Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկը դեռ էսպես չէր ներկայացրել Գյումրի քաղաքը»․ Սամվել Բալասանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Օգոստոս 16,2019 16:51

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր մամուլի ասուլիս տվեց՝ մանրամասնելով օգոստոսի 25-ին Գյումրու օրվա տոնակատարությունները, հյուրերի ցանկը, խոսեց նաև ներդրումային ծրագրերից ու ընթացող փողոցաշինությունից։

Գյումրու քաղաքապետն ասաց, որ տոնը կրելու է «Վարպետների քաղաք» խորագիրը, ըստ նրա, շատ գեղեցիկ օր է լինելու։

Նա ասաց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, որպեսզի առավոտյան ժամերին գնացքը երկու անգամ գա Գյումրի, իսկ այն հյուրերը, որոնք կցանկանան ուշ ժամի մասնակցել հրավառությանը, նոր մեկնել Գյումրիից, հնարավորություն կունենան ուշ ժամի՝ 23․00-ից հետո մեկնել գնացքով։

Այդ օրը վարչապետից ու կառավարության անդամներից բացի՝ հյուրեր են գալու Չինաստանից․ Սիան քաղաքի քաղաքապետի հետ հուշագիր են ստորագրելու, իսկ Ֆրանսիայից հյուրընկալվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները։ Գյումրու տոնը նշելու համար քաղաքի բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվելու է 8 միլիոն դրամ, բայց, իհարկե, որոշակի ներկայացուցչական ծախսեր կանեն հյուրերին ընդունելու համար։

Սամվել Բալասանյանի ասելով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցի հարցում շատ մեծ դերակատարություն է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանը։

«Երբ Ֆրանսիայի դեսպանը եկավ մեզ մոտ հանդիպման, նա ասաց՝ կարող ենք օգնել, որ ձեր քաղաքը լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ։ Եվ հիմա այս պատվիրակությունը գալիս է։ Մենք մեծ սիրով կդիմավորենք, կհյուրասիրենք, ամեն ինչ կանենք, իհարկե, եթե մեր քաղաքը տեսնելուց հետո, հաստատ իմանանք, որ Գյումրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքների մեջ է մտնելու, որովհետև ունենք շատ գեղեցիկ քաղաք»,- ասաց քաղաքապետը։

Քաղաքապետը տեղեկացրեց, որ Գյումրու տոնակատարությունների շրջանակում պաշտոնապես շահագործման կհանձնվի վերջերս վերանորոգված Շիրազի անվան պատմական փողոցը, այս ընթացքում պիտի հասցնեն վերացնել թերությունները։

«Իրականում անելու ենք ամեն ինչ, որպեսզի որևէ թերություն չլինի, մանավանդ լուսավորության հետ կապված, որովհետև շատ գեղեցիկ փողոցներ են ստացվել, կարելի է հպարտանալ Գյումրիի պատմական միջուկով, ես այսպես էլ պատկերացնում էի։ Նման արձագանք, որ այսօր մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը էդպես ներկայացրեց մեր քաղաքը, որը իրականության մեջ կար, երևի թե բոլորը չգիտեին, և այսօր, ինձ թվում է, որ արդեն իսկ մեր հասարակությունը, Սփյուռքի մեր հայրենակիցները, բոլորը հասկացան, որ եթե գան Հայաստան, անպայման պիտի Գյումրի գան»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Aravot.am-ի այն հարցին, թե վարչապետի ներկայացնելուց հետո որևէ մեկը դիմե՞լ է պատմական միջուկում ներդրում անելու, քաղաքապետն ասաց․ «Պատկերացրեք, որ վարչապետի այցից հետո տուրիստների քանակն է ավելացել, օրինակ՝ ես այսօր մեծ թվով հյուրեր ունեմ Ֆրանսիայից։ Բոլորի ցանկությունն է, որ գան, փողոցները տեսնեն։

Շատ շնորհակալ ենք վարչապետից նման ներկայացման համար, որևէ մեկը Գյումրի քաղաքը դեռ էսպես չէր ներկայացրել՝ մանրամասներով։ Մանավանդ մենք գիտենք, որ քաղաքը գնում է դեպի տուրիստական քաղաք դառնալու հանգրվանին։ Քիչ առաջ դուրս եկա, մի քանի տուրիստական ավտոբուս հրապարակում արդեն կանգնած էր։ Անզեն աչքով նկատելի է, թե ինչքան են տուրիստներն ավելացել Գյումրի քաղաքում։ Սա իր հետ բերելու է նաև այնպիսի կարևորագույն խնդրի լուծման, ինչպիսին հաջորդ տարի դեպի Սլաբոդկա թաղամաս, դեպի Տերյան փողոցի վերականգնումն է, վերականգնենք նաև որոշ պատմական շենքեր, որոնք համայնքի սեփականությունն են։ Օրինակ՝ գրադարանի շենքը, որ դարձնելու ենք այսօրվա դրությամբ շատ կարևոր մի խնդրի լուծման միջոց, ԶԱԳՍ-ի շենք ունենանք, և քաղաքն ունենա հյուրատուն։ Բացի դրանից՝ շենքեր ունենք Ջիվանու փողոցի վրա, Գյուրջիևյան կենտրոն ենք սարքելու։ Ես բանակցում եմ, որպեսզի Համաշխարհային բանկի հետ և՛ կենտրոնական հրապարակը մանրաքարերով սարքենք, և՛ Ջիվանի հրապարակը, և՛ այդ երկու շենքը ենթածրագրերով Համաշխարհային բանկի հետ կարողանանք վերանորոգել»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031