Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ Անկախության տոնին հարգանքի տուրք մատուցելու: Նրանք ծաղիկ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին:
Ուշագրավ է, որ լսելի էր, թե ինչ թեմայով են զրուցում վարչապետն ու Արմեն Սարգսյանը, երբ քայլում էին Եռաբլուրում մյուս պաշտոնյաների հետ շքախմբով: Նիկոլ Փաշինյանը խոսում էր իր քաշից: Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ հատուկ դիետա՞ ես պահում: Փաշինյանն էլ կիսվեց իր նիհարելու փորձով: Ասաց, որ վերջերս մի գիրք, թե հոդված է կարդացել՝ «Голодание спасет вашу жизнь», պատմեց, թե ինչի մասին էր գիրքը: Նրանք խոսում էին դիետայի տեսությունից, ուրիշների փորձից:
Փաշինյանն ասում էր՝ «Իրենք ապացուցել են փորձով, որ օրերով սոված մնալը ոչ միայն վնաս չի տալիս, այլեւ օգնում է օրգանիզմին»: Արմեն Սարգսյանն էլ դիետաների իր ունեցած տեղեկություններով էր կիսվում:
Ավելի ուշ արարողությունից հետո դիետայի թեման շարունակում էր մնալ ակտուալ:
Կարդացեք նաև
Վարչապետը Արմեն Սարգսյանին ասաց, որ հեղափոխությունից առաջ ինքը «տրինաժորներով» է փորձել նիհարել. «Բայց հիմա էն ժամանակվանից 4 կիլո ավել եմ»:
Հիշեցնենք, որ վարչապետը եւ նախագահը տեղեկացված էին, որ մի շարք ԶԼՄ-ների ուղիղ եթերում էին ու իրենց զրույցը կարող էր լսելի լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ