Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնաթան Լաքոթը, Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը՝ Tour de Masis 3 ավանդական հեծանվաշքերթին

Հուլիս 28,2019 16:45

Հուլիսի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, ինչպես նաև այլ հանրահայտ մարդիկ մասնակցեցին Tour de Masis 3 ավանդական հեծանվաշքերթին:

Միջոցառումը կազմակերպվել էր  Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի Ընտանեկան Մարզահամալիրի կողմից Հեծանվային Ֆեդերացիայի հետ համատեղ  AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Միջոցառման մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակից առավոտյան 09:00-ին: Հեծանվաարշավին մասնակցում էին շուրջ 100 սիրողական հեծանվորդներ: Նախքան մեկնարկը, մասնակիցները համարներով հայտագրվեցին, որպեսզի հնարավորություն ունենային մասնակցել խաղարկվող հեծանիվի վիճակահանութանը: Հեծանվորդներին ուղեկցում էին ոստիկանական մեքենաներ, շտապօգնության երկու մեքենա: Հեծանվաշքերթի վերջին կանգառը Ֆրանկոֆոնիայի զբոսայգին էր, որտեղ անցկացվեց GT հեծանիվի խաղարկություն:

Հեծանվային ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը շնորհակալագիր հանձնեց Մասիսի զարգացման հիմնադրամին` նախագծի աջակցության և համագործակցության համար, մասնավորապես շնորհակալություն հայտնեց Գագիկ Ադիբեկյանին` Մասիսը զարգացնելու հարցում ջանք չխնայելու համար: Նախագծի մասնակցության և հեծանվային մշակույթի տարածմանն աջակցելու համար շնորհակալիգիր ստացավ նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հիանալի բուլվարի կառուցման աշխատանքներ իրականացրած հիմնադրամին, որն իրականացրել է մի յուրահատուկ ծրագիր, որը հաճախ չես հանդիպի ՀՀ տարբեր քաղաքներում, մանավանդ, երբ խոսքը գնում է մարզերի, ոչ մեծ համայնքների մասին: Ես զարմացած եմ տեսնելով այն ամենը, ինչ այստեղ կա»,- ասաց փոխվարչապետը:

Նախագծի մասնակցության և հեծանվային մշակութային տարածմանն աջակցելու համար շնորհակալիգիր ստացավ նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

«Շատ ուրախ եմ երկրորդ անգամ այս հեծանվաշքերթին մասնակցելու համար: Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Մասիսի զարգացման հիմնադրամին և Հեծանվային ֆեդերացիային այս ամենը կազմակերպելու համար: Շատ ուրախ եմ, որ Tour de Masis 3-ը անցկացվել է Tour de France–ի հետ միասին նույն օրը: Հեծանվասպորտը միասին լինելու արվեստն է և շատ ուրախ եմ, որ Մասիսի զարգացման հիմնադրամն այդքան նվիրված է Մասիսը զարգացնելու հարցում»,- ասաց դեսպանը:

Խաղարկությունից հետո դեսպանը, փոխվարչապետն ու մյուսները միասին տոնեցին Վարդավառը:

Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով։ Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:

Հիմնադրամը ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը, որը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման, տաղանդի և ընդունակությունների բացահայտման յուրահատուկ հարթակ է: Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և  կամավորություն: Ներկայումս  կենտրոն է այցելում մինչև  18 տարեկան 120  երեխա:

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031