Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատության է ենթարկվել երկրի խորհրդարանականների կողմից Հայաստանում վիճահարույց Ամուլսարի հանքավայրի շահագործմանն աջակցելու համար, հաղորդում է Open Democracy-ն:
Պարբերականը, համաձայն տեղեկատվության ազատության մասին արձանագրության, հրապարակել է տեղեկատվություն, որոնք ցույց են տալիս հաճախակի շփումները Բրիտանիայի ԱԳՆ-ի և Lydian International ընկերության միջև: Այս տեղեկատվությունը լույս է սփռում ավելի վաղ առաջ եկած այն մտահոգությունների վրա, որ լեռնահանքարդյունահանող ընկերության և Հայաստանում Բրիտանիայի դեսպանության միջև որոշակի կապեր կան:
Open Democracy-ի տրամադրության տակ հայտնված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Հայաստանի մայրաքաղաքում Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները, այդ թվում դեսպանները, 2013-2018թթ. ընթացքում մշտական կապ են պահել Lydian International-ի հետ՝ կապված Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ: Նրանք կազմակերպել են շնորհանդեսներ, սեմինարներ, հանդիպումներ, աշխատանքային խմբեր, և նախագծերի թարմացումներ: 2018թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում դեսպանատան և Lydian International-ի միջև թվարկված է այդպիսի 55 շփում:
Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել նաև 2018թ. ընթացքում ներքին հաղորդակցությունների համաթիվը, որը ցույց է տալիս՝ ինչպես է դեսպանատունը հետևել Ամուլսարին «թավշյա հեղափոխությունից» հետո:
Կարդացեք նաև
Ցանկում տեղ են գտել փաստաթղթեր հետևյալ վերնագրերով՝ «Լիդիանը թարմացնում է սևագրերը», «Հարցեր դեսպանին», «Հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ. առանցքային հարցեր», «Տվյալներ Լիդիանի հետ հանդիպումից», բացի այդ Լիդիանին վերաբերող դեսպանատան 7 ներքին փաստաթղթեր, որոնք թվագրվում են 2018թ. սեպտեմբերին: Այդ ամսին Հայաստանի կառավարությունը կարգադրել էր գնահատել Ամուլսարի շահագործման ազդեցությունը երկրի ջրային ռեսուրսների վրա, ինչպես նաև անկախ փորձաքննություն անցկացնել՝ պարզելու հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
«Մտահոգիչ է, որ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչները Հայաստանում աջակցել են այս ակնհայտ վիճահարույց հանքի կառուցմանը, որը կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ շրջակա միջավայրը, ինչպես նաև գյուղական համայնքների բնակչության առողջության և բարօրության վրա,- ասել է Բրիտանիայի խորհրդարանի լեյբորիստական կուսակցության անդամ Լլոյադ Ռասել-Մայլին:- Այս փաստաթղթերը հարցեր են բարձրացնում՝ ինչու է Բրիտանիայի կառավարությունը նման քաղաքական ռիսկի դիմել»:
Բրիտանիայի ԱԳՆ խոսնակն ասել է. «Բրիտանիայի դեսպանատունը դրական դերակատարություն ունի ամբողջ աշխարհում բրիտանական ընկերությունների բիզնեսի զարգացման համար: Այդպիսով, Երևանում Բրիտանիայի դեսպանատունը աշխատում է հայկական շուկայում ակտիվ բրիտանական բիզնեսների հետ»:
Lydian International-ից հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
List of UK Foreign Office d... by openDemocracy on Scribd
Contacts between UK Foreign... by openDemocracy on Scribd