Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են». Վիտալի Բալասանյան

Օգոստոս 31,2019 21:31

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ)։ «Դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը:

«Նրանք, ովքեր խոսում են, որ Արցախի բյուջեի այսքան տոկոսը ՀՀ-ն է տալիս, կամ տնտեսագիտությունից, կամ թվաբանությունից շատ հեռու մարդիկ են. թող հաշվարկ անեն եւ տեսնեն, թե որտեղի՞ց է գոյանում այն 150-160 միլիարդ դրամը, որը Արցախը ՀՀ-ից ստանում է իբրեւ միջպետական վարկ: Թող հաշվարկեն այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք ներկրվում են Հայաստանի միջոցով արտերկրից, կտեսնեն, որ դեռ մի բան էլ ԱՀ-ն պակաս է ստանում: Այդ մարդիկ թող ականջներին խորը օղ անեն եւ ճիշտ խոսեն»:

Շարունակելով խնդրի քաղաքական ասպեկտը եւ անդրադառնալով այն կազմակերպություններին, որոնց տրամադրվել է գումարը` Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար, մեր զրուցակիցն ասաց. «Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են: Դա դրսից ներդրված ծրագիր է: ՀՀ-ն` ի դեմս վարչապետի, որպեսզի այդ գումարներն այլ խողովակներով չներմուծվեն Արցախ, կառավարության միջոցով է դա անում: Կգա օրը եւ կտեսնեք, որ այդ երկու կազմակերպությունները ներմուծվում են Արցախ: Այո, ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի ե՛ւ խորհրդարանն է բռնազավթվել, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են: Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական Սահմանադրական կարգի տապալում է եղել: Կգա ժամանակը, եւ բոլորը պատասխան կտան:

ՀՀ պետականությունը հիմա կասկածի տակ է, ինչը փորձում են տեղափոխել Արցախի Հանրապետություն, բայց դա թույլ չի տրվելու, քանի որ յուրաքանչյուր անհատ, Արցախում իր վրա տարել է պետականություն կերտելու ծանրությունը»:

Վիտալի Բալասանյանը համոզված է, որ արցախյան հանրությունն ընդդիմանալու է այդ կազմակերպությունների գործողությունների դեմ եւ առաջիկա ընտրություններում արդեն դրսեւորումները կտեսնենք: Հարցին` ինչպե՞ս է հակազդելու, գործիքները որո՞նք են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հայաստանից սովորել ենք: Ձեւերը ժողովուրդը արտագրել է, իրենք կիմանան` ե՞րբ ու ինչպե՞ս օգտագործել»:

Նկատեցինք, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը եւ քաղհասարակության ներկայացուցիչներ ողջունել են այդ նախաձեռնությունը: ․

«Կապ չունի` ո՞վ է ողջունել, ինչո՞ւ է ողջունել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Հավանաբար ողջունել է ՀՀ կառավարության որոշումը` հարգելով ՀՀ պետականությունը»:

Վիտալի Բալասանյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի, եթե րոպե առաջ ետ կանչի այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ այդ կազմակերպություններին տրամադրված գումարները փոխանցվեն սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին. «Երբ ինքն իր ելույթներում ասում էր` ո՞ւր են փողերը, տատիկները նիսյայով հաց են տանում, թող տանի այդ գումարներով սահմանամերձ Չինարիում, Խաչիկ գյուղում եւ մյուս բնակավայրերում նիսյաների պարտքերը փակի»:

Վիտալի Բալասանյանը չի կարծում, որ արցախցիներն այդքան անվստահելի են, որ ՀՀ-ից երկու կազմակերպություն` «անհայտ ծագումնաբանությամբ, գան եւ այստեղ կարգ ու կանոն հաստատեն կամ սովորեցնեն` ինչպե՞ս են ընտրություններն անցկացվում»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ ՀՀ կառավարության այս որոշմամբ խիստ կասկածի տակ է դրվում Արցախում առ այսօր կայացած բոլոր ընտրությունները` նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ, թե սահմանադրական հանրաքվե:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Որտեղի՞ց այսպիսի ամբարտավանություն․․․
    Հարգելի լրագրող, կուզենայի նախ ճշտել, այս զրույցը անձամբ Դուք ե՞ք վարել․․․

    • Հարգելի Մարգար, իսկ Դուք հիշում եք, որ զրույցը Դո՞ւք եք վարել

      • Մարգար Մախսուդյան says:

        🙂 Հարգարժան նելլի Գրիգորյան, Ձեր՝ հարցով հարցիս պատասխանելուց ինձ իրավունք եմ վերապահում ենթադրել, որ այնուամենայնիվ հարցազրույցը Դուք եք վարել։ Այդ պահը ճշտելուց հետո կխնդրեի Ձեզ, եթե հնարավոր է, Ձեր զրուցակցից երկու հարց ճշտել․
        1․ Եթե ԱՊՀ երկրներից, մասնավորապես Ռուսաստանից, դիտարկումների գան ԱՀ, արդյո՞ք դա էլ Վ․ Բալասանյանի կողմից կարժանանա «Դա անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը» գնահատականին։
        2․ Արդյո՞ք Արցախի ընտրական ինստիտուտների կենսունակության վերաբերյալ ասված այս խոսքերը պատկանում են Վ․ Բալասանյանին․ «Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ և ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին: Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչների վրա: Այս պայմաններում ստացածս քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար»։
        Կանխավ շնորհակալություն։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031