Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրության գերակայության ապահովման գործը միայն Սահմանադրական դատարանինը չէ»

Հուլիս 25,2019 13:00

«Առավոտի» հարցազրույցը Սահմանադրական դատարանի անդամ (1996-2014թթ.) Վալերի Պողոսյանի հետ

– Պարոն Պողոսյան, վերջին շրջանում աջ ու ձախ հայհոյում են, պախարակում ողջ դատական իշխանությունը, Դուք, որպես Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, որը շուրջ քսան տարի պաշտոնավարել է այդ պաշտոնում, ի՞նչ կարծիքի եք այդ ամենի մասին:

– Ինչպես միշտ, ձեր հարցը «բազմահարկ» է. նախ՝ ձեզ որոշ իրավաբաններ (ավելի ճիշտ՝ վայ-իրավաբաններ) կմեղադրեն անգրագիտության մեջ, որ չեք տարբերում դատարանի անդամին դատավորից (չէ-չէ մի՝ դատավոր): Երկրորդ, ոչ թե քսան, այլ ընդամենը 18 տարի եւ երրորդ, արդեն ես եմ ձեզ մեղադրում, որ ինձ համարում եք նախկին: Ես այսօր էլ Սահմանադրական դատարանի անդամ եմ 1996-2014 թթ. եւ այդպես էլ կլինեմ նաեւ 100 տարի անց: Իսկ այժմ անցնեմ բուն հարցին: Տպավորությունս այն է, որ Հայաստանում դատական իշխանություն չի եղել եւ չկա, բայց եղել է եւ կա դատական համակարգ: Եվ միաժամանակ ավելացնեմ, որ թեեւ Սահմանադրական դատարանը այդ համակարգի բաղկացուցիչ մասն է կազմել, բայց ես չէի ուզենա, որ ինչպես ասում են, դրանց բոլորին նույն արշինով չափեն, թեկուզ այն պատճառով, որ Սահմանադրական դատարանը իրավունքի դատարան է, այլ ոչ սովորական դատարան: Մեր դատական համակարգը եռաստիճան է, եւ երբեք Սահմանադրական դատարանը չի եղել չորրորդ ատյան եւ իր գործառույթներով էապես տարբերվում է մյուսներից եւ, իմ կարծիքով, իր թերություններով (ավելացնեմ նաեւ՝ բազմաթիվ եւ բազմապիսի) հանդերձ, գործող Սահմանադրության եւ օրենսդրության ընձեռած սահմաններում, այնուամենայնիվ, հիմնականում կատարել է իր առաքելությունը: Ինչ վերաբերում է «աջ ու ձախին», մանավանդ «ձախին», ապա դրա ակունքները պետք է փնտրել այլ՝ քաղաքական ոլորտում, որը մեզանում երբեք չի եղել բարոյական: Թեեւ իրավաբան չեմ, բայց կարծում եմ՝ իբրեւ իրավաբաններ հանդես եկող անձինք երբեմն ցուցաբերում են այնպիսի մարտնչող տգիտություն, որ չգիտեմ ինչպես որակել:

– Պ-ն Պողոսյան, Սահմանադրական դատարանի առաքելությանը դեռ կանդրադառնանք, բայց այժմ ուզում եմ պատասխանեք մի հարցի, որքան տեղյակ եմ, Դուք միշտ հպարտացել եք, որ երկար տարիներ աշխատել եք Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, Սահմանադրական դատարանում Ձեր կատարած աշխատանքով հպարտանո՞ւմ եք:

-Այո՛, միշտ հպարտ եմ եղել, այսօր էլ շարունակում եմ պարծենալ Հանրագիտարանում ավելի քան 20 տարվա իմ աշխատանքով: Ես ղեկավարել եմ փիլիսոփայության եւ իրավունքի խմբագրությունը եւ չնայած մարքս-լենինյան գաղափարախոսության տոտալ ճնշմանը, կարողացել ենք, իհարկե, շնորհիվ մի խումբ չափազանց գիտուն, պրոֆեսիոնալ մասնագետների, ընթերցողին մատուցել բարձրորակ հանրագիտական հոդվածներ, որոնցից շատերը այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը եւ համապատասխանում են գիտական լավագույն չափանիշներին: Եվ ինձ համար շատ ուսուցողական մի փաստի մասին: Հոդվածներից մեկում մեջբերում էր կատարված մի հակասովետական համարվող տրամաբան-փիլիսոփա հեղինակից (Զինովեւ), որոշեցի այդ հատվածը թողնել հոդվածում, ինձ հետաքրքիր էր՝ «Գլավլիտ» կոչվածը այդ մեջբերումը կհանե՞ր, թե՞ ոչ: Եվ հուրախություն ինձ, «Գլավլիտը» ձեռք չէր տվել այդ հատվածին եւ Հանրագիտարանի այդ հատորը այդպես էլ լույս ընծայվեց: Այդ պահից սկսած ես եւ իմ ընկերները հասկացանք, որ ամենագլխավոր գրաքննիչը մենք ինքներս ենք եւ, եթե չունենք ներքին անկախություն, ապա ամբողջությամբ վերածվում ենք ստրկամիտ վախեցածների ու սկսում ենք մեղադրել միայն ուրիշներին, բայց ոչ երբեք ինքներս մեզ: Բացի այդ, հանրագիտարանական տարիներին սովորել ենք հայերեն գրել, մտքերը շարադրել հստակ, հնարավորինս կարճ, առանց ավելորդաբանությունների, յուրաքանչյուր հասկացություն լուսաբանել ինչպես այլ մասնագիտական հասկացությունների, այնպես էլ ամբողջ Հանրագիտարանի համատեքստում (այնպես, ինչպես սահմանադրական դրույթները կարող են պարզաբանվել, բացատրվել միայն ողջ Սահմանադրության համատեքստում):

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանում իմ աշխատանքին, ապա ամենեւին չեմ ամաչում իմ աշխատանքի համար, միշտ աշխատել եմ իմ հնարավորությունների սահմաններում նպաստել եւ հնարավորինս օգտակար լինել, իմ պահվածքով չարատավորել Սահմանադրական դատարանի անդամի վեհ կոչումը: Որքանով է ինձ հաջողվել, թող դատեն ուրիշները: Ամբողջ ցավն այն է, որ այս անիմաստ աղմուկը հրահրողները չեն հասկանում, որ կպչում են նախ եւ առաջ իմ արժանապատվությանը. ստացվում է, որ մոտ քսան տարվա իմ աշխատանքը ծառայեցրել եմ իշխանությանը: Կներեք, բայց ես դրա հետ համաձայնել չեմ կարող: Ես հուսով եմ, որ երբեւէ իմ զավակներն ու թոռները չեն ամաչի իմ պատճառով: Այդ իրենք թող հիշեն ու վախենան իրենց ոչ վաղ անցյալում կատարած քայլերի համար:

-Պ-ն Պողոսյան, ի՞նչ կասեք «դատարանի անդամ» եւ «դատավոր» հասկացությունների վերաբերյալ:

-Անկեղծ ասած, այդ հարցը այնքան շինծու է, այնքան անլուրջ, որ չէի ուզենա անդրադառնալ դրան, մանավանդ արդեն թեթեւակի այդ մասին խոսել եմ (տե՛ս «Սահմանադրությունից վեր-2», «Առավոտ» 7.07.2019թ.): Ավելացնեմ միայն հարցով. ինչպե՞ս կանվանեք այն մարդուն, որը մասնակցում է դատական նիստին, իրականացնում է արդարադատություն, ընդունում դատական որոշումներ: Ի դեպ, ասեմ, որ այդ երկու հասկացությունների տարանջատումը պատահական չէ, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, Սահմանադրական դատարանը իրավունքի դատարան է եւ էապես տարբերվում է սովորական դատարաններից, ինչի պատճառով էլ, ինչպես շատ երկրներում, մեր Սահմանադրությամբ անվանվեց Սահմանադրական դատարանի անդամ: Բայց միեւնույն է, ինչպես էլ որ անվանենք, նրանք իրականացնում են սահմանադրական արդարադատություն, ընդունում են դատական որոշումներ:

Ի դեպ, նշեմ նաեւ, որ 1995-ի Սահմանադրությամբ (հոդված, կետ 95) դատավորին շնորհվում է դատավորի որակավորման դաս, իսկ 1998-ին ՍԴ-ի անդամներին շնորհվել են դատավորի բարձրագույն որակավորման դաս:

– Պ-ն Պողոսյան, Դուք իրավաբան չեք, ինչպե՞ս հայտնվեցիք Սահմանադրական դատարանում:

– Օրենքով սահմանված կարգով: Իրավաբանական կրթություն ունենալը պարտադիր չէր, սահմանված էին այլ չափանիշներ, իհարկե, նաեւ հաշվի առնելով իմ ֆիզիկոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու լինելը, հանրագիտարանային աշխատանքը եւ պատգամավորական գործունեությունը (եղել եմ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա եւ քարտուղար), ինչպես նաեւ մի շարք երկրների փորձը: Եվ այդպես Սահմանադրական դատարանի հիմնադիր անդամներից երկուսը իրավաբան չէին, մեկ տարի անց Սահմանադրական դատարանի անդամ դարձավ նաեւ Ռ. Պապայանը, որը չլինելով իրավաբան, հրատարակեց մի չափազանց ուշագրավ հետազոտություն՝ «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները», որը միջազգային լայն ճանաչման արժանացավ առաջին հերթին հենց իրավաբանների շրջանակներում:
Այստեղ ավելացնեմ, որ Սահմանադրական դատարանում աշխատանքի տարիներին համոզվեցի, որ Սահմանադրական դատարանի աշխատանքի արդյունավետությունը էապես կբարձրանա, նաեւ շնորհիվ ոչ իրավաբանների աշխատանքի: Սովորաբար այդ մասին չեմ խոսում, որովհետեւ շատերը կկարծեն, ուզում եմ կեղծ փաստարկներով հիմնավորել իմ Սահմանադրական դատարանի անդամ լինելը: Բայց քանի որ հարցը հնչել է, ցանկանում եմ նշել, որ յուրաքանչյուր Սահմանադրություն նախ եւ առաջ փիլիսոփայական, աշխարհայացքային եւ գաղափարախոսական է, որովհետեւ սահմանադրական բոլոր սկզբունքները հենց փիլիսոփայական սկզբունքներ են, դրանք հիմնականում առաջադրել, մշակել, զարգացրել են Լուսավորականության դարաշրջանի փիլիսոփաներն ու մյուս մեծ մտածողները, որոնց թվում, իհարկե, եղել են նաեւ մի քանի իրավաբան: Այլ բան է, որ այդ փիլիսոփայական սկզբունքները, դառնալով սահմանադրական, ստանում են նաեւ արդեն իրավաբանական իմաստ: Երկրորդ՝ յուրաքանչյուր Սահմանադրություն նաեւ քաղաքական փաստաթուղթ է, որովհետեւ քաղաքական գործիչներն են սահմանադրական սկզբունքներին տվել քաղաքական կարեւորություն եւ դարձրել սահմանադրություն եւ քաղաքական ուժերի պատվերով է, որ իրավաբանները ձեռնամուխ են եղել Սահմանադրության շարադրմանը: Երրորդ՝ պահանջվում է, որ յուրաքանչյուր Սահմանադրություն համապատասխանի տվյալ ժողովրդի հոգեկերտվածքին, եւ ովքեր դա պետք է կատարեն, եթե ոչ փիլիսոփան, ազգաբանը, մշակութաբանը, սոցիոլոգը: Իզուր չէ, որ գերմանացի հայտնի սահմանադրագետ, պրոֆեսոր Գ. Տոյբները գրել է. «Սահմանադրությունը շատ լուրջ գործ է այն իրավաբաններին վստահելու համար» (այստեղ ավելացնեմ՝ մանավանդ մեր վայ- իրավաբաններին):

– Պ-ն Պողոսյան, Դուք էլ ունեք մարդու իրավունքներին, սահմանադրագիտությանը նվիրված բազմաթիվ գրքեր ու հոդվածներ:

– Թող այդ մասին խոսեն ուրիշները: Եթե խոսեմ, ապա նախ պետք է անդրադառնալ Գ. Հարությունյանի բազմաթիվ մենագրություններին ու հոդվածներին, մասնավորապես նրա «Սահմանադրական մշակույթ» հիմնարար մենագրությանը:

– Այժմ անդրադառնանք Սահմանադրական դատարանի առաքելությանը: Ո՞րն է այդ առաքելությունը եւ ի՞նչ է կատարել Սահմանադրական դատարանը այդ առումով:

– Այդ մասին կարելի է երկար խոսել, բայց առայժմ ներկայացնեմ միայն մի քանի նկատառում. առաջին՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, երկրորդ, օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը, երրորդ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը: Կարճ ասած, ցանկանում եմ ընդգծել, նպաստել իրավական պետության ստեղծմանը: Այս սկզբունքներով էլ Սահմանադրական դատարանը իր որոշումներում մշտապես ուղղորդվել է եւ քիչ բան չի կատարել: Մյուս կողմից՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ասենք Սահմանադրության գերակայության ապահովման գործը միայն Սահմանադրական դատարանինը չէ: Այն վերապահված է բոլոր պետական մարմիններին, առաջին հերթին Ազգային ժողովին, կառավարությանը, բոլոր դատարաններին եւ իհարկե՝ Հանրապետության նախագահին: Չմոռանանք նաեւ ԶԼՄ-ների դերը: Բայց, չգիտես ինչու, այդ բոլոր թվարկածս մարմինները քաշվել են մի կողմ, մեղմ ասած, չկատարելով իրենց սահմանադրական պարտավորությունը, հրապարակը զիջել են Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն էլ կատարել է այնքան, որքան կարողացել է: Կարող եմ փաստել, որ եթե այսօր շատերը օգտագործում են «իրավունքի գերակայություն» «օրենքի իշխանության» փոխարեն, ապա դա եղել է շնորհիվ Սահմանադրական դատարանի, թեեւ այսօր էլ շատերը, իմ համոզմամբ, չեն հասկանում դրա կարեւորությունը: Այդ մասին են վկայում դատական որոշումները, մեր ողջ պետական ապարատի անձնակազմի (չինովնիկության) գործունությունը: Բոլորը խոսում են մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց երբ քաղաքացին դիմում է իր խախտված իրավունքը վերականգնելու համար, միանգամից դիմում են օրենքին, իբր դա օրենքով է արվել: Բայց եղբայր, եթե անգամ օրենքով է արվել, չէ՞ որ դրանով խախտված իրավունքը չվերականգնվեց: Բայց այդ հանգամանքը ոչ մի չինովնիկի, անգամ բարձրագույններին չի հետաքրքրում: Դե քաղաքացի, ընկիր դռնեդուռ, ծախսեր արա, վերջն էլ պարզ չի՝ կհաջողվի՞, թե՞ ոչ: Ի՞նչ է մնում քաղաքացուն, դիմել ՄԻԵԴ, այն էլ հարցի լուծումը կիրականանա լավագույն դեպքում շատ-շատ տարիներ անց: Բայց կա հարցի լուծման կարճ ճանապարհ՝ կաշառք: Եվ այդ մասին գիտեն բոլոր պատասխանատու անձինք եւ ոչինչ չեն ձեռնարկում, ինչն էլ ստիպում է ենթադրել, որ այդ կաշառքից իրենք բաժին ունեն:

Հաջորդը, ՍԴ-ի որոշումներով հակասահմանադրական են ճանաչվել բազմաթիվ օրենքների հարյուրավոր դրույթներ եւ միաժամանակ այդ որոշումներում արտահայտվել են հազարավոր իրավական դիրքորոշումներ: Բացի այդ, հարյուրավոր դրույթներ, որոնք Սահմանադրական դատարանը համարել է, որ համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն այդ դրույթները պետք է կիրառվեն Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում: Իսկ դա վկայում է այն մասին, որ մասնավորապես, դատարանները այդ դրույթները մեկնաբանել են ոչ ճիշտ: Անգամ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը պարզապես որոշել է, որ այս կամ այն դրույթը ուղղակի համապատասխանում է Սահմանադրությանը, միեւնույն է՝ իր որոշումը հիմնավորելու համար արտահայտել է որոշակի իրավական դիրքորոշումներ, որոնք անշուշտ նպաստել են օրենքի այդ դրույթի ճիշտ կիրարկմանը:

Բերեմ հասարակ մի օրինակ, Սահմանադրական դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Վճռաբեկ դատարանին, որ քաղաքացու դիմումը մերժելիս տա պատճառաբանված որոշում: Հիմա ձեզ հարց եմ տալիս, Սահմանադրական դատարանի այս բոլոր որոշումներով քանի՞ մարդ է կարողացել վերականգնել իր խախտված իրավունքը: Համոզված եմ, որ դրանց թիվը չափազանց մեծ է եւ չափվում է ոչ թե հազարներով, այլ տասնյակ հազարներով, եթե ոչ ավելին: Կարծում եմ՝ նաեւ պարզ է, որ Սահմանադրական դատարանի որոշումները մեծապես նպաստել են ողջ օրենսդրության բարելավմանը: Ավելին, թե բազմաթիվ պատգամավորներ, թե՛ դատավարությունների մասնակիցներ, թե՛ քաղաքական գործիչներ, ամենուր եւ այսօր էլ վկայակոչում են Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները որպես իրենց թեզը հիմնավորող փաստարկներ:

Նշեմ նաեւ միջազգային պայմանագրերի մասին, որոնք վավերացվելուց առաջ անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի որոշումը: Երբ դեռեւս 1996 թվականին Սահմանադրական դատարանը քննում էր առաջին պայմանագրերը, պարզվեց, որ դրանք կազմված են ոչ պատշաճ մակարդակով՝ անտեսված են սահմանադրական դրույթները: Սակայն շնորհիվ Սահմանադրական դատարանի ջանքերի, դրանց մակարդակը բարեբախտաբար աստիճանաբար բարելավվեց, որում անուրանալի է Սահմանադրական դատարանի կատարած աշխատանքը, բայց ինչին անտեղյակ է հանրությունը: Մանավանդ պայմանագրի տեքստերը պատրաստողները այդ մասին չեն բարձրաձայնում:

Իր ավելի քան քսանամյա գործունեության տարիներին Սահմանադրական դատարանը ձեռք է բերել միջազգային բարձր վարկ, եւ դա ոչ միայն, ինչպես ասում են՝ սիրուն աչքերի համար, այլ շնորհիվ իր որոշումների: Այնպես, ինչպես Սահմանադրական դատարանն է ուսումնասիրում այլ Սահմանադրական դատարանների, ՄԻԵԴ-ի ընդունած որոշումները, մոտեցումները, լուծումները, այնպես էլ մյուս երկրների դատարաններն են ուսումնասիրում մեր որոշումները: Եվ փառք Աստծո, կարող եմ համոզված պնդել, որ Սահմանադրական դատարանների որոշումները ոչնչով չեն զիջում: Եվ նաեւ հպարտությամբ կարող եմ ասել, որ ամբողջ ետխորհրդային եւ ետսոցիալիստական երկրների շարքում բարձրագույն աստիճանում են գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները: Բացի այդ, Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր տարի Երեւանում կազմակերպել է միջազգային գիտաժողովներ՝ նվիրված արդի իրավագիտության ամենատարբեր տեսական ու գործնական հիմնախնդիրներին, որին մասնակցել են հարյուրավոր սահմանադրագետներ, իրավաբաններ, դատավորներ բազմաթիվ երկրներից: Այստեղ չեմ կարող չնշել Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի անուրանալի, հսկայական կազմակերպական ջանքերը:
Հիմա, խնդրում եմ, դուք ասեք, թե ինչով է պայմանավորված Սահմանադրական դատարանի շուրջ, ոչնչից ստեղծված աղմուկ-աղաղակը:

– Պարոն Պողոսյան, Ձեր նշած փաստարկները բավական համոզիչ են, սակայն Դուք ոչինչ չասացիք ընտրական վեճերի մասին: Չէ՞ որ Սահմանադրական դատարանի վերաբերմամբ կարծիք ստեղծելու հարցում թիրախավորվում են հատկապես՝ այդ ընտրական վեճերը:

– Ցավոտ հարց եք տալիս: Չգիտեմ այդ աղմուկ-աղաղակների հեղինակներին ինչում մեղադրել. չիմացության, վատ իրավաբան լինելու, քաղաքական խաղերին մասնակցելու, հեղափոխական երեւալու, թե՞ ինչ: Ընդհանուր տպավորությունս այն է, որ առկա է տարրական անբարո վարքը, ինչը սովորաբար հատուկ է շատ քաղաքական գործիչների:

Առաջին հանգամանքն այն է, որ ընտրությունների մասին խոսացողների գերակշիռ մասը, համոզված եմ, երբեք չի կարդացել Սահմանադրական դատարանի որեւէ որոշում, բացի եզրափակիչ մասից: Չէ՞ որ որեւէ որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հանգամանորեն ներկայացնել այն փաստարկները, որոնց հիման վրա էլ կայացվում է որոշումը, չէ՞ որ այդ որոշման մեջ տրված են դիմումատուի բոլոր հարցադրումների պատասխանները (փաստարկված եւ հիմնավորված), նոր միայն այդ ամենի հիման վրա էլ կատարվում է եզրակացություն: Երբեւէ որեւէ մեկը Սահմանադրական դատարանին մեղադրե՞լ է անտրամաբանական եզրակացության համար: Ես այդպիսի որեւէ դեպք չեմ հիշում, պարզապես այդպիսիք չեն եղել: Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասը որեւէ մեկը չի կարդացել, կամ եթե կարդացել է՝ չի հասկացել, կամ չի ուզեցել հասկանալ: Եթե հասկանային, ապա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ կուսակցությունները եւ պատգամավորության թեկնածուները իրենք իրենց հարց պետք է տային եւ հասկանային առաջին հերթին իրենց թերացումները, բացատրություն տային, թե ինչու ընտրությունների ժամանակ իրենց ներկայացուցիչները, օրինակ, վստահված անձինք, չեն կատարել կամ չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները, չեն օգտվել իրենց օրինական իրավունքներից, չեն բերել ոչ մի բողոք: Սրանք բոլորը վարվել են թույլ մարդկանց հատուկ վարքագծով՝ իրենք շատ լավն են, իսկ այ մնացած բոլորը սրիկաներ են, պատեհապաշտներ, անիրավներ: Այդ ինչո՞ւ ընտրություններում պարտվածները միայն մի փաստարկ ունեն. ընտրությունները կեղծված են, թե չէ իրենք կունենային տասն անգամ ավելի շատ քվե, իսկ իրենց թերացումների մասին ոչ մի ծպտուն: Բայց չէ՞ որ այդ քաղաքական ուժերը պետք է կարողանան հաղթահարել այդ խութերը, հակառակ պարագայում պետք է այլեւս չմասնակցեն քաղաքական պայքարին: Ի՞նչ է, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում ընտրակեղծիքներ չե՞ն եղել: Եղել են, այն էլ ոչ մերից պակաս, եթե ոչ ավելի, բայց այդ երկրներում քաղաքական պայքարի արդյունքում կարողացել են հաղթահարել այդ դժվարությունները, պայքարել իրենց քաղաքական իրավունքների համար եւ, վերջապես, հաջողել են: Արդեն մի անգամ անդրադարձել եմ մեր կուսակցություններին եւ արձանագրել, որ Հայաստանում բառի բուն իմաստով կուսակցություններ գոյություն չունեն, դրանք բոլորը գրպանային են (տես՝ «Ինչո՞ւ չենք ունենում ընդդիմություն», «Առավոտ» 9.11.2018թ.), իսկ եթե չկա նորմալ կուսակցություն, չի կարող լինել բնականոն ընտրություն:

Մյուս հարցը: Ձեր կարծիքով, ինչո՞վ բացատրել, որ շուրջ 2 տասնամյակի ընթացքում երբեւէ Սահմանադրական դատարանին չեն դիմել Ընտրական օրենսգրքի որեւէ դրույթի սահմանադրականության հարցով: Ինչո՞վ բացատրել, որ մեր խորհրդարանական ընդդիմությունները, չնչին բացառություններով, չեն կարողանում դիմել Սահմանադրական դատարան օրենքների սահմանադրականության հարցով (պատգամավորների մեկ երրորդը, 2005 թ. հետո մեկ հինգերորդը): Որեւէ պատգամավոր, թե՛ նախկին, թե՛ նորօրյա, իշխանական, թե ընդդիմադիր, կարող է բացատրել, թե ինչու չի ստորագրում Սահմանադրական դատարան ուղղված այդպիսի դիմում: Մի՞թե իրեն հետաքրքիր չէ, թե այդ դրույթը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ: Եթե անգամ իրեն չի հետաքրքրում, չէ՞ որ դա միշտ հետաքրքրում է իրեն ընտրողին: Այդ ինչո՞ւ 2005 թվականից հետո, անհատական դիմումների հիման վրա այդքան դրույթներ ճանաչվեցին հակասահմանադրական:

Նախ՝ Սահմանադրական դատարանին վարկաբեկողներին ուզում եմ հիշեցնել, որ Սահմանադրական դատարանը գործում է միայն ու միայն օրենքների շրջանակներում: Ինչ վերաբերում է ընտրական վեճերին, ապա այդ դեպքում եւս գործում է օրենքների ընձեռած հնարավորությունների շրջանակներում: Ընտրական վեճի պարագայում Սահմանադրությանը, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին ավելանում է Ընտրական օրենսգիրքը: Ըստ վերջինիս՝ համապետական ընտրությունների ժամանակ կատարված բոլոր ընտրախախտումների, ապօրինությունների դեպքում ընտրական հանձնաժողովների անդամները, վստահված անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, դիտորդները եւ այլն (այլ կերպ ասած՝ մի հսկայական բանակ), իրենց բողոքները, դժգոհությունները պետք է ներկայացնեն՝ ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողով, դատախազություն, ոստիկանություն, առաջին ատյանի դատարան, Վճռաբեկ դատարան:

Բայց չէ՞ որ թվարկված բոլոր մարմինները գտնվել են գործադիր իշխանության կրնկի տակ: Դրան հավելած՝ ո՞վ է Ընտրական օրենսգրքի կնքահայրը, եթե ոչ այդ նույն գործադիր եւ օրենսդիր իշխանությունները, որ գլխավորել են քաջածանոթ Հանրապետության նախագահները:

Այսպիսի պայմաններում՝ ստեղծված քաղաքական անառողջ մթնոլորտում, առանց իրավական ճանապարհով ձեռք բերված որեւէ իրավական ակտի, Սահմանադրական դատարանը ի՞նչ որոշում կարող է ընդունել:

Չնայած այս հանգամանքին, այնուամենայնիվ, ՍԴ-ն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է եւ՛ այդ մարմինների, եւ՛ օրենքի թերացումներին:

Այսինքն՝ իրողությունն այն է, որ բոլոր այն նետերը, որոնք ուղղված են Սահմանադրական դատարանին, անհրաժեշտ է ուղարկել ճիշտ թիրախին:

Ես կարող եմ շարունակել, այլ հիմնավորումներ եւս բերել Սահմանադրական դատարանի կատարած դրական աշխատանքը ցույց տալու համար, չհաշված այն փաստարկները, որոնք կվկայակոչեն իմ գործընկերները, եթե նրանց դիմեք: Բայց ամենահամոզիչ ապացույցն այն է, երբ անձամբ ինձ դիմել են բազմաթիվ քաղաքացիներ հետեւյալ հարցով՝ «չի՞ լինի, որ առաջին ատյանի դատարանից հետո բողոքը ներկայացնենք Սահմանադրական դատարան»: Այսինքն՝ այն թեզը, որ Սահմանադրական դատարանը չի վայելում ժողովրդի վստահությունը, շինծու է: Այս ողջ պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ երբեւէ այն կարծիքին չեմ եղել, որ Սահմանադրական դատարանի աշխատանքը եղել է իդեալական, առանց թերացումների ու թերությունների: Քավ լիցի, անձամբ ես, բազմաթիվ անգամ հանգել եմ այն եզրակացությանը, որ Սահմանադրական դատարանի այս կամ այն որոշումը կարելի էր այլ կերպ հիմնավորել, անգամ հակառակ որոշումը ընդունել, կամ…… եւ այլն:

Այս առումով բերեմ մի տիպական օրինակ: Սահմանադրական դատարանը քննում էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ՀԿ նախագահ Ա. Սաքունցի դիմումը, որը բողոքարկում էր Վանաձոր համայնքի ավագանու որոշումը: Այդ բողոքը, օրենքին համապատասխան, մեր դատական ատյանները չէին ընդունել քննության: Սահմանադրական դատարանը այդ առնչությամբ ընդունեց համապատասխան որոշում (2010.07.09, ՍԴՈ-906), ըստ որի՝ ՀԿ-ները իրավունք ունեն դատարանում բողոք ներկայացնել ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումների դեմ: Այս որոշումը, բնականաբար, գոհացրեց շատերին՝ եւ՛ դիմողին, եւ՛ բոլոր համայնքների անդամներին, եւ՛ մյուս ՀԿ-ներին: Իհարկե, հավանաբար կային նաեւ դժգոհներ՝ համայնքների ղեկավարները եւ ավագանիների շատ անդամներ եւ նրանց հովանավորողները, որոնք համայնքային սեփականության յուրացման հարցերով շահագրգռված էին, ինչպես նաեւ դատարանները, որոնց ծանրաբեռնվածությունը կաճեր եւ այլն: Կարծում եմ, ընդհանուր առմամբ ճիշտ եւ լավ որոշում էր: Սակայն, այդ հարցին հետագայում անընդհատ վերադառնում էի, որովհետեւ գործի քննության ընթացքում ծանոթանալով եւ վերլուծելով այդ հարցին առնչվող ողջ օրենսդրությունը՝ Սահմանադրությամբ հանդերձ, միջազգային փորձին եւ այլն, հանգեցի այն եզրակացության, որ գործող Սահմանադրության եւ օրենսդրության պայմաններում չի կարող լինել տեղական ինքնակառավարում, քանզի համայնքի բնակիչը օտարված է հանրային (համայնքային) սեփականությունը տնօրինելուց, եւ՛ Սահմանադրությամբ, եւ՛ օրենքներով ամբողջը հանձնվում է համայնքի ղեկավարին եւ ավագանուն, որոնք էլ օրենքի սահմաններում իրականացնում են իրենց շահադիտական գործունեությունը: Այսօր այդ մասին անընդհատ խոսվում է, որովհետեւ հազարավոր հեկտարներ սեփականաշնորհվել են եւ համայնքները մնացել են ձեռնունայն: Այդ մասին շատ տարիներ անց այդ ամենը շարադրեցի մի հոդվածով («Ինքնակառավարման» կառավարումը», ՍԴ տեղեկագիր, 2015, թ. 3): Այլ կերպ ասած, ավելի ուշ հանգեցի այն եզրակացության, որ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը ոչ թե վատն է, այլ բավականին թերի է: Ասելիքս այն է, որ երբեւէ այն կարծիքին չեմ եղել, որ Սահմանադրական դատարանի աշխատանքը իդեալական եւ անթերի է եղել: Օրինակ, ինձ միշտ անհասկանալի է եղել, որ միշտ Սահմանադրական դատարանը նույնացվել է Նախագահին, կամ Սահմանադրական դատարանի նախագահը եւ Հանրապետության նախագահը հարեւաններ են, կամ երբ ՍԴ անդամի անփոփոխելիության սկզբունքը վերագրվել է նաեւ նախագահին, կամ Հանրապետության նախագահը որտեղից է իմացել, թե Սահմանադրական դատարանի անդամները ինչպես են քվեարկել:

Դժբախտաբար, Սահմանադրական դատարանի անդամը չէր կարող այդ ամենի մասին բարձրաձայնել: Բայց ես, որ այսօր պաշտոնաթող եմ, արդեն կարող եմ, բայց, ցավոք, ոչ մի անգամ այս հինգ տարվա ընթացքում այդ մասին որեւէ լրագրող, որեւէ մասնագետ հարց չի ուղղել: Նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի կարգավիճակը եւ դատավորների կարգավիճակը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, բայց որեւէ մեկը չհարցրեց. դա լա՞վ է, թե՞ վատ: Ներողություն, շատ երկարացրեցի:

– Պ-ն Պողոսյան, Ձեր պատասխանների հիման վրա մի հարց է առաջանում. Ձեր կարծիքով՝ ովքե՞ր են շահագրգռված այդ ամենում:

– Այդ գործընթացը նոր չի սկսվել: Կուսակցությունների մասին արդեն ասացի. իրենց չկայացվածությունը եւ անմակարդակ գործունեությունը ուրիշների վրա բարդելու համար: Ավելի քան երկու տասնամյակ եւ՛ խորհրդարանական, եւ՛ արտախորհրդարանական ընդդիմությունների ներկայացուցիչները Սահմանադրական դատարանը ներկայացրել են որպես ոչ միայն 4-րդ ատյան, այլ բարձրագույն ատյան, որը կարող է ուզած որոշումը կայացնել, բայց որքանով միշտ ծառայել է իշխանություններին, ընդունել է սխալ որոշումներ: Եվ դա բավական լայն տարածում է ստացել եւ արմատավորվել հասարակական գիտակցության մեջ:
Բացի այդ, Սահմանադրական դատարանի որոշումների վերաբերյալ հրապարակավ, սկսած 1998 թվականից, իր արհամարհական վերաբերմունքն է ցուցադրել Հանրապետության նախագահը (Այդ մասին տես «Ինքնախոստովանություն» հոդվածը, «Առավոտ» 17.07.2019թ.):

Սահմանադրական դատարանի որոշումների մասին բացասական վերաբերմունք են բազմիցս արտահայտել բոլոր այն փաստաբանները, որոնց դիմումները չեն բավարարվել եւ կլիենտներին չկորցնելու մոլուցքով տարված միշտ մեղադրել են դատարանին, որը կաշառված է, ծառայում է իշխանություններին, այդ պատճառով էլ մերժել են իրենց «փայլուն ներկայացված» դիմումները: Նույն կերպ են վարվում նաեւ ՄԻԵԴ դիմող փաստաբանները, բայց մի էական տարբերությամբ՝ որքանով ՄԻԵԴ-ին չեն կարող մեղադրել անօրինականության մեջ, սկսում են մեղադրել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացնող դատավորին, գտնելով, որ այդ նրա ջանքերով են իրենք անհաջողության մատնվել: Չէ՞ որ իրենք հիանալի իրավագետ են, փայլուն փաստաբան, ուրեմն միայն ուրիշները: Այդ բոլոր փաստաբանները, չգիտես ինչու, «մոռանում» են, որ իրենց դիմում-հայտերը ողողված են այդ ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով: Եվ այսօր Սահմանադրական դատարանին մեղադրում են ժողովրդի վստահությունը չունենալու մեջ: Ուզում եմ հորդորել բոլորին. հեռու փախեք բոլոր գլուխգովան փաստաբաններից եւ առավել եւս՝ քաղաքական գործիչներից, դրանց բոլորին ուղարկեք գրողի ծոցը: Դրանք բոլորը, ինչպես ասում էր Վլ. Նազարյանը, ղեկավարվում են «խելագարության կանխավարկածով»:

Օրենսդրական խութերին նույնպես անդրադարձա, որոնցով իշխող քաղաքական ուժերը քողարկել են իրենց անիրավությունները՝ իրենց քաղաքական իշխանությունը հարատեւ դարձնելու համար: Շատ հարցերում այդ ամենին նպաստել է հենց Սահմանադրությունը, որը բարելավելու, բարեփոխելու կեղծ պատրվակով փոփոխություններ իրականացվեցին, որոնք տվեցին հակառակ արդյունք: 2015 թվականի Սահմանադրությամբ, փաստորեն, Սահմանադրական դատարանի կարգավիճակը էլ ավելի վատթարացավ, մասնավորապես հրաժարվեցին դատավորի անփոփոխելիության սկզբունքից, փաստորեն վերացվեց նրանց անձեռնմխելիությունը, սահմանվեց կարգապահական վարույթ եւ այլն: Այսինքն՝ խաթարվեցին դատարանի եւ դատավորի անկախության կարեւորագույն չափանիշներից մի քանիսը:

Հաջորդ խումբը, որ ակտիվորեն վատաբանել են Սահմանադրական դատարանին՝ դատական համակարգն է՝ Վճռաբեկ դատարանի գլխավորությամբ: Շատ դատավորներ Սահմանադրական դատարանի որոշումները համարել են «խուճուճ», անհասկանալի, երբեմն սխալ եւ որ ամենակարեւորն է՝ չեն կատարել Սահմանադրական դատարանի որոշումները: Կարդացեք Սահմանադրական դատարանի որոշումները, որոնցում ցույց են տրվել տարբեր դատարանների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի՝ օրենքների ոչ ճիշտ, սխալ, երբեմն անհեթեթ կիրառումները: Այն դեպում, երբ Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են առհասարակ բոլոր պետական մարմինների, այդ թվում՝ նախագահի, Ազգային ժողովի եւ առաջին հերթին դատարանների համար: Դատավորները պետք է ղեկավարվեն Սահմանադրությամբ եւ օրենքներով, բայց դատական ակտերը հեռու են այնպիսի սկզբունքներից, ինչպիսիք են Սահմանադրությունն ունի անմիջական գործողություն, մարդը բարձրագույն արժեք է եւ այլն: Այլ կերպ ասած՝ շատ դատավորներ օրենքների հիանալի գիտակ են, այնպիսի օրենսգետներ են, բայց ոչ իրավագետ: Մյուս կողմից էլ հասկանում եմ մեր դատավորների վիճակը, երբ նրանք գերծանրաբեռնված են (եվրոպական չափանիշներով՝ դատավորների քանակը ավելի քան 3 անգամ պակաս է) եւ անհնար է նրանցից պահանջել որակյալ, պատճառաբանված որոշումներ, էլ չեմ ասում մասնագիտական մակարդակը բարձրացնելու համար ինչ-որ նոր բան սովորել, գլուխ հանել Սահմանադրական դատարանի «խուճուճ» որոշումներից:

Մյուս խումբը ամենավտանգավորն է: Դրանք կեղծ հեղափոխականներ են, որոնք հեղափոխականի կեցվածք ընդունելով, պատրաստ են պաշտպանել ցանկացած «հեղափոխական» շղարշով պարուրված կոչ, առանց տարրական պատկերացում ունենալու իրական երեւույթների մասին: Դրանց նպատակը մեկն է՝ լինել հեղափոխական, դա ճանապարհ է հարթում կարիերայի հարցում:

Չերկարացնեմ, առանց այն էլ շատ խոսեցի: Եթե այս ամենը ամփոփենք, կարող ենք մի եզրակացության հանգել. այս ամենի հիմքում ընկած է միայն մի պատճառ՝ Հայաստանում շատ երկար տարիներ ստեղծվել եւ բավականին խորացել է անձնիշխանությունը, որի պայմաններում երբեւէ չի գործել իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը: Գործադիր իշխանության գլուխը թելադրել է ամեն ինչ եւ՛ գործադիր, եւ՛ դատական իշխանություններին եւ այդ պայմաններում չի եղել ո՛չ օրենսդիր եւ ո՛չ էլ դատական իշխանություն եւ չէր էլ կարող գոյություն ունենալ: Բոլոր այն խոսքերը, որ իբր ղեկավարվել եւ ղեկավարվում են Սահմանադրությանը համապատասխան՝ եղել են փուչ խոսքեր: Դժբախտաբար, գործող Սահմանադրությունը այսօր էլ հնարավորություն է տալիս շարժվել նույն՝ հեղափոխական տրամաբանությանը հակառակ ուղղությամբ:

Ստեղծված քաղաքական աժիոտաժի պայմաններում ամենավտանգավորն այն է, որ շատ քաղաքական ուժեր չհասկանալով ջուր են լցնում նախկին իշխանավորների ջրաղացին, եւ ակտիվորեն փորձում են մոլորության մեջ գցել ժողովրդին եւ նրանց անունից հանդես գալով՝ իրականացնել իրենց իշխանությունը:

Մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ ամենեւին իմ խնդիրը չէ գովերգել առ Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը պետք է եւ կարող է պատասխանել բոլոր հարցերին միայն իր որոշումներով: Պարզապես անհրաժեշտ է, որպեսզի պետական բոլոր մարմինները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը, սովորեն իրենց հասցեին հնչած բոլոր ողջամիտ քննադատական խոսքերին արձագանքել եւ միաժամանակ խոստովանել եւ ներողություն խնդրել իրենց սխալների համար: Այդ դեպքում միայն ժողովուրդը կհավատա իշխանություններին եւ հույս կառաջանա, որ վաղը իսկապես առաջընթաց կլինի մեզ բոլորիս համար:

Ինչ վերաբերում է հեղափոխականներին, ուզում եմ նրանց հիշեցնել, որ հեղափոխական «վրա պրծնելը» միշտ չէ, որ արդարացված է, անհրաժեշտ է գտնել հարցերի հնարավոր իրավական լուծումները եւ միայն այն դեպքում, երբ իսկապես հնարավոր չէ, նոր միայն դիմել այլ քայլերի, հակառակ պարագայում, հեղափոխականները վերածվում են ահաբեկիչների, ինչպես դա եղավ ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ գիլիոտինի, ռուսական հեղափոխության ժամանակ՝ կարմիր տեռորի ձեւով:

«Առավոտ» օրաթերթ, 

24.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031