Դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ իր տան մոտակայքում դաժան ծեծի հետևանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի գործի նախաքննությունն ավարտվել է, այն մոտ օրերս Շիրակի մարզի դատախազությունը կուղարկի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Հիշեցնենք, որ 57-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը, չնայած տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա․ Սաքունցի, Ա․ Զալյանի ու Հ․ Հակոբյանի` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության, այնուհետ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքներին․ կալանավորումից հետո մինչև օրս պահվում է ռազմաբազայում, նրան չտեղափոխեցին հայաստանյան որևէ քրեակատարողական հիմնարկ։
Թե որտեղ տեղի կունենա Ռազգիլդեևի դատավարությունը՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքո՞ւմ, թե՞ ռազմաբազայի տարածքում, ինչպես որ տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքին սպանդի ենթարկած Վալերի Պերմյակովինը, հայտնի կդառնա գործը դատարան ուղարկելուց ու կոնկրետ դատավորի մակագրելուց հետո։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքից տեղեկանում ենք, որ Ա․ Սաքունցն ու Արայիկ Զալյանը 2019թ․ հուլիսի 19-ին Ա․ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը մերժելու Շիրակի մարզի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները բողոքարկել են Վճռաբեկ դատարան։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ հանցագործության շարժառիթն այդպես էլ բացահայտված չէ։
Արթուր Սաքունցի հետ զրույցը՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ