Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հարկատուների այս տարվա ցանկից մի քանի խոշոր հանքարդյունաբերող բացակայում են

Օգոստոս 23,2019 17:53

«Լիդիան Արմենիա» ընկերությունն այս տարի հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 286-րդ տեղում՝ նախորդ տարվա 23-րդ հորիզոնականի փոխարեն: Համապատասխանաբար՝ զգալի նվազել են նաեւ այս ընկերության վճարած հարկերը: Այս մասին տեղեկանում ենք խոշոր հարկատուների ցանկից: Եթե 2018-ի հունվար-հունիս ամիսներին «Լիդիան Արմենիան» վճարել է 3 միլիարդ 199 միլիոն 298 հազար դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 301 միլիոն 52 հազար դրամ:

Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի է Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը աշխատանքները դադարեցրել է:

Մեկ տարվա ընթացքում hանքարդյունաբերական մյուս ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում նույնպես, ուշագրավ տեղաշարժեր են արձանագրել:
Այսպես. հանքարդյունաբերությամբ զբաղվող Թեղուտ ընկերությունը, որը նույնպես մեկ տարուց ավելի է` չի գործում, 1000 խոշորում այս տարի չկա: Թեղուտն անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին հարկատուների ցանկի 20-րդ տեղում է եղել՝ վճարելով 3 միլիարդ 730 միլիոն 209 հազար դրամ հարկ:

Թե՜ այս տարի, թե՜ անցյալ տարի հարկատուների ցանկի առաջին հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Բայց Զանգեզուրի վճարած հարկերն այս տարի մոտ 5 միլիարդ դրամով ավելին են: 2019-ին պղնձամոլիբդենայինը վճարել է 29 միլիարդ 504 միլիոն 850 հազար դրամ: 2018-ին ընկերության վճարած հարկերը կազմել են 24 միլիարդ 642 միլիոն 595 հազար դրամ:

Խոշոր հարկատու «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը ոսկու արդյունահանման ձեռնարկություն է, նախորդ տարվա համեմատությամբ, մեկ հորիզոնականով այս տարվա ցանկում զիջել է դիրքերը, բայց վճարած հարկերն այս տարի ոչ միայն չեն պակասել, այլեւ մի բան էլ ավելացել են: Այս տարի Գեոպրոմայնինգը վճարել է 9 միլիարդ 127 միլիոն 544 հազար դրամ՝ գտնվելով ցանկի 5-րդ տեղում: Նախորդ տարի գտնվելով 4-րդ տեղում, վճարել է 8 միլիարդ 871 միլիոն 429 հազար դրամ:

2018-ին 1000 խոշոր հարկատուների ցանկի 16-րդ հորիզոնականը զբաղեցնող «Կապանի լեռնահարստացման կոմբինատը, որը հունվար-հունիս ամիսներին վճարել է 4 միլիարդ 123 միլիոն 865 հազար դրամ հարկ, այս տարվա ցանկից պարզապես բացակայում է:

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը» անցյալ տարի ցանկի 45-րդ տեղում է եղել՝ վճարելով 1 միլիարդ 631, 418 հազար դրամ: Այս տարի կոմբինատը զգալի զիջել է իր դիրքերը` ցանկում հայտնվելով 117-րդ հորիզոնականում: Ընկերության վճարած հարկերը նույնպես նվազել են՝ այս տարի կազմելով 776 միլիոն 800 դրամ:

«Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ ՍԻ ԱՅ ԷՍ» ընկերությունը նույնպես այս տարվա առաջին կիսամյակում ավելի քիչ հարկ է վճարել: Անցյալ տարի գտնվելով ցանկի 224-րդ հորիզոնականում Քրոնիմետը վճարել է 347 միլիոն 387 հազար դրամ հարկ: Այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 201 միլիոն 500 հազար դրամ հարկ:

«Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ ՍԻ ԱՅ ԷՍ» ընկերությունն այս տարի 1000 խոշոր հարկատուների ցանկի 415-րդ տեղում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031