Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տղան սահման է պահում, որ աշխատավարձ ստանա, տանեմ Ծառուկյանի պարտքերը փակե՞մ»

Հունիս 27,2019 13:30

«Իմ տղան սահման է պահում, որ աշխատավարձ ստանա, տանեմ Ծառուկյանի պարտքերը փակե՞մ»

2006 թվականից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադրման օրվանից ու այդ տարի կուսակցությանն անդամագրված Մարինե Մուրադյանը վիրավորված է կուսակցության որոշ գործիչներից, բայց ո՛չ Ծառուկյանից:

Տիկին Մուրադյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ 10 տարուց ավելի լինելով այս կուսակցության անդամ, հիմա համբերության բաժակը լցվել է: Նա պատմեց, որ դեռ 2006-ին, երբ ԲՀԿ-ն նոր էր հիմնադրվել, իրեն հրավիրել էին կուսակցություն աշխատելու, ընդունել է հրավերը՝ կուսակցության Էջմիածնի տարածքային գրասենյակում որպես քարտուղար. «Այն ժամանակ մենք ձեւակերպված չենք եղել, ոչ մեկս դիմում չէինք գրել, չէինք ձեւակերպվել: Ամեն ամսվա վերջում գրասենյակի ղեկավարը գնացել է Երեւան՝ կենտրոնական գրասենյակ, այնտեղից մեր գրասենյակին հատկացվող գումարը ստացել, բերել է: Ես ԲՀԿ-ի տարածքայինի հիմնադիրներից եմ եղել: 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ մենք 4 հազարից ավելի ձայն ենք հավաքել, այն դեպքում, երբ այն ժամանակ կային գեներալ Մանվել, Շմայս, Սեյրան Սարոյան եւ Գագիկ Մելքոնյան: Բայց այդ ժամանակ մեզ ոչ աշխատավարձ տվեցին, ոչ էլ Էջմիածնի նախընտրական շտաբերի ու 5 գրասենյակների փողը, ոչ հոսանքի փողը, ոչ մի բան: Ասացին Ծառուկյանը դժգոհ է արդյունքներից, փող չենք տալիս»:

Տիկին Մուրադյանն այդքանից հետո էլ չի լքել կուսակցությունը, աշխատել է նաեւ 2017-ի ընտրությունների ժամանակ: Սակայն հիասթափվել է 2018-ի ընտրություններից հետո:

2018թ. հուլիսին Մարինեին եւ եւս մեկ-երկու հոգու կրկին հրավիրել են տարածքային գրասենյակ աշխատելու, կուսակցության տարածքայինի ղեկավարն է համոզել, այսպես վստահեցրեց տիկին Մուրադյանը:
«Ասացին հիմա օրինական է լինելու, հրամանով: Գնացի դիմում գրեցի: Ի դեպ, իրենց մոտ ընդունված կարգ է՝ ընդունման դիմումի հետ ազատման դիմումն էլ ես գրում, բայց ամիս-ամսաթիվ չի գրվում, իրենք երբ ուզում՝ դնում են ամիս-ամսաթիվը: 2018-ի հուլիսին բացվեց գրասենյակը, օրինական աշխատեցինք, բանկում հաշվեհամար ունեինք: Իսկ գրասենյակի տարածքը չէին տալիս, չէին վստահում, գիտեին, որ հնարավոր է ԲՀԿ-ն փողը չտա, սեփականատերերի մոտ ես երաշխավոր կանգնեցի, տվեցին, նոտարով ենք վերցրել»,-պատմեց տիկին Մարինեն: Նրա ներկայացմամբ՝ գրասենյակի տարածքի ամեն ամսվա արժեքը 220 հազար դրամ է եղել, իր եւ մեկ այլ աշխատակցի աշխատավարձը՝ ամսական 76 հազար դրամ, աշխատավարձը բանկով փոխանցվում էր հաշվեհամարին, գնում՝ ստանում էր. «Ուզում եմ ասել՝ Ծառուկյանը 2006-ից սկսած ոչ մի անգամ չի եկել Էջմիածին: Բայց այս 2018-ի ընտրությունների ժամանակ նորմալ աշխատեցինք, նորից անդամագրություններ էինք անում: Բայց 2018-ի նոյեմբերի եւ դեկտեմբերի 15 օրվա աշխատավարձը չենք ստացել, ու ամիս ու կես էլ գրասենյակի գումարը՝ 330 հազար դրամը չեն տվել: Ընդ որում, գրասենյակի պայմանագրում նշված է՝ տարածքը ազատելուց առաջ պետք է մեկ ամիս առաջ տեղյակ պահվի, հակառակ դեպքում մեկ ամսվա գումարն էլ պետք է վճարվի: Տեղյակ չեն պահել, ուրեմն՝ ընդհանուր 550 հազար դրամ պետք է ԲՀԿ-ն տարածքի գումար տա: Մեզ էլ դեկտեմբերի 15-ից ազատել են աշխատանքից ու տեղյակ չեն պահել»:

Մուրադյանը պնդեց, որ հիմա այդ տարածքի սեփականատերերն անընդհատ իրեն են դիմում գումարի համար, քանի որ իր երաշխավորությամբ են տարածքը տրամադրել:

«Անձամբ ես ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանին ասել եմ այս խնդրի մասին, նա ասել է՝ Մարին, ուզում ես մեզ դատի տա՞ս: Ասացի՝ առայժմ ոչ: «Մուլտի գրուպի» տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանին եմ ասել խնդրի մասին: Ոչինչ չարեց: Այս տարեսկզբին Նաիրա Զոհրաբյանին եմ դիմել, զանգել եմ, ասել եմ՝ ԲՀԿ-ի հետ կապված խնդիր կա, ուզում եմ հանդիպել: Զոհրաբյանն ասաց՝ գնում եմ Ստրասբուրգ, կգամ՝ նոր կխոսենք: Եկավ, նորից զանգեցի, Զոհրաբյանն ասաց՝ զբաղված եմ: Մեկ շաբաթ հետո նորից զանգեցի Զոհրաբյանին, ասաց՝ գիտեք ինչ, չգիտեմ ինչ անեմ, օրը 70 հոգի զանգում է, մեկն ասում է՝ կկախվեմ, մյուսն ասում է՝ ինքնասպանություն կգործեմ, ես չգիտեմ՝ ինչ անեմ: Ես ասացի նրան, որ էդ տեսակ մարդ չեմ, ուղղակի խնդիր կա, ուզում եմ պատմել, անջատեց հեռախոսը: Անմիջապես նորից զանգեցի, մինչեւ վերջ խոսեցի, խնդիրը ներկայացրեցի, վերջում մեկն ասաց՝ Զոհրաբյանի օգնականն է լսում: Ասացի՝ փոխանցեք այն ամենը, ինչ ձեզ ասացի, ու Զոհրաբյանին ասեք, որ ես չեմ ուզում կուսակցության թիկունքից հարվածել»,-պատմեց տիկին Մուրադյանը:

Հետո նա երկար սպասել է, որ որեւէ մեկը կզանգի ու մի բան կասի: Երբ երկար ժամանակ արձագանք չի եղել, որոշել է Էջմիածնից գալ ուղիղ ԲՀԿ գլխավոր գրասենյակ. «Ինձ ԲՀԿ-ում լավ են ճանաչում, Ծառուկյանն էլ է լավ ճանաչում: Գլխավոր գրասենյակում բարեգործականից մի աղջիկ մոտեցավ, պատմեցի խնդիրը: 4 անգամ ԱԺ եմ գնացել: ԱԺ-ում Ծառուկյանի օգնական Վերժինեին եմ զանգել ու ներկայացրել խնդրիը: Ասաց՝ ընթացքի մեջ է: Մի անգամ էլ ԱԺ ընդունարանում մի աղջիկ մոտեցավ ինձ, ասաց Գագիկ Ծառուկյանի օգնականն է, ամբողջ խնդիրը նորից ներկայացրել եմ, ասել եմ՝ մեծ գումար չի, միթե՞ Ծառուկյանն ուզում է դրա համար խայտառակ լինի, ամոթ է, այսքան տարի նվիրված եմ եղել, չեմ ուզում այլ միջոցների դիմեմ: 2 օր ժամանակ խնդրեց: Բայց էդպես էլ չարձագանքեցին: Օրերս նորից եմ Ազգային ժողով գնացել է, Վերժինեի հետ եմ խոսել: Ասաց՝ խնդրից տեղյակ է: Ես էլ ասացի՝ հայտարարություն եմ անելու, Ծառուկանն ասում է՝ իմ խոսքը՝ գործ է, հիմա ես եմ ասում՝ իմ խոսքը գործ է, ու մինչեւ վերջ գնալու եմ: Ասել եմ՝ ոչինչ չունեմ կորցնելու, իմ տղան սպա է, իմ տղան սահման է պահում, որ աշխատավարձ ստանա, ես տանեմ Ծառուկյանի պարտքերը փակե՞մ: Վերժինեին ասացի՝ խնդիրը հասցրեք Ծառուկյանին: Հետո նույնը քարտուղարուհուն եմ ասել, լսեց, ասաց՝ հաջողություն»:

Տիկին Մուրադյանը վստահեցրեց, որ այդ գումարի մասին խնդիրը նաեւ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին է պատմել, Իվետա Տոնոյանն էլ է տեղյակ, բայց որեւէ մեկը չի արձագանքել ու ոչինչ չի արել:

«Ես համոզված եմ՝ եթե խնդիրը հասցրած լինեին Ծառուկյանին, նա հաստատ լուծած կլիներ, սա իր համար մեծ գումար չէ: Այսքան մարդ գիտի խնդրի մասին ու չեն կարում լուծեն: Կուսակցությունում ինձ մատով էին ցույց տալիս: Այս ընթացքում ինձ այլ կուսակցություններից առաջարկել են գնալ իրենց մոտ աշխատել, մերժել եմ, ասել եմ՝ քանի կուսակցական տոմսն ինձ հետ է՝ ես չեմ դավաճանի: Այսքան հավատարիմ եմ եղել, բայց ինչպե՞ս են վարվում ինձ հետ: Իրենք են խայտառակվում, իրենք վատություն են անում ԲՀԿ-ին: Ախր 2007-ին էլ գրասենյակների ծախսը կուսակցության տարածքայինի պատասխանատուն փակեց, ԲՀԿ-ն անգամ ջրի ու հոսանքի փող չէր տվել: Հիմա նույնն են անում»,-վրդովված ասաց Մարինե Մուրադյանը: Նրա ներկայացրած խնդրի մասին պարզաբանում խնդրեցինք ԲՀԿ մամուլի խոսնակից, վերջինս ասաց, որ տեղյակ չէ, երբ կպարզի մանրամասները՝ պարզաբանում կտա:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

26.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել