2018թ.-ի այս օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաք, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, հայտարարեց՝ «հերթով բացահայտելու ենք ՀՀ բոլոր թալանչիներին եւ գողացված փողերը վերադարձնելու ժողովրդին»: «Սկսենք նրանից, որ «թալանչի», «պատերով տալ» եւ նման բառեր օգտագործելը վարչապետին եւ պետական գործչին հարիր բառապաշար չէ: Լուրջ պետական գործիչն օգտագործում է ոչ թե «թալանչի» բառը, այլ համապատասխան իրավաբանական տերմինաբանություն»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության մեկամյա գործունեությանը` ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Եթե ասում է «թալանչի», նշանակում է՝ դա ուղղված է ժողովրդին, դա ամբոխահաճո կերպով որոշակի միավորներ հավաքելու համար է: Քանի որ դա ամբոխահաճություն (պոպուլիզմ) էր, այն տարբերվում է նրանով, որ խոստումների մեծ մասը չի կատարվում: Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանն իր շատ խոսքերից հրաժարվել է: «Փայ մտնելու», 50/50 տոկոսների մասին որեւէ ձայն չկա: Որոշակի մարդիկ ստվերային պայմաններում ինչ-որ գումարներ են վերադարձրել պետությանը, բայց դա թափանցիկ գործընթաց չի եղել, եւ մենք չգիտենք, թե ինչ պայմանավորվածություն է եղել փակ սենյակներում: Սա ամբոխահաճություն է, որը շարունակվում է եւ որով չի հաջողվի պետություն կառուցել եւ իշխանություն պահել»,-համոզմունք հայտնեց Ստեփան Դանիելյանը:
Նրա գնահատմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի ձեռքբերումներ կային, բայց դրանք «կոսմետիկ» են, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը կազմակերպում են համակարգային եղանակով. «Իսկ դա նշանակում է, որ կարեւորագույն օրենսդրական փոփոխություններ են կատարվում, Սահմանադրություն է փոխվում, իշխանության ճյուղերն են հավասարակշռվում: Երբ նա խոսում էր այն մասին, որ հանրությունը պետք է մասնակցի գործընթացներին, որ պետք է լինի ուղիղ ժողովրդավարություն, այդ ամենը խոսքեր չպետք է լինեն, այլ օրենքներ պետք է ընդունվեն: Դա էլ չարվեց, դատարկ խոսքեր էին: Գալիս է մի փուլ, երբ հանրությունն արդեն արդյունք է պահանջում: Մենք տեսանք պոպուլիստ քաղաքական գործչի, որը պետական մտածողություն չունի»:
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ այս ամենին զուգահեռ ներկայում նկատվում են շատ բացասական գործընթացներ. «Քաղաքական գործընթացներն արդեն խորհրդարանից դուրս են ծավալվում, որովհետեւ որեւէ մեկին չի հետաքրքրում, թե խորհրդարանում ով ինչ է խոսում: ՀՀ տարբեր քաղաքական ուժերի շերտերը ներկայացված չեն ԱԺ-ում: Երբ խորհրդարանի դրսում են քաղաքական գործընթացներ կատարվում, դա հղի է վտանգավոր հետեւանքներով, որոնք արդեն սկսել ենք զգալ: Դրանք խորանալու են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ