Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների խելահեղ տոն Գյումրիում․ նրանցից ներողություն խնդրեցին հոգսաշատ Հայաստան թողնելու համար (Ֆոտոշարք)

Օգոստոս 12,2019 23:13

Գյումրիում այսօր հետաքրքիր ծրագրերով՝ կրթական համաժողովով ու մինչև ուշ երեկո շարունակվող բացօթյա համերգով նշվեց երիտասարդների միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակվել է դեռևս 1999 թվականին։

Նշենք, որ այս տոնը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նշվել է Գյումրիում՝ մեր երկրի երիտասարդների հարցերով զբաղվող ամենաակտիվ ՀԿ-ի՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից։ 5 տարի անընդմեջ այն կազմակերպում է նույն երիտասարդական կառույցը՝ դարձնելով ավանդույթ։

Տոնը սկսվեց «Փոխակերպվող կրթություն» խորագիրը կրող համաժողովով, որից հետո Հայաստանում պաշտոնապես տրվեց անչափ կարևոր մի ծրագրի՝ Եվրոպական Միության «Եվրոպական համերաշխության կորպուս»-ի մեկնարկը։ Այն հայ երիտասարդների առջև բացում է աշխարհի դռները՝ լայն հնարավորություններ տալով մասնակցել միջազգային ծրագրերի։

Առավոտից մինչև ուշ երեկո տևած տոնակատարությանը մասնակցում էին տարբեր պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ՝ իրենց ցանկությունները մաղթելով երիտասարդներին։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն իր ելույթում ասաց, որ 2015 թվականին, երբ առաջին անգամ Հայաստանում, ընդ որում Գյումրի քաղաքում նախաձեռնվեց երիտասարդների տոնը, սկզբում բոլորին տարօրինակ թվաց ։ Սակայն Գյումրիում 5 տարի անընդմեջ նշելուց հետո, այն սկսել են տոնել հանրապետության շատ համայնքներում։ Նա նաև տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ն առանձնացնում է մեկ համաշխարհային հիմնախնդիր ու դարձնում է խորագիր, այս տարի փոխակերպվող կրթությունն է։

Բանախոսը շնորհավորեց բոլոր նրանց, որոնք, իր խոսքերով ասած, իրենց ֆիզիկապես ու հոգեպես երիտասարդ են զգում։

Նա ասաց, որ ամենակարևորը երիտասարդական ոգի ունենալն է՝ անկախ տարիքից, ու որպես վառ օրինակ՝ մատնանշեց տոնին մասնակցող Գյումրու քաղաքապետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանին։

Հասմիկ Կիրակոսյանն ինքնատիպ ելույթ ունեցավ՝ ասելով, որ երիտասարդներին ողջունում է 77 տարվա բարձունքից։

«Հայ երիտասարդն այնպես պիտի սոսնձվի իր հողին, որ իր ուղեղի, մտքի, սրտի ամբողջ ունեցվածքը չտանի, շաղ չտա հեռվում, այլ մնա Հայոց աշխարհին»,- ասաց մշակույթի վաստակավոր գործիչը։

Հասմիկ Կիրակոսյանը նաև նկատեց, որ Հայոց աշխարհը «շատ է ջահելացել»։ Ըստ տիկնոջ, կան 25 տարեկան զառամյալներ ու 77 տարեկան ջահելներ, երիտասարդ լինելը, նրա բնութագրմամբ՝ հոգու զգացողությամբ է։

Հասմիկ Կիրակոսյանը երիտասարդներին խնդրեց ներողամիտ լինել մեծահասակների հանդեպ, քանի որ նրանից ժառանգել են հոգսաշատ Հայաստան։

«Ուրեմն ձեր ամբողջ ունեցվածքն օգտագործեք Հայոց աշխարհի հոգսաթափության համար»-հորդորեց Հասմիկ Կիրակոսյանը։

Հավելենք՝ սա այն եզակի տոներից է, որ փողոց էր դուրս բերել Գյումրու գրեթե ողջ երիտասարդներին, Թատրական հրապարակում կազմակերպված բացօթյա համերգին մասնակցում էին «Adana Project» ֆոլկ ռոք բենդը, DJ Arni Rock-ն ու Haik Solar-ը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Եպրաքսյա Մեխակյանի, ԵՆԿ-ի ու Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031