Լրահոս
Օրվա լրահոսը

«Հպարտ եմ, որ բացառապես հայկական արտադրության հագուստ եմ կրում, բացառությունը միայն փողկապն է»․ վարչապետը՝ գյումրեցիներին

Հուլիս 20,2019 21:48

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եկել էր Գյումրի «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին, նախ մասնակցեց տեղական արտադրանքի էքսպո- ցուցահանդեսին, հատ-հատ շրջեց տաղավարներով, որոնք 60-ից ավելի էին, զրուցեց արտադրողների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին։ Օրինակ՝ ելակի արտադրությամբ զբաղվողները Նիկոլ Փաշինյանին ասացին, որ իրենք հավակնում են դառնալ Արևելյան Եվրոպայի ելակ արտադրող ամենամեծ ընկերությունը։

Նրանք նաև ասացին, որ ելակի 90 տոկոսն արտահանում են, սակայն կա մի խնդիր․ սահմանային արտահանումը մեծ պրոբլեմներ է առաջացնում։ Առաջարկեցին Գյումրիում «կարգո» բացել ու բեռնափոխադրումն իրականացնել ինքնաթիռի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց առաջարկության փաթեթ պատրաստել, ներկայացնել կառավարություն, քանի որ սեպտեմբերին պարոն Էռնեկյանը գալու է Հայաստան, կքննարկեն այն։

Վարչապետին հաճելիորեն զարմացրեցին Գյումրիում արտադրվող կոշիկները։ Կոշիկներ ցուցադրվում էին մի քանի տաղավարներում, դրանք բավական մատչելի էր՝ մաքուր կաշվից։ Գյումրու «Տավրոս» կոշիկի ֆաբրիկայի տնօրենը Նիկոլ Փաշինյանին կոշիկներ նվիրեց։

Սիրով ընդունելով այն՝ վարչապետն ասաց, որ կգովազդի հայկական կոշիկները ու  շեշտեց, որ ինքը միայն հայկական արտադրության հագուստ է կրում, բացառությամբ փողկապի։

Այս մասին վարչապետը հպարտորեն նշեց նաև գործարար համաժողովի ժամանակ՝ իր ելույթում։

Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային դրույթներից։ Նա ասաց, որ այս փուլում կարողացել են մի կարևոր քայլ անել՝ «Հարկային օրենսգրքում» բարեփոխումներ անել։ Նա ասաց, որ տնտեսական քաղաքականության մեջ  հարկային փոփոխութունների մի քանի մակարդակ են դիտում` միկրո, միջին և մակրո բիզնեսների նկատմամբ վարվող քաղաքականություն։

«Կարևոր եմ համարում, որ մենք նոր շերտ ընդունեցինք Հայաստանի տնտեսության մեջ, ոչ թե ստեղծեցինք, այլ ձևակերպեցինք՝ այն անվանելով միկրոբիզնես և 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները, որոշակի գործունեության տեսակի ընկերությունները կազատվեն  ընդհանրապես բոլոր տեսակի հարկերից։ Սրան գումարած այդ ընկերություններում ներգրավված աշխատողների համար եկամտային հարկը կլինի ոչ թե արդեն սահմանված 23 տոկոս, այլ 5000 դրամ։ Մենք սա շատ կարևորում ենք Հայաստանի քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար։ Սա, ըստ էության, կառավարության աջակցությունն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կոչը նրանց՝ ի վերջո, որոշակի գործունեություն ծավալել։ Մենք այդ մակարդակը դիտում ենք որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք։ Ընդ որում ուզում եմ ընդգծել,  որ օրինակ՝ այսօր արդեն ինքնազբաղվածների և ընտանեկան բիզնեսի դեպքում մենք այդ շեմերը բարձրացրել ենք 24 միլիոն, այսօր արդեն նրանք այդ հնարավորությունից օգտվում են։

Հունվարի 1-ից այդ հնարավորությունից կօգտվեն նաև 24 միլիոն շրջանառությունը չգերազանցող Երևանից դուրս գտնվող առևտրային կրպակները և առևտրային գործունեություն ծավալող միկրոբիզնեսի ներկայացուցիչները։ Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր իրենց գործունեությունը չեն ծավալում առևտրային կենտրոններում»։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ այն հյուրատները, որոնք տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն կունենան, նրանք նույնպես կօգտվեն այս արտոնությունից։

«Ես ուզում եմ ընդգծել, որ մեր տնտեսական քաղաքականությունը որոշակի սոցիալական ուղղվածություն նույնպես ունի։ Ես ուզում եմ հատկապես ընդգծել, որ հունիսի 29-ից, հուլիսի 1-ից, ըստ էության, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները ազատվում են բոլոր տեսակի վճարներից, սա նշանակում է նրանք Երևան քաղաքում 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսեկան վճարումներ անելու պարտավորությունից ազատվում են։ Իհարկե, տաքսի վարելու համար նրանց անհրաժեշտ կլինի լիցենզիա ունենալ, որոշակի պայմաններ բավարարել և այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման արտոնություններ տալով՝ իրենք հույս ունեն, որ սա կլինի կառավարություն-քաղաքացի համագործակցության որոշակի չափանիշ։

Վարչապետը հույս հայտնեց, որ տաքսու վարորդներն էլ իրենց հերթին կբարձրացնեն իրենց ծառայության որակը, որովհետև, ըստ նրա, ամեն զբոսաշրջիկ, ով Հայաստանի Հանրապետությունում նստում է տաքսի, շատ կոնկրետ տպավորություն է ստանում։

Հետևաբար և, ըստ Նիկոլ Փաշինյանի, յուրաքանչյուր տաքսու վարորդ, միկրոբիզնեսով զբաղվող պարտադիր պիտի հենց այս տրամաբանությանը նայի և այնպես անի, որ Հայաստան այցելող յուրաքանչյուր օտարերկրացի շարունակի այցելել ու նույնը հորդորի իր հայրենակիցներին։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններով շատ լայն հնարավորություններ են ստեղծել տնայնագործությամբ զբաղվող անհատների համար․ նրանք նույնպես ազատվում են շրջանառության հարկից։

«Շատ կարևոր է ընդգծել, որ մենք նաև ռեստորանների հարկերը վերադարձրեցինք 2018 հուլիսի 1-ին ընդունված փոփոխությունների մակարդակի և 2019 թվականի համար տվեցինք հետադարձ ուժ, այսինքն՝ նրանք այս ընթացքում վճարած հարկերը վերահաշվարկելու հնարավորություն կունենան։ Այս բոլոր ուղղությունները, ըստ էության, ես համարում եմ, որ շատ կարևոր խթան  պետք է հանդիսանան Հայաստանում տուրիզմի զարգացմանը, որովհետև ես ուզում եմ ընդգծել հետևյալը, Կենտրոնական բանկի տվյալներով` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկները շուրջ 120 մլն դոլար ավելի են ծախսել Հայաստանում: Սա ընդգծում եմ հետևյալի համար, որ այս քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բացում ենք որոշակի տնտեսական գործունեություն վարելու հնարավորություն, որոշակի օրինական տնտեսական գործունեություն։ Եվ տնտեսական հին համակարգը, որն արմատապես, օրգանապես կապված էր կոռուպցիոն համակարգի հետ, երբ որ տարբեր շարժառիթներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մի թափի ներգրավվում էին ապօրինի գործունության մեջ, մենք այդ գործունեության ձևերին ուղիղ ձևով վերջ են տալու։ Եվ ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ կոմպրոմիս չի լինելու»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ կառավարությունը մտադիր չէ ապօրինի կոմպրոմիսների գնալ։  Նա ասաց՝ իր համար զարմանալի է, որ հնչում են ձայներ, թե ապօրինի ծառահատումների դեմ պայքարը ինչու պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա  մարդկանց հացի փողն է։

«Հազար ներողություն եմ խնդրում, հազար դրամ վերցնող երբեմնի ճանապարհային ոստիկանի 1000 դրամն էլ իր ապրուստի փողն է, յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է, կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողն ավազակությունն է: Մենք այդպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետև մենք կարծում ենք` ստեղծում ենք բավարար դաշտ, այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան, և մենք հետևողական աշխատելու ենք այս ուղղությամբ»։

Վարչապետն ասաց, որ իրենց պատկերացումները մեր երկրի ապագայի, տնտեսության կառուցվածքի մասին, ամենևին էլ միկրոբիզնեսի շուրջ չի կենտրոնացված, մեր երկրի ապագան տեսնում է արդյունաբերացման մեջ։

«Մեր երկիրը պետք է լինի  արդյունաբերական երկիր»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ասաց, որ Հայաստանը լինելու է տեխնոլոգիական երկիր,  ու իրենք վարելու են բարձր աշխատավարձի քաղաքականություն։

«Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի շուկան պետք է լինի բարձր աշխատավարձերով աչքի ընկնող, և Հայաստանի Հանրապետության աշխատողը պետք է լինի որակյալ աշխատող։ Եվ  ընդհանարապես որևէ մեկի մտքով չանցնի, որ կարելի է 80 հազար դրամանոց աշխատանք անել և 80 հազար դրամանոց աշխատատեղ ունենալ։ Եվ այդ խնդրի լուծման համար մեր ռազմավարական պատկերացումը մեր երկրի արդյունաբերացումն է։ Եվ «Հարկային օրենսգրքի» հաջորդ փուլի մշակումներով մենք պետք է լուծենք այս խնդիրը, թե ինչպես ենք կարողանում աջակցել վերամշակող արդյունաբերությանը, և ինչպես ենք կարողանում այդ առումով նպաստել արտահանում իրականացնող ոլորտներին, արտահանում իրականացնող արտադրություններին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ Հայաստանում պետք է զարգանա այն մշակույթը, որ ՀՀ քաղաքացիները, սպառողները իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողին:

«Կարող է թվալ, թե մեր շուկան փոքր է այդպիսի քաղաքականություն վարելու համար, բայց ցավոք, մեր տեղական արտադրությունը նույնպես չափազանց փոքր է, և այդ փոքր աջակցությունը կարող է ունենալ շատ վճռական նշանակություն։ Հիմա այսօր ես շատ հպարտ եմ ու ուրախ ևս մեկ անգամ հայտարարել, որ ձեր առաջ ելույթ եմ ունենում բացառապես հայկական արտադրության հագուստով և, իհարկե, ինչպես միշտ, բացառությունը միայն փողկապն է»։

Վարչապետը խոսեց նաև ներդրումային միջավայրը բարելավելու մասին, ասաց, որ  կառավարությունը պետք  է  փորձի հանդես գալ տեղական արտադրանքի հիմնական սպառողի դերում։

«Ամեն տարի կառավարությունը խոշոր գնումներ է իրականացնում, բայց ինչպես գիտեք, այդ գնումները պլանավորվում են հիմնականում մեկ տարվա կտրվածքով: Իսկ դա մեր հաշվարկներով չի կարող դառնալ գրավիչ ներդրողների համար, ուստի կայացրել ենք կարևոր որոշում: Պետական գերատեսչությունները, ձեռնարկությունները պետք է իրենց գնումները պլանավորեն 5-10 տարիների կտրվածքով: Մենք գերատեսչությունների ծախսերը պլանավորում ենք առանձին, բայց կառավարությունը պետք է կոնսոլիդացնի պետական գնումների հաշվարկը: Մեր խնդիրն է պարզել, թե առաջիկա 10 տարիների ընթացքում պետական ընկերություններն, օրինակ, որքան համակարգիչներ են գնելու, հաշվարկել ծավալը, անել հաշվարկներ, պարզել, արդյոք տասը տարվա ընթացքում մեր երկրում համակարգիչ արտադրելը կարող է պոտենցիալ ներդրողի համար տնտեսապես լինել շահավետ: Եթե պարզվի, որ դա հետաքրքիր չէ այսօրվա օրենսդրության պայմաներում, ապա պետք է իրականացնել փոփոխություններ, որպեսզի արտադրությունը կազմակերպելը լինի հետաքրքիր ներդրողների համար»։

Նա նշեց, որ արդյունքում ներդրողի հետ կկնքվի երկարաժամկետ պայմանագիր և տվյալ ապրանքի արտադրությունը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետությունում։

Վարչապետը նաև նշեց, որ տեխնոլոգիական ոլորտը տեսնում են որպես տնտեսության առաջատար ճյուղ, կարևորեց Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը։

Նշենք, որ պարոն Փաշինյանին Գյումրիից ճանապարհելիս՝ ակտիվիստներից մեկն աղավնի բաց թողեց ու «Նիկո՜լ, փրկիչ» վանկարկեց։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031