Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր այդ զսպաշապիկները հագցնում ենք ամեն տեղ». Տավուշի մարզպետը՝ նախկին կրիմինալ համակարգի ու կոռուպցիոներների մասին

Օգոստոս 12,2019 22:15

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն միջհամայնքային մեդիատուր էր կազմակերպել Տավուշի մարզ, որի շրջանակներում հանդիպում ունեցանք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:

Մարզպետը խոսեց նախկին իշխանությունների թողած վատ ժառանգության, կոռուպցիոն համակարգի մասին, որի դեմ փորձում են պայքարել: Նրա խոսքով՝ կրիմինալ համակարգ է եղել՝ կիսակրիմինալ ու կոռումպացված մարդկանցով. «Ամեն գյուղում եղել են մարդիկ, որոնք սպասարկել են անօրինականությունը: Կոռուպցիոն համակարգին ոչ միայն անտառն է սպասարկել, այլ նաեւ տարբեր անօրինական բիզնեսներ են սպասարկել»:

Aravot.am-ը նրան հարցրեց՝ կոռուպցիոն բնույթի ի՞նչ բացահայտումներ եք արել: Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Հիմա ցուցակները չունեմ, բայց տասնյակ բացահայտումներ են եղել եւ տասնյակ քրեական գործեր կան ե՛ւ ուժային կառույցների, ե՛ւ անտառի, ե՛ւ նույնիսկ դպրոցների, համայնքապետերի, հիվանդանոցների, այսինքն, բոլոր ոլորտներում բացահայտումներ կան, բոլոր ոլորտներում քրեական գործեր կան, որոնք պիտի բացահայտվեն առաջիկայում: Այնպես որ, այստեղ մի քանի տասնյակ մարդկանց մասին է խոսքը: Ենթադրվում է, որ կարող են լինել քրեական գործեր, որոնց նույնիսկ ես տեղյակ չեմ: Բազմաթիվ դեպքեր ե՛ւ համայնքային ծառայության, ե՛ւ տարբեր գերատեսչական ծառայությունների անձանց, որոնց նկատմամբ հարուցված է քրեական  գործ, կատարվում է հետաքննություն, դատական պրոցեսներ եւ այլն»:

Մարզպետն ասաց, որ նախկինում ե՛ւ աշխատատեղերի ուռճացում է եղել, ե՛ւ ծառայողական մեքենաների հավելյալ ծախս. «Ամեն ինչ էլ եղել է: Ես կարող եմ հայտարարել, որ այսօր մեզ մոտ բացակայում է համակարգային կոռուպցիան: Եթե ինչ-որ օղակներում ինչ-որ պրոցեսներ դեռեւս մնացել են այսպես ասած ավանդույթների ուժի վրա, մենք գոնե ամեն օր այդ զսպաշապիկները հագցնում ենք ամեն տեղ: Մեր ուժային կառույցները բավականին հետեւողական վարքագիծ ունեն այս առումով, այնպես որ առաջին իսկ դեպքը կարող է լուրջ հանրային քննարկման առարկա դառնալ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ այդ կոռուպցիոն համակարգը, որի մասին խոսում էիք, հակահեղափոխության վտանգ ունի՞, թե՞ չունի, հնարավո՞ր է ներքեւի օղակներից հակահեղափոխություն արվի՝ մարզպետը պատասխանեց. «Հնարավոր է ինքն ունի հակահեղափոխության նպատակ, բայց ես վտանգ չեմ տեսնում, որովհետեւ իրականում մեր բնակչության ստվար մեծամասնությունը այն բոլոր գործողությունների ջատագովն է, որոնցով մենք այսօր զբաղված ենք՝ ներառյալ վերջին իրադարձությունները՝ անտառի հետ կապված: Ուղղակի այդ մարդիկ փողոցում չէին, ճանապարհ չէին փակել: Բոլորի մոտեցումը հստակ է, որ մեր  երկրում պետք է վերականգնվի օրինականությունը բոլոր ոլորտներում, որից հետո նոր երկիրը կարող է ուշքի գալ, որովհետեւ այդ օրինականությունն իր հետեւից բերելու է նրան, որ այն գումարները, որից սնվում էին կրիմինալը եւ կոռուպցիան, այդ գումարները պիտի գան պետական բյուջե: Նաեւ  այդ է պատճառը, որ առաջին կիսամյակի արդյունքներով մենք ունենք բավականին մեծ պրոֆիցիտ (եկամուտների գերազանցում՝ ծախսերի նկատմամբ- Հ. Ջ. ): Հենց սա այդ գործողությունների արդյունքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031