթիկայի կանոններով առաջնորդվենք, որպեսզի իրենց կողմից գնահատականներում, հրապարակային ասելիքներում ավելի զուսպ լինեն»,- ասում է Կարեն Զադոյանը`հավելելով, որ զսպումների մեխանիզմներն անհրաժեշտ են նաեւ այն պատճառով, որ ազգային անվտանգության հարցերի մասով հսկայական տեղեկատվության տիրապետող մարդկանց հայտնվելը քաղաքականության մեջ`չափազանց վտանգավոր է: Այդ իմաստով, ժամկետների առումով պետք է սահմանափակումներ մտցվեն:

Վերջերս խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը`«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, որի համաձայն ԱԱԾ տնօրեն եւ ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին: Այսինքն, այդ պաշտոնները դառնում են քաղաքական: Հետաքրքրվեցինք` սա ինչ-որ կերպ լուծո՞ւմ է խնդիրը, թե՞ ավելի բարդացնում եւ խճճում է իրավիճակը: Կարեն Զադոյանը նկատեց`սա վարչապետին հնարավորություն կտա ավելի լայն շրջանակներից նշանակում կատարել. «Բայց այն, ինչը վերջին դեպքերը ցույց տվեցին`խնդրի քաղաքականացնելը շատ վտանգավոր է, այս նախագիծը լուրջ ռիսկեր է պարունակում: Եթե վերջնական որոշվի, որ այդ պաշտոնները պետք է քաղաքական դարձվեն, ապա անպայման փոխզսպումների մեխանիզմներ պետք է սահմանվեն: Ներկայից`ապագայի համար պետք է դասեր քաղենք»:

«Լուսավոր Հայաստանում», իրենց հիմնավորումներում, ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի` խորհրդարանին հաշվետու լինելու համատեքստում էին  նաեւ հարցը դիտարկում, մինչդեռ նախկինից փորձ ունենք, երբ այդ պաշտոնները քաղաքական այրեր էին զբաղեցնում եւ համակարգերը ծառայեցվում էին տվյալ քաղաքական ուժի նպատակներին: Կարեն Զադոյանը պնդում է` թափանցիկությունն ու հաշվետվողականության ապահովումը, բայց այդ պաշտոնները քաղաքականացնելը, քաղաքական թիմի ներկայացուցիչներով այդ կառույցների համալրումը շատ վտանգավոր է: Իբրեւ արդեն ձախողված օրինակ բերում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» առաջին կազմի քաղաքական նշանակումները:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30